Արցախի պետական համալսարան

                    IMG 0886          IMG 0890

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հանդիպումներն Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի ուսանողների և դասախոսների հետ ավանդական բնույթ են կրում: Դեկտեմբերի 24-ին կառավարության նիստերի դահլիճում մայր բուհի ապագա տնտեսագետների հետ կայացած հանդիպումն այդ շարքից էր: Ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ԼՂՀ ազգային վիճակագրության ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը:

Ողջունելով ներկաներին` Արա Հարությունյանը նախ անդրադարձավ նախօրեին համալսարանում կազմակերպված գիտական ընթերցումներին և իր գոհունակությունը հայտնեց ուսանողների կատարած վերլուծությունների առնչությամբ` նշելով, որ այդ աշխատանքներում տեղ գտած առաջարկությունները հետագայում հաշվի կառնվեն կառավարության կողմից: Իսկ առաջիկայում վարչապետի կողմից կհայտարարվի մրցույթ` ԼՂՀ տնտեսության զարգացման վերաբերյալ գիտական թեմաներով:
Տնտեսագետների հետ հերթական հանդիպման թեման Արցախի տնտեսությունն էր. կառավարության ղեկավարն ամփոփեց 2013թ. երկրի սոցիալ-տնտեսական զարգացման տեմպերն ու արդյունքները և խոսեց 2014-ի բյուջեի նախագծի ու տնտեսական հեռանկարների մասին:
Անցնող տարվա անմենանշանակալից ձեռքբերումը, ըստ Ա.Հարությունյանի, 9 տոկոս տնտեսական աճի ապահովումն է. համախառն ներքին արդյունքը կկազմի 170 մլն դրամ: Մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ն տատանվում է 3000 ԱՄՆ դոլարի շրջանակներում, ինչը կառավարության ղեկավարը բավական լուրջ արդյունք է համարում: Այս ցուցանիշը գրեթե հավասար է Հայաստանի ՀՆԱ-ին, այն դեպքում, երբ 2008թ. կրկնակի անգամ հետ էին նրանից: Վարչապետը մի շարք օրինակներ բերեց աշխարհի զարգացած և զարգացող երկրների ՀՆԱ-ի աճի տեմպերի փոփոխություններից` շեշտելով, որ ցանկացած երկրի բարեկեցության ցուցանիշը մեկ բնակչի հաշվով համախառն ներքին արդյունքն է:
Ա.Հարությունյանի խոսքերով` 2013-ին կարողացել են կատարել հիմնական պարտավորությունները` սոցիալական և բյուջետային ծախսերի առումով: Կապիտալ շինարարության բնագավառում 1,5 մլրդ դրամով կավելանա ծավալը այլ հոդվածների տնտեսումների և չկատարված ծախսերի հաշվին: 2013-ի բյուջեի հիմնական թերացումը կապված է մուտքերի` սեփական եկամուտների հետ. 1,8 մլրդ-ով քիչ են կատարվել մուտքերը, ինչը պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտում պետբյուջե փոխանցվող գումարների նվազմամբ: Տնտեսության մյուս ճյուղերում, ինչպես փաստեց վարչապետը, միայն աճ է արձանագրվել (գյուղատնտեսություն, էներգետիկա և այլն)` շնորհիվ այդ բնագավառներում կատարված ներդրումների: Էներգետիկայի համակարգում էներգամատակարարման հուսալիության բարձրացումը կարևոր հիմնախնդիրներից է: Կառավարության առաջնահերթ խնդիրներից է սեփական էներակիրների միջոցով էներգիայի պահանջարկի բավարարումը: Այսօր Արցախում կրկնապատկվել է էլեկտրաէներգիայի արտադրանքը. եթե նախկինում միայն Սարսանգի հէկ-ն էր ապահովում Արցախի էլեկտրաէներգիան, ներկայումս փոքր հէկ-երի արտադրանքը հավասար է Սարսանգին. ակնկալվում է, որ մինչև տարեվերջ արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալը կկազմի 185-190 մլն, իսկ 2014-ին այն կհասնի ավելի քան 250 մլն կվտ/ժամի:
Արցախի կառավարության ղեկավարի հավաստմամբ` 2014-ը բեկումնային է լինելու երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և ապագայի առումով: Վերջին տարիներին պետությանը չի հաջողվել էապես բարձրացնել աշխատավարձերը. 2014-ի բյուջեով աշխատավարձերի շոշափելի աճ է նախատեսված, ինչը մեծ ազդեցություն կունենա տնտեսության զարգացման վրա: Որքան էլ սա ծանր անդրադառնա մասնավոր հատվածի վրա, այնուամենայնիվ, այստեղ ևս պետք է աշխատավարձերի բարձրացում տեղի ունենա` ելնելով նախատեսվող նվազագույն աշխատավարձից` 45000 դրամի փոխարեն այն պետք է կազմի 50000 դրամ, իսկ 2015-ին` 62000 դրամ:
Երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա կարևոր ազդեցություն կունենա աշխատատեղերի ստեղծումը: Ա.Հարությունյանի խոսքերով` եթե 2013-ին հանքարդյունաբերության հետ կապված խնդիրներ են ունեցել, 2014-ին լուրջ ակնկալիքներ ունեն ոլորտից. շահագործման կհանձնվեն Մաղավուզի քարածխի և Կովսականի ոսկու հանքավայրերը, որոնք թե աշխատատեղեր կստեղծեն և թե բյուջեի համար եկամուտ կապահովեն: Գալիք տարում նոր թափ կհաղորդվի նաև Կաշենի հանքավայրի գործարկմանը. 2014-ի և 2015-ի առաջին եռամսյակներում ներդրումները կկազմեն ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար:
Զբոսաշրջության ոլորտում կառավարության նպատակն է ապահովել ԼՂՀ այցելող զբոսաշրջիկների թվաքանակի կայուն աճ և ավելի երկարատև դարձնել Արցախում նրանց գտնվելու ժամանակահատվածը, ինչը կնպաստի ֆինանսական միջոցների ներհոսքի աճին: Ա.Հարությունյանի կարծիքով` Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի բարեկարգումը ևս մեծ նշանակություն կունենա նշված ոլորտի զարգացման առումով:
Խոսելով 2014թ. պետական բյուջեի նախագծի մասին` վարչապետ Ա.Հարությունյանն ասաց, որ ծախսերը կկազմեն 80,7 մլրդ դրամ, սեփական եկամուտները` 77 մլրդ, դեֆիցիտը` 3,5 մլրդ դրամ: Կավելանան սուբսիդավորվող գումարները, մասնավորապես Արցախի ներդրումային հիմնադրամին հատկացվող գումարները կավելանան 500 մլն դրամով. 2 մլրդ-ը կդառնա 2,5 մլրդ, որը կուղղվի առաջին հերթին հանրապետությունում թեթև արդյունաբերության զարգացմանը:
Արա Հարությունյանի կողմից երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի ներկայացմանը հետևեցին ապագա տնտեսագետների հարցերը, որոնք վերաբերում էին Արցախում աշխատաշուկայի զարգացմանը, հիփոթեքային վարկավորման գործընթացին, ներդրումային ոլորտի զարգացման հիմնախնդիրներին, ԼՂՀ-ում կենսաթոշակների ապահովագրության ծրագրի գործարկմանը:
Հանդիպման ավարտին վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորեց ներկաներին Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ և խաղաղություն մաղթեց Արցախ աշխարհին: