Արցախի պետական համալսարան

Հաշվետու է ԱրՊՀ ուսանողական ակտիվը
Դեկտեմբերի 20-ին Արցախի պետական համալսարանի ուսանողական վարչությունը գումարեց իր ամենամյա կոնֆերանսը, որին ներկա էին համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, դասախոսներ, հրավիրվածներ: Միջոցառման նպատակն է վեր հանել ուսանողներին հուզող հրատապ հարցերը, քննարկել և գնահատական տալ ուսվարչության մեկ տարվա կատարած աշխատանքին, ինչպես նաև` նախանշել գալիք տարվա անելիքները: 
Կոնֆերանսի աշխատանքները մեկնարկեցին Արցախի մայր բուհի օրհներգով:

Ուսանողներին ողջույնի խոսք ասաց ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը: Ռեկտորի խոսքերով` ԱրՊՀ ուսանողական ակտիվն անցնող տարում որոշ աշխատանքներ իրականացրել է, սակայն դրանք բարձր գնահատել թերևս չի կարելի: Այդուհանդերձ, ինչպես ասաց մայր բուհի ղեկավարը, աշխուժությունը նկատելի էր: Նա կոչ արեց ուսանողներին լինել նախաձեռնող և էլ ավելի հետաքրքիր դարձնել ուսանողական առօրյան:
2013թ. կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ ուսվարչության նախագահ Հարութ Մնացականյանը: 
Հաշվետու ժամանակաշրջանում ԱրՊՀ ուսանողական վարչությունը կանոնակարգով սահմանված լիազորությունների շրջանակներում աշխատանքներ է ծավալել ուսանողների ինքնակառավարումը կազմակերպելու, նրանց օրինական շահերը պաշտպանելու, ներհամալսարանական կյանքն ու առօրյան ավելի բովանդակալից դարձնելու ուղղությամբ: Այդ ընթացքում ունեցել են ինչպես նշանակալի հաջողություններ, այնպես էլ թերացումներ: 
Ուսվարչության նախագահը հանգամանալից ներկայացրեց իրականացված բոլոր աշխատանքներն ու տարաբնույթ այն միջոցառումները, որոնց ակտիվ մասնակցություն են ցուցաբերել մայր բուհի ուսանողները. ինտելեկտուալ խաղեր, գիտաժողովներ, սեմինար պարապմունքներ, վարպետության դասեր, արշավներ, ինչպես նաև համահամալսարանական և պետական նշանակության մի շարք միջոցառումներ: 
Ձեռքբերումներին զուգահեռ` ուսանողները նաև խնդիրներ ունեն, որոնք հիմնականում պայմանավորված են իրենցից շատերի անտարբեր պահվածքով:
Խոսելով առկա խնդիրների մասին` զեկուցողը ցավով նշեց, որ դրանք հատկապես վերաբերում են սոցիալապես անապահով ուսանողներին: Հիմնախնդիրներ կան կապված հանրակացարանի հետ. սենյակների մի մասը վերանորոգվել է բարերարի աջակցությամբ, մյուս մասն այդպես էլ գտնվում է անմխիթար վիճակում, սակայն դրանց վարձավճարները նույնն են:
Բարձրացված այս և նման հարցերը և կոնֆերանսի ժամանակ ուսանողների կողմից արված առաջարկություններն ուսվարչությունը առաջիկայում կներկայացնի բուհի ղեկավարությանը:
Ելույթ ունեցողները բավարար գնահատեցին ուսվարչության կատարած մեկ տարվա աշխատանքը` 2014-ին այն ավելի արգասաբեր ու հետաքրքիր տեսնելու ակնկալիքով: 
Ուսվարչության 2013թ. ֆինանսական գործունեության մասին զեկուցեց վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Սյուզաննա Մեհրաբյանը:
ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանն իր խոսքում գոհունակություն հայտնեց, որ համալսարանում կան ուսանողներ, որոնց համար մայր բուհի վարկանիշն ու պատիվը բարձր են: <<Ուսանողական խորհուրդն իր էությամբ պետք է լինի ոչ թե օգնություն ցուցաբերող, այլ ուսանողների մտահղացումներն ու գաղափարներն իրականություն դարձնող, աշխատանքները համակարգող կառույց>>,- ասաց Վ. Յարամիշյանը: 
Կոնֆերանսն ընտրեց և հաստատեց վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմը (նախագահ` տնտեսաիրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Մխիթարյան):