Արցախի պետական համալսարան

Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստը` բավականին հագեցած օրակարգով:
Հարկ է նշել, որ սա նոր ձևավորված գիտխորհրդի անդրանիկ նիստն է. նախկին խորհուրդը, ինչպես տեղեկացրեց ԱրՊՀ ռեկտոր, գիտխորհրդի նախագահ Մանուշ Մինասյանը, լուծարվել է` պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ: Գիտխորհրդի նոր կազմը ձևավորվել է դեկտեմբերի սկզբին` գործող կանոնակարգի համաձայն. ի պաշտոնե ներգրավված անդամներ, ընտրովի անդամներ և ռեկտորի կողմից ներկայացված թեկնածուներ:

Ընդհանուր առմամբ` ինչպես մայր բուհի կանոնադրությամբ, այնպես էլ գիտխորհրդի կանոնակարգի համաձայն` խորհրդի կազմը չպիտի անցնի 40-ի սահմանը: Ներկայումս ԱրՊՀ գիտխորհրդի կազմը բաղկացած է 40 հոգուց: Ռեկտորը շնորհավորեց գիտխորհրդի նոր անդամներին` մաղթելով ակտիվ ու բեղմնավոր գործունեություն:
Օրակարգի առաջին հարցը ԱրՊՀ ֆակուլտետի օրինակելի կանոնադրությունը հաստատելու և 2004թ. մարտի 19-ին հաստատված ԱրՊՀ ՊՈԱԿ-ի ֆակուլտետի կանոնակարգն ուժը կորցրած ճանաչելու մասին էր: Մ.Մինասյանի խոսքերով` սա օրինակելի փաստաթուղթ է, որ հիման վրա համալսարանի ֆակուլտետները պետք է իրենց խորհուրդներում հաստատեն ֆակուլտետների կանոնադրությունները, այնուհետև ներկայացնեն գիտխորհրդի հաստատմանը: Հարցի առնչությամբ իր որոշ նկատառումներն ու առաջարկությունները ներկայացրեց ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանը:
Գիտխորհրդի նիստը հաստատեց ԱրՊՀ ֆակուլտետի օրինակելի կանոնադրությունը:
ԱրՊՀ ՊՈԱԿ-ի ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգը հաստատելու և 2004թ. մայիսի 24-ին հաստատված ԱրՊՀ ՊՈԱԿ-ի ֆակուլտետի դեկանի ընտրության կարգն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը բուռն քննարկումների տեղիք տվեց: Ինչպես նախորդ, այնպես էլ նոր կարգում պահպանվել են դեկանին ներկայացվող պահանջները: Ռեկտոր Մ.Մինասյանը հանգամանալից ներկայացրեց դրանք (պահանջները), որոնցից մեկն էլ այն է, որ տվյալ դեկանը երկու անգամից ավել անընդմեջ չի կարող ընտրվել (ընտրվում է 5 տարով): Դեկանի ընտրությունը կատարվում է ԱրՊՀ մեծ խորհրդում:
Ներկայացված առաջարկը ձայների մեծամասնությամբ ընդունվեց և հաստատվեց գիտխորհրդի կողմից:
Նույն ձևով նիստը լսեց և հաստատեց ԱրՊՀ ՊՈԱԿ-ի ամբիոնի կարգը հաստատելու և 2004թ. մայիսի 24-ին հաստատված ԱրՊՀ ՊՈԱԿ-ի ամբիոնի կանոնակարգն ուժը կորցրած ճանաչելու մասին, ԱրՊՀ ՊՈԱԿ-ի ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգը հաստատելու և 2009թ. օգոստոսի 25-ին հաստատված ԱրՊՀ ՊՈԱԿ-ի ամբիոնի վարիչի ընտրության կարգն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցերը:
Գիտխորհրդի նիստում քննարկվեցին նաև ԱրՊՀ ՊՈԱԿ-ի պրոֆեսորադասախոսական համակազմի մրցութային ընտրության և պաշտոնների տեղակալման ընթացակարգը հաստատելու և 2005թ. օգոստոսի 30-ին հաստատված ԱրՊՀ ՊՈԱԿ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության կարգն ուժը կորցրած ճանաչելու մասին և գիտական խորհրդին կից գործող մշտական հանձնաժողովների ձևավորման մասին հարցերը:
Նիստի մասնակիցները լսեցին ԱրՊՀ գլխավոր հաշվապահ Գոհար Սարգսյանի հաշվետվությունը` 2013թ. ֆինանսական տարվա և 2014թ. նախահաշվի նախագծի վերաբերյալ, որոնք հաստատվելուց պետք է ներկայացվեն ԱրՊՀ խորհրդին:
Գիտխորհրդի նիստն ավարտվեց հաճելի արարողությամբ. ԼՂՀ ԿԳ նախարարը պատվոգրեր և դրամական պարգևներ հանձնեց ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանին և քիմկենսաբանության ֆակուլտետի դեկան Վոլոդյա Միրզոյանին, ովքեր հաղթող են ճանաչվել նախարարության կողմից կազմակերպված գիտամեթոդական աշխատանքների ամենամյա ստուգատես-մրցույթում: