ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

03.02

2014

               DSC02097   DSC02076  SAM 3588

Ամեն մի պետության ամենահզոր և կարևորագույն գործիքը բանակն է` անկախ պետության ձևից և կառուցվածքից: Դարեր շարունակ պետականությունից զրկված հայ ժողովրդի աչքում զինվորի կերպարը միշտ էլ առանձնահատուկ նշանակություն է ունեցել: Անկասկած, ազատ ու անկախ մեր պետության բանակի հանդեպ էլ հասարակությունը լցված է հավատով ու հույսով` նրա մեջ տեսնելով անկախ պետականության միակ և հուսալի երաշխավորին:

Մի առիթով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ներկայումս ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն ասել է, որ վստահում է ներկա սերնդին և համոզված է, որ հարկ եղած դեպքում նա հայրենիքը պաշտպանելու է ավելի լավ, քան դա արել է ավագ սերունդը: Օր օրի` մենք դրանում համոզվում ենք, քանզի մեր երիտասարդները դա ապացուցում են իրենց գործելակերպով, բանակի հանդեպ ունեցած մեծ սիրով ու հետաքրքրությամբ:
Արցախի պետական համալսարանի ուսանողական վարչության նախաձեռնությամբ հունվարի 26-ին կազմակերպված այցը` ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսային սահմանում գտնվող զորամասերից մեկը, նվիրված էր Հայոց զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձին:
Ուսանողները ջերմ ընդունելության արժանացան զորամասի հրամանատարության կողմից: Տղաներից մի քանիսը, այդ թվում նաև Հարութ Մնացականյանը, ծառայել էին այդ զորամասում և նրանց համար ամեն ինչ այդտեղ հարազատ էր: Իսկ նրանց համար, ովքեր դեռ չէին հասցրել հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարել, ամեն ինչ նորություն էր ու հետաքրքիր: Ուսանողները հնարավորություն են ունեցել մոտիկից ծանոթանալ զինվորների կեցության պայմաններին ու առօրյային, ինչպես նաև զերծ չեն մնացել զինվորների հյուրասիրությունից. ճաշել են նրանց հետ միասին` նույն ճաշարանում: Իրենք էլ իրենց հերթին դատարկաձեռն չէին գնացել. հայրենիքի պաշտպաններին քաղցրավենիք ու նվերներ էին տարել:
Զորամասում ուսանողների ուժերով կազմակերպված մարզամշակութային միջոցառմանը ակտիվ մասնակցություն են ունեցել նաև զինծառայողները: Պարանի քաշում, ձգումներ պտտաձողի վրա, զենքի քանդում ու հավաքում, վոլեյբոլ, շաշկու և շախմատի մրցումներ... Այս ամենը հաճելի էր երկուստեք և արվում էր մեծ ոգևորությամբ:
Զինվորների տրամադրությունը բարձրացել էր հատկապես մշակութային միջոցառումների ժամանակ. երգ, պար, ասմունք... Ամեն մեկը ցուցադրում էր իր շնորհքը:
<<Նման այցերը երկուստեք անհրաժեշտություն են. մեր ուսանողների համար դրանք ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստելու, իսկ պաշտպանության բանակի զինվորներին` մարտական ոգին բարձրացնելու միջոց են>>,- ասաց ուսվարչության նախագահը: