Արցախի պետական համալսարան

                   DSC00135     DSC00127

Հունվարի 27-ին տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի խորհրդի նիստը, որին հրավիրված էին համալսարանի գիտական խորհրդի անդամները, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողության ակտիվը: Այն վարում էր ԱրՊՀ խորհրդի նախագահ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Նիստի աշխատանքներին ներկա էին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:

Ներկաները նախ լսեցին Արցախի մայր բուհի ռեկտոր Մանուշ Մինասյանի հաշվետվությունը 2012-2013 ուսումնական տարում իրականացված աշխատանքների մասին: Նշենք, որ այդ ուսումնական տարին առանձնահատուկ էր, քանզի ունեցել է երկու տարբեր ժամանակահատվածներ` նախկին և նոր ռեկտորների ղեկավարության առումով:
Ինչպես անցած տարիներին, նախորդ ուսումնականը ևս մարտահրավերների հաղթահարման ու ձեռքբերումների տարի էր: Արցախի պետական համալսարանը, լինելով հանրապետության բարձրագույն կրթության ոլորտի առաջատարը և գիտամշակութային կարևոր օղակներից մեկը, անմասն չի մնացել ԼՂՀ-ում իրականացվող համապետական ծրագրերից ու միջոցառումներից: Այդ շարքից մայր բուհի ղեկավարը հատկապես կարևորեց Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված տարաբնույթ միջոցառումները, որոնցով հանդես է եկել համալսարանը, ինչպես նաև` ակտիվ մասնակցություն ունեցել կազմակերպված հանրապետական միջոցառումներին:
   ԱրՊՀ ռեկտորի հավաստմամբ` կրթական բարեփոխումներն ու գիտամշակութային գործունեությունը համալսարանում իրականացվել են բուհի զարգացման 2009-2013թթ. ծրագրի շրջանակներում: Նշվեց, որ արդեն հինգերորդ տարին է` համալսարանում ուսուցումը կազմակերպվում է կրեդիտային եղանակով: Այդ ընթացքում Արցախի մայր բուհh ակտիվորեն մասնակցել է ՀՀ-ում կազմակերպվող գիտաժողովներին ու սեմինարներին` նվիրված կրեդիտային համակարգի ներդրման գործընթացի տարբեր ուղղություններին:
Հաշվետու ժամանակահատվածի նորամուծություններից ռեկտորը մատնանշեց 1-ին կուրսեցիների համար ներդրված գիտելիքների գնահատման թեստային մեթոդը, որը կազմակերպվում է համակարգչային հիմունքներով: Արդյունքները հիմնականում գոհացուցիչ էին, չնայած, ըստ Մ.Մինասյանի, ցանկացած նորամուծություն և ներդրման, և կայացման առումով ուղեկցվում է խնդիրներով ու տարակարծություններով:
Շարունակել են զարգանալ հարաբերություններն այլ բուհերի հետ` ըստ կնքված համաձայնագրերի, նաև` քայլեր են ձեռնարկվել նոր գործընկերների ձեռքբերման ուղղությամբ: ԱրՊՀ-ն իր ներուժով և պետական այլ կառույցների հետ համատեղ կազմակերպել է միջազգային գիտաժողովներ, ուսանողական գիտական ընթերցումներ: Ռեկտոր Մ.Մինասյանը ներկայացրեց առավել նշանակալից միջոցառումների ցանկը: Բացի այդ, ԱրՊՀ դասախոսներն իրենց աշխատանքները հրատարակում են նաև արտասահմանյան երկրներում, մասնակցում միջազգային գիտաժողովներին: 2012-2013 ուսումնական տարում համալսարանի 40 դասախոսներ մասնակցել են միջազգային կոնֆերանսների, իսկ 13-ը` հանրապետական գիտաժողովների աշխատանքներին: ԱրՊՀ դասախոսները ներգրավված են ԼՂՀ գիտական կենտրոնի կողմից ֆինանսավորվող թեմաների կատարման խմբերի մեջ:
Դասախոսական նոր կադրերի պատրաստման և գիտության տարբեր ոլորտները զարգացնելու նպատակով ԱրՊՀ-ում կարևորվում է ասպիրանտական կրթությունը: Գիտական գործընթացն առավել նպատակային դարձնելու համար 2012թ. սեպտեմբերի 1-ից ասպիրանտուրայում ներդրվել է կրեդիտային համակարգը: Եթե 2012թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ԱրՊՀ-ում սովորում էին 60 ասպիրանտ և 24 հայցորդ, ապա 2013թ. նույն ժամանակահատվածում դրանց թիվը հասցվել է համապատասխանաբար` 67-ի և 31-ի: 2012-2013 ուսումնական տարում 3 ասպիրանտ և հայցորդ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն:
Հաշվետու ժամանակահատվածում դոցենտի և պրոֆեսորի գիտական կոչումները հաստատելու և համապատասխան դիպլոմներով ամրագրելու նպատակով ՀՀ ԲՈՀ են ներկայացվել ԱրՊՀ դասախոսների հայտեր: Ներկայացված հայտերից 4 դոցենտի և 1 պրոֆեսորի գիտական կոչումները հաստատվել և ամրագրվել են դիպլոմներով:
Համալսարանի ձեռքբերումներից մեկն էլ 2013թ. մարտի 29-ին կնքված` <<Սինոփսիս Արմենիա>>, <<Ղարաբաղ Տելեկոմ>> և <<Արցախի պետական համալսարան>> եռակողմ համաձայնագիրն է, ինչի արդյունքում բացվել է <<Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր>> համահամալսարանական ամբիոնը: Հաշվետու տարում համալսարանում սովորում էր 2996 ուսանող` շուրջ 33 մասնագիտությունների գծով, որոնց ցանկն ընդգրկում է բնական, տեխնիկական և հասարակագիտական` ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ուղղությունները: Առկա բաժնում սովորում էր 1642 ուսանող, որից 589-ը` պետպատվերի համակարգում: Առկա բաժնում սովորում էր 479 մագիստրանտ, որից 257-ը` պետպատվերի շրջանակներում: Եվս 130 մագիստրանտ սովորում էր հեռակա բաժնում, 67 հոգի` ասպիրանտուրայում: Ինչպես նախորդ տարիներին, այս ուսումնականում նույնպես համալսարանի լավագույն ուսանողներն ակտիվ մասնակցություն են ունեցել հանրապետությունում և նրա սահմաններից դուրս կազմակերպված օլիմպիադաներին և տարաբնույթ մրցույթներին` գրավելով առաջնակարգ տեղեր: 2012-2013 ուսումնական տարում համալսարանն ավարտել է 804 շրջանավարտ:
Արցախի մայր բուհի ղեկավարը ներկայացրեց նաև համալսարանի առջև ծառացած խնդիրները, որոնց շարքում հատկապես նշվեցին համալսարանի ուսումնական գործընթացը կարգավորող ներքին կանոնակարգի մշակումը, համալսարանի կառուցվածքի օպտիմալացումը, մասնավորապես, ֆակուլտետների, ամբիոնների մեծ քանակությունը` ուսանողների թվաքանակի համեմատությամբ: Ներկայումս առկա և հեռակա բաժիններում բուհն ունի մոտ 3300 ուսանող, 9 ֆակուլտետ և 25 ամբիոն կամ միջինը 370 ուսանող` մեկ ֆակուլտետում, 132 ուսանող` մեկ ամբիոնի հաշվարկով: Համեմատության համար նշվեց, որ Երևանի պետական համալսարանն ունի 19 ֆակուլտետ, 100 ամբիոն, 1200 դասախոս և 20.000 ուսանող կամ ավելի քան 1000 ուսանող` մեկ ֆակուլտետում, 200 ուսանող` մեկ ամբիոնի հաշվարկով: ԵՊՀ յուրաքանչյուր դասախոսին բաժին է ընկնում մոտ 17 ուսանող, մեզ մոտ` 9: Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանն ունի 10 ֆակուլտետ, 50 ամբիոն և 13.000 ուսանող կամ 1300 ուսանող` մեկ ֆակուլտետում և 260 ուսանող` մեկ ամբիոնի հաշվարկով: Նույն պատկերն է նաև Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան համալսարանում, որն ունի ավելի քան 50.000 ուսանող, 4000 դասախոս, 40 ֆակուլտետ և 300 ամբիոն, այսինքն` մեկ ֆակուլտետում սովորում է 1250 ուսանող, մեկ ամբիոնի հաշվարկով` 167, մեկ դասախոսի հաշվարկով` մոտ 13: Ավելացնեմ նաև, որ ուսման վարձերը, որոնք գործում են նշված բուհերում, համեմատելի չեն մեր համալսարանի հետ: Խոսելով համալսարանի ֆակուլտետների և ամբիոնների խոշորացման մասին, չպետք է անտեսել նաև հավատարմագրման գործընթացի պահանջները և որոշ ամբիոնների անհամապատասխանությունը դրանց, ասաց ԱրՊՀ ռեկտորը: Նրա խոսքերով` եկամուտների շուրջ 77 տոկոսն ուղղվել է աշխատավարձին և սոցապահովության վճարներին: Մ.Մինասյանը կարևոր խնդիր է համարում նաև վարչական ապարատի օպտիմալացումը: Հաշվետու ժամանակաշրջանում համալսարանի աշխատողների ավելի քան 55 տոկոսը բաժին է ընկել վարչական, օժանդակ և տնտեսական ապարատին: Կարևոր է համալսարանի կադրային ներուժի երիտասարդացումը. ռեկտորի խոսքերով` սա թերևս լուրջ մարտահրավեր է ոչ միայն բուհի համար: Հաշվետու ժամանակաշրջանում ԱրՊՀ պրոֆեսորի միջին տարիքը 65 է, դոցենտինը` 55, ավագ դասախոսինը` 47, դասախոսինը` 45: <<Սա, իհարկե, միայն համալսարանի ուժերով լուծվող խնդիր չէ, այլ պահանջում է պետական նպատակաուղղված քաղաքականություն: Գիտությամբ զբաղվելը պետք է հրապուրիչ լինի երիտասարդի համար, այսինքն` այն դժվարությունները, որոնք հաղթահարում է գիտնականը և այն կարողությունները, որոնք պահանջվում են նրանից, պետք է արժանի հատուցում ունենան>>,- ասաց Մ. Մինասյանը: Մայր բուհի ղեկավարությունն ակնկալիքներ ունի ընթացիկ տարվա հուլիսի 1-ից ԼՂՀ կառավարության անմիջական օժանդակությամբ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերի վերանայման ուղղությամբ:
Համալսարանի ձեռնարկատիրական գործունեության տեսակների շրջանակի որոշակի ընդլայնումը նույնպես բուհի խնդիրներից է: Այն հնարավորություն կտա մեծացնել եկամուտները և դրանք նպատակաուղղել համալսարանի միջոցներով առկա խնդիրների լուծմանը:
Ռեկտորի կարծիքով` ուսման վարձավճարների անփոփոխության պարագայում անհրաժեշտ է կիրառել զեղչերի ճկուն, առավելապես ուսման առաջադիմությունը խթանող մեխանիզմ: Այս առումով կարևորվեց գործող կարգերի վերանայումը: Բացի այդ, ՀՀ առաջատար բուհերում կիրառվում է ուսանողների վարկավորման համակարգը, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ լուծել առնվազն երկու խնդիր: Նախ, որ բուհը զգալիորեն թեթևանում է սոցիալապես անապահով ուսանողների վարձավճարները գանձելու դժվար բեռից, և երկրորդ` նվազում է ուսանողների անմիջական կախվածությունը ծնողների նյութական հնարավորություններից, բարձրանում է նրանց ինքնուրույնության աստիճանը£
Թվարկված խնդիրների լուծումը, ինչպես փաստեց Մ.Մինասյանը, հնարավորություն կտա կենտրոնանալ համալսարանի առջև ծառացած ևս մեկ կարևոր հարցի լուծման վրա. դա նյութատեխնիկական բազայի հարստացումն է, ամրապնդումը և ունեցածի սպասարկումը: <<Այսօր մենք խնդիր ունենք կահավորելու ժամանակակից լսարաններ, համակարգչային կաբինետներ, լաբորատորիաներ, ինչով անմիջականորեն պայմանավորվում է ուսումնառության նկատմամբ ուսանողի դրական վերաբերմունքը և հետաքրքրության աստիճանի բարձրացումը>>,- ասաց ԱրՊՀ ռեկտորը:
Շարունակելով ներկայացնել լուծում պահանջող խնդիրները` Մ. Մինասյանը դրանց շարքում ներկայացրեց ևս մի քանիսը. համալսարանի ուսանողական հանրակացարանի երկրորդ մասի վերանորոգում, արտաքին կապերի ընդլայնում և միջազգային ճանաչելիության մակարդակի բարձրացում: Այս ուղղությամբ նա անհրաժեշտ համարեց ժամանակակից ձևերով կայուն գործընկերային կապերի ստեղծումը, աշխուժացումը և ծրագրերի իրականացումը ոչ միայն հայաստանյան ու ռուսաստանյան, այլ նաև արտերկրի բուհերի հետ: Ժամանակի պահանջ է համալսարանի կապերի ամրապնդումն իր իսկ շրջանավարտների հետ, ովքեր ճանաչված են ու արժանի դիրք են գրավում հասարակության մեջ, նրանց միավորումը և հնարավորությունների համատեղումը` ուսանողներին և նորավարտ շրջանավարտներին գործուն աջակցություն ցուցաբերելու նպատակով:
<<Գաղտնիք չէ, որ համալսարանի ուսանողը մեր երկրի կայուն զարգացման գրավականն է: Գիտակցելով այս կարևոր խնդիրը, մենք պետք է ամեն ինչ անենք` մայր բուհի ուսանողի` որպես երիտասարդության լավագույն հատվածի, բարոյահոգեբանական լիարժեք կերպարի ձևավորման համար` վճռականորեն փշրելով արժեհամակարգային այն կեղծ ու արհեստական մոդելները, որոնք ամենատարբեր աղբյուրներից մատուցվում են ժամանակակից երիտասարդությանը: Այս գերխնդրի լուծման ուղիներից եմ համարում ներհամալսարանական կյանքի աշխուժացումը, իրական արժեքների քարոզումը, առողջ ապրելակերպի և վարքային մոդելների սերմանումը, միմյանց նկատմամբ հոգատար վերաբերմունքը և այն միջոցառումների իրականացումը, որոնք կապ չունեն մասնագիտության հետ և բխում են համամարդկային արժեքներից ու մեր ազգային շահերից>>,- ասաց ռեկտոր Մանուշ Մինասյանը:
ԱրՊՀ ՊՈԱԿ-ի 2013թ. ֆինանսական տարվա գործունեության և 2014-ի եկամուտների ու ծախսերի նախահաշվի նախագծի մասին զեկուցմամբ հանդես եկավ գլխավոր հաշվապահ Գոհար Սարգսյանը: Նշված տարում համալսարանի փաստացի դրամական մուտքերը կազմել են 1 մլրդ 50,1 մլն դրամ, իսկ փաստացի ծախսերը` 1մլրդ 43,6 մլն դրամ: Ընդհանուր ծախսերի 77,6%-ը կամ 810,4 մլն դրամը կազմել են աշխատավարձերն ու սոցվճարները:
2014-ին ԱրՊՀ ընդհանուր ծախսերը կկազմեն 1մլրդ 105,3մլն դրամ, որից 770մլն դրամը կամ 69,7%-ը նախատեսվում է իրականացնել վճարովի համակարգից ձևավորվող միջոցների հաշվին, որից 70մլն դրամը` 2013-ի տարեվերջի մնացորդների հաշվին, իսկ 335,3 մլն դրամը կամ ընդհանուրի 30,3%-ը` բյուջետային միջոցների հաշվին: Գ.Սարգսյանի հավաստմամբ` ինչպես եկամուտների, այնպես էլ ծախսերի գծով 2014 ֆինանսական տարում կապահովվեն նախորդ տարիների համամասնությունները: Նախահաշվում ներառված չեն հուլիսի 1-ից նախատեսվող բարձրացումները, քանզի դեռ հայտնի չէ պետության կողմից ցուցաբերվելիք մոտեցումը:
Օրակարգի հաջորդ հարցը, որ վերաբերում էր 2008թ. մայիսի 20-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելուն, ներկայացրեց ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը:
Հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքներին գնահատական տվեցին ելույթ ունեցողները:
Իր խոսքում ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանն անդրադարձավ ուսանողների խնդիրներին, մասնավորապես` նրանց ինքնակազմակերպման, ինքնակառավարման և շահերի պաշտպանության ձևավորմանը: Այդ նպատակով մշակվել և ընդունվել են ներքին գործունեությունը կանոնակարգող մի շարք արժեքավոր փաստաթղթեր, այդ թվում` ԱրՊՀ ուսանողի բարոյահոգեբանական արժեհամակարգ և վարքականոն, ուսվարչության նոր կանոնակարգ, հանրակացարանի բնակիչների տեղաբաշխման կարգ և այլն:
ԱրՊՀ մանկավարժության ֆակուլտետի դեկան Արզիկ Մխիթարյանը խոսեց բուհի կատարած կարևոր գորածռույթների մասին` դրանք բաժանելով երեք հիմնական խմբերի: Առաջին կարևոր գործառույթն ուսումնական գործունեությունն է, և մեկ հաշվետվությամբ ներկայացնել այդ գործընթացի բոլոր կողմերը` հնարավոր չէ: Բոլոր ժամանակներում էլ բուհի ռեկտորատն ունեցել է մեկ գերխնդիր` հնարավորինս ապահովել ուսումնական գործընթացի արդյունավետությունը: Իսկ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ համալսարանն ունենում է բարձրորակ մասնագետներ: Հաճախ բուհի թողարկած մասնագետի գնահատականը տալիս է տվյալ հիմնարկը, որտեղ նա աշխատում է: Եվ միշտ չէ, որ գերազանց գնահատական ստացած ուսանողը լինում է լավագույն մասնագետ կամ հակառակը: Այսինքն` որակը պայմանավորված է թե դասախոսի գործունեությամբ և թե այն օբյեկտի ընդունակությամբ, որի հետ գործ է ունենում դասախոսական կազմը: Ա.Մխիթարյանի համոզմամբ` բուհը լավագույն արդյունքներ կունենա այն դեպքում, երբ ստանա լավ գիտելիքներով ուսանողներ, ովքեր կձգտեն անել այն, ինչ պահանջվում է իրենցից: Այս առումով դեկանը կրթության պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց դպրոցների թողարկած շրջանավարտներին:
Պատմության և քաղաքագիտության ֆակուլտետի դեկան Վալերի Ավանեսյանն անդրադարձավ մի քանի հիմնախնդիրների վրա` առաջինը խոսելով համակարգում տեղի ունեցող բարեփոխումների մասին: Հիրավի, բարեփոխումներն անհրաժեշտություն են, և համակարգը վերանայման կարիք ունի, ասաց դեկանը: Սակայն երկու տարին մեկ կամ ամեն տարի վերանայել նույն դրույթները` ճիշտ չէ: Նրա խոսքերով` կրթության համակար`ը պահպանողական ոլորտ է, և այստեղ պետք է փոքր-ինչ զգուշություն ցուցաբերել:
Կրթությանը զուգընթաց կարևորելով գիտության դերը երկրի համար` Վ.Ավանեսյանն առաջարկեց գնալ զարգացած համալսարանների ճանապարհով. ստեղծել գիտահետազոտական կենտրոններ, լաբորատորիաներ և ինստիտուտներ ու այնտեղ համակենտրոնացնել մայր բուհի գիտնականներին: Իսկ որ նման անձինք կան համալսարանում` երկու կարծիք լինել չի կարող:
ԱրՊՀ խորհուրդը ռեկտորի մեկ տարվա կատարած աշխատանքը գնահատեց բավարար: Հաստատվեց 2014 ֆինանսական տարվա նախահաշվի նախագիծը:
Ամփոփելով խորհրդի նիստի աշխատանքները` Արա Հարությունյանը մասնավորապես անդրադարձավ ելույթների և հաշվետվությունների ժամանակ բարձրացված խնդիրներին: Օպտիմալացման հարցի վերաբերյալ կառավարության ղեկավարն ասաց, որ սկզբունքորեն դեմ չէ, սակայն պետք է դա իրականացնել զգուշորեն, սահուն և համահունչ, որպեսզի սոցիալական խնդիրներ չառաջանան£ Ինչ վերաբերում է դեկանների ազատ աշխատանքին, ապա բուհի ռեկտորատը ինքը կքննարկի և որոշում կկայացնի այդ առթիվ:
Դպրոցներին և որակյալ մասնագետների պատրաստմանը վերաբերող հարցի առնչությամբ ԼՂՀ վարչապետը մի քանի դիտողություններ և առաջարկություններ արեց: Նա առաջ քաշեց հեռավար ուսուցման գաղափարը, ինչն այսօրվա դրությամբ բացակայում է ոչ միայն բարձրագույն կրթության, այլև մյուս ասպարեզներում: Այս կերպ, թերևս, հնարավոր կլինի լրացնել մասնագետների պակասը: Առաջիկա տարիներին այն պետք է դառնա կրթության հիմնական ուղղություններից մեկը:
Ուսման զեղչերին վերաբերող խնդիրը Ա.Հարությունյանը որակեց որպես ծանր ու դժվարին: Միջազգային փորձից ելնելով` ասենք, որ այսօր ավելի ազատական է բարձրագույն կրթությունը: Մյուս կողմից էլ, ներդնելով վճարովի համակարգը` խնդիրներ են առաջացել սոցիալապես անապահով խավերի համար: Որ այս տարի Արցախում չեն բարձրացրել ուսման վարձավճարները` կառավարությունը հաշվի է առել հենց այս հանգամանքը: ԼՂՀ վարչապետն առաջարկեց որոշել առաջադիմության կոնկրետ ցուցանիշ և դրանով իսկ առաջնորդվելով` արտոնություններ սահմանել ուսանողների համար: <<Եթե կան խիստ կարիքավոր, սոցիալապես անապահով երեխաներ, մենք պատրաստ ենք այլ աղբյուրներից ֆինանսավորել ու մի պայմանով. այդ երեխաները պետք է լավ սովորեն>>,- ասաց Ա.Հարությունյանը: Իսկ հեռակա ուսուցման պարագայում վարչապետի մոտեցումը կտրուկ էր. այդ բաժնում սովորողը վարձավճարի խնդիր չպիտի ունենա£ Մի շարք ոլորտներում` հատկապես գյուղատնտեսության և շինարարության, զբոսաշրջության` աշխատատեղեր շատ կան, պարզապես արժանապատվությունից ցածր համարելով, շատերը չեն ուզում աշխատել£ ԱրՊՀ խորհրդի նախագահը միաժամանակ ցավով խոսեց այն երևույթի մասին, որ այսօր բոլորը ձգտում են բարձրագույն կրթություն ստանալ... Ու թե ինչ մակարդակով, ինչ գիտելիքներով` նրանց ասես չի մտահոգում: Այնինչ երկիրն այսօր այլ մասնագետների կարիք ունի:
Կառավարության ղեկավարը պատրաստակամություն հայտնեց ոչ միայն աջակցել բարձրացված խնդիրների լուծմանը, այլև համատեղ ուժերով իրականացնել դրանց ուղղությամբ տարվելիք աշխատանքները: Ինչ վերաբերում է ուսանողների հետ հանդիպումներին` նա դասախոսներին առաջարկեց այդ հարցում լինել նախաձեռնող, էլ ավելի սերտացնել համալսարան-կառավարություն կապը: <<Մեր նպատակն է ունենալ ժամանակակից, մրցունակ գիտակրթական համակարգ և մեծ համբավ ունեցող մայր բուհ>>,- ասաց Արա Հարությունյանը: