ԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ

23.12

2013

  7777

Բարձրագույն կրթության ոլորտում ներդրված կրեդիտային համակարգում առանցքային տեղ է զբաղեցնում դասախոսների ղեկավարությամբ ուսանողների կողմից գիտական աշխատանքների կատարումը:

Դեկտեմբերի 23-ին Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված գիտական ընթերցումների նպատակն ուսանողների տեսական գիտելիքներն ու վերլուծական միտքը զարգացնելն է: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը, կառավարության անդամներ, հանրապետության սոցիալ-տնտեսական ոլորտի պատասխանատուներ:

Ողջունելով ներկաներին` բուհի ռեկտոր Մանուշ Մինասյանը կարևորեց նման միջոցառումները` նշելով, որ հետագայում ևս նման ձևաչափով կփորձեն նպաստել ինչպես ուսանողների գիտելիքների խորացմանն ու հարստացմանը, այնպես էլ գիտության մեջ նրանց կողմից արվող առաջին քայլերին:

Իր խոսքում ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Ռուզաննա Մանգասարյանը հակիրճ պարզաբանումներ տվեց ուսանողների կողմից կատարված աշխատանքների ու դրանց նպատակների մասին: Նրա կարծիքով` ԼՂՀ տնտեսությունը նույնպես բարեփոխումների նոր փուլ է ապրում: Եվ չնայած կառավարության ձեռնարկած բոլոր միջոցներին` առկա են մի շարք սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ, որոնք լուծում են պահանջում:

Արդի որոշ հիմնախնդիրների էին վերաբերում վերոնշյալ ֆակուլտետի ինը ուսանողների գիտական աշխատանքները, որոնց վերլուծական նյութի պատրաստման ընթացքն անմիջականորեն ղեկավարել է ֆինանսահաշվային և տնտեսագիտության տեսություն և կառավարում ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմը:

<<Կառավարչական որոշումների իրականացումն առևտրային բանկերում>>, <<Անշարժ գույքի շուկայի զարգացումը հիփոթեքային վարկավորմամբ>>, <<Աշխատանքի շուկայի հիմնախնդիրները ԼՂՀ-ում>>, <<Աուդիտորական գործունեության իրականացման գործընթացը ԼՂՀ-ում>>, <<ՓՄՁ ֆինանսական աջակցության հիմնախնդիրները ԼՂՀ-ում>>, <<Ժողովրդագրական արդի հիմնախնդիրները>>, <<ԼՂՀ ներդրումային ոլորտի զարգացման հիմնախնդիրները>>, <<Գովազդային գործունեության կարգավորումը ԼՂՀ զբոսաշրջության ոլորտում>>. սրանք էին այն հիմնական թեմաները, որոնց վերաբերյալ հետաքրքիր գիտական վերլուծություններ են արել տնտեսագիտության բաժնի ուսանողները:

Ինչ խոսք` ցանկացած գիտական միջոցառում մասնագիտական ամբողջական ընդգրկուն տեսք է ստանում և հաջողություն է ունենում միայն անհրաժեշտ հարցադրումների և քննարկումների արդյունքում: Այս առումով նշված երևույթների պակաս չկար:

Որոշ հիմնախնդիրների առնչությամբ իր դիտարկումներն արեց վարչապետ Արա Հարությունյանը: Խոսելով բանկերի կողմից վարկերի տրամադրման մասին` կառավարության ղեկավարն ասաց, որ շատ ծանր է կատարվում հետվերադարձի գործընթացը: <<Դեռևս մի քանի տարի առաջ, երբ բանկերը վարկեր չէին տրամադրում բնակչությանը, մարդիկ բողոքում էին: Ներկայում էլ բողոքում են, որ վարկերի պատճառով բոլորը կախվածության մեջ են բանկերից: Ներկա իրավիճակում բանկերի կողմից վարկեր տրամադրելն իր մեջ ռիսկեր է պարունակում>>,- ասաց ԼՂՀ վարչապետը:

Անդրադառնալով Արցախում հիփոթեքային վարկավորման գործընթացին` Ա.Հարությունյանը նշեց, որ 2014թ. առաջին աշխատանքային օրերին կառավարության կողմից որոշում կկայացվի հիփոթեքային վարկավորման պայմանների վերանայման ուղղությամբ: Նրա խոսքերով` առաջին հերթին կքննարկվի մի քանի տարի առաջ արտարժույթով տրամադրված վարկերի մասին հարցը. 2007-2008թթ. ԱՄՆ մեկ դոլարը տատանվում էր 310-350 դրամի սահմաններում, ինչի պատճառով շատ վարկառուներ այսօր հայտնվել են ծանր վիճակում: Բացի այդ, վարկավորման նոր պայմաններ ու արտոնություններ են նախատեսվում ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ հանրապետության շրջաններում` մասնավորպես շինարարարության համար` երկարաժամկետ, մատչելի տոկոսադրույքով:

Հնչած ելույթների վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները, ինչպես ասաց Ռ.Մանգասարյանը, ուղեցույց կդառնան հետագա գիտագործնական աշխատանքներում: