ԱՐՊՀ ՌԵԿՏՈՐ ՄԱՆՈՒՇ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴԻ ԱՌԹԻՎ

19.12

2013

 Սիրելի համալսարանականներ

 Պատմության գիրկն է անցնում 2013 թվականը: Տարեմուտը հրաժեշտի ու դիմավորման ջրբաժանին ամեն անգամ հուշում է` հետադարձ հայացք նետել հեռացող տարվան ու փորձել գնահատել, թե ինչ տվեց այն մեզ, ինչ ենք թողել այնտեղ` անցյալում: Մեզանից յուրաքանչյուրը պետք է քաջ գիտակցի, որ անցնող տարում արձանագրված հաջողություններն ու ձեռքբերումները դեռևս չեն կարող գոհացնել մեզ, քանզի անելիքները բազում են, ծրագրերը` շատ: Օրվա հրամայականն է` վերափոխվել որակապես` նոր մտահղացումներով, ուսանողակենտրոն տեսլականով: Համոզված եմ, որ 2014-ին համատեղ աշխատանքով մենք նոր նվաճումների կհասնենք` սկսելով իրականացնել նպատակասլաց բարեփոխումներ` բուհի գործունեությունը ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Ուստի, եկող տարին մեզնից կպահանջի ջանքերի կենտրոնացում, ակտիվ գործունեություն, ուժերի ու կարողությունների համախմբում: Վստահ եմ, որ մենք ունենք բոլոր հնարավորությունները` անշեղորեն կատարելու մեր առջև դրված ցանկացած խնդիր: Լծվենք գործի, կարողանանք զինվել համբերությամբ` մեր համառությունը զորավիգ դարձնելով մեզ:

Սիրելի գործընկերներ, աշխարհի բոլոր ժողովուրդները նոր տարին դիմավորում են բարի հույսերով, մտահղացումներն իրականացված տեսնելու ցանկությամբ: Հետևենք ընդհանուր այս կարգին, թեթև սրտով հրաժեշտ տանք հին տարուն և բարի գալուստ մաղթենք նորին` 2014-ին: Մաղթում եմ, որ այն լինի հուսո, փոխըմբռնման, ազատ և անկախ ապրելու մեր վճռականության, Արցախի խաղաղ ու երջանիկ ապագայի կերտման տարի:

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ: Թող 2014-ը ձեր ընտանիքներին բերի երջանկություն և բարեկեցություն, ձեր սրտերը լցնի ջերմությամբ ու խինդով:

Բարին ընդ ձեզ…