ԱՌԱՆՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ:

28.02

2014

      IMG 6579

Փետրվարի 25-ին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը հանդիպեց Արցախի պետական համալսարանի պատմության և քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների և դասախոսների հետ:
ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանի խոսքերով` հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում. դրականորեն արձագանքելով համալսարանականների նախաձեռնությանը, Արցախի արտաքին գործոց նախարարը պատրաստակամություն է հայտնել մոտիկից ծանոթանալ մեր երկրի ապագա քաղաքագետների հետ, զրուցել անմիջական մթնոլորտում և պատասխանել նրանց հարցերին:

Արցախի մայր բուհի ղեկավարը հակիրճ ներկայացրեց հյուրի կենսագրականը` անդրադառնալով մասնավորապես նրա աշխատանքային գործունեությանը: Կ.Միրզոյանն ունի արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:
ԼՂՀ արտգործնախարարը նախ ներկայացրեց գերատեսչության հիմնական խնդիրները, խոսեց որոշ ձեռքբերումների մասին, այնուհետև պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին:
Անցյալ տարի արտգործնախարարությունը նշեց իր կազմավորման 20-ամյակը: Գերատեսչության ղեկավարի խոսքերով` արցախցիների համար արտաքին քաղաքական ոլորտը նորություն է եղել: Այս բնագավառում արձանագրված հաջողություններ քիչ չեն: Գերատեսչությունը կարողանում է ուժերը ներածին չափ կատարել իր վրա դրված պարտականությունները` ներկայացնելով և պաշտպանելով ԼՂՀ շահերն արտաքին աշխարհում: Չնայած, ըստ Կ.Միրզոյանի, արգործնախարարությունը հաճախ է հասարակության քննադատության թիրախ դառնում: <<Դա ես համարում եմ նորմալ, մեզնից միշտ կարող են պահանջել, ասել, որ պետք է անեն ավելին և այլն: Եթե մարի հետաքրքրությունը արտգործնախարարության գործունեության հանդեպ` կնշանակի, որ մենք տանուլ ենք տալիս: Իսկ այն, որ մենք աշխատում ենք` անկախ տեմպից ու դինամիկայից, առաջ ենք տանում մեր արտաքին քաղաքական օրակարգը, որ կարողանում ենք որոշակի պատասխան տալ հարյուրավոր մարտահարվերների, որոնք ամեն օր առաջադրում է արտաքին աշխարհը` փաստ է>>:
Արտաքին գործոց նախարարի համոզմամբ` գերատեսչությունն իր առջև դրված երկու գերակա խնդիր ունի. առաջինը Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքներն են: Այս հարցում արտգործնախարարությունն իր մոտեցումն ունի: Արցախյան հիմնահարցի հիմքում ընկած է նրա բնակչության ինքնորոշման իրավունքը, որը վաղ թե ուշ` պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից. դա է միակ ճիշտ և արդարացի լուծումը, ասում է Կ.Միրզոյանը:
Երկրորդ գերակա ուղղությունը բանակցային գործընթացն է, որն այսօր ընթանում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այստեղ մենք ունենք բավականին լուրջ խնդիր. վերջին տարիներին բանակցային գործընթացն ընթանում է աղավաղված ձևաչափով, այսինքն` բանակացությունների սեղանից բացակայում է հակամարտության անմիջական կողմը` Լեռնային Ղարաբաղը, որի պատճառով առաջընթաց չի արձանագրվում:<<Մեր նպատակն է,- ասում է Կ.Միրզոյանը,- հասնել այն բանին, որ ԼՂ-ն վերադառնա բանակցությունների սեղանին` որպես բանակցությունների լիարժեք կողմ: Մենք այսօր էլ մասնակցում ենք գործընթացին, սակայն գտնում ենք, որ ԼՂ մասնակցության աստիճանն անբավարար է, և նրա լիարժեք մասնակցությունը բխում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի, այլ, նախևառաջ, Մինսկի խմբի համանախագահության, միջազգային հանրության, այսինքն` այն բոլոր ուժերի շահերից, որոնք, իրոք, անկեղծորեն շահագրգռված են մեր հիմնախնդրի կարգավորմամբ:
Առօրյա գործունեության ժամանակ արտգործնախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում աշխարհի տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերությունների պահպանմանը: Սա ժրաջան աշխատանք է պահանջում: Գերատեսչությունը փորձում է բնականոն կապեր պահպանել առաջին հերթին այն երկրների հետ, որտեղ որոշակի շահեր ունի Արցախի Հանրապետությունը: Դրանք առաջին հերթին այն երկրներն են, որոնք հանդիսանում են Մինսկի խմբի համանախագահողներ կամ այս կամ այն չափով ներկայացված են մեր տարածաշրջանում, այս կամ այն չափով առնչվում են մեր խնդիրներին և նրանք, որոնցում ունենք ներկայացուցչական հայկական համայնք: Վերջին տարիներին այդ կապերն արտահայտվում են ոչ միայն փոխայցելությունների և հանդիպումների մակարդակով. այսօր այդ շփումներն ստանում են ավելի գործնական ու դեկլարատիվ բնույթ: Այդ առումով հետաքրքիր է անցյալ տարի Ֆրանսիայի Լե Պե Միրաբո և ԼՂՀ Մարտունի քաղաքների և մի քանի օր առաջ նույն երկրի մեկ այլ քաղաքի և Հադրութի միջև ստորագրված բարեկամության պայմանագիրը: Նույն տենդենցը պահպանվում է նաև ԱՄՆ-ում: Մեզ համար դա շատ կարևոր գործընթաց է, քանի որ այն մի հավելյալ լծակ է, որի միջոցով մենք կարող ենք պատմել Արցախի մասին ճշմարտությունը: Գաղտնիք չէ, որ մենք չենք կարող մրցել Ադրբեջանի քարոզչամեքենայի հետ` նյութական ծավալներով ու կարողություններով. մեր աշխատաոճն այդպիսին չէ, մենք ունենք մի մեծ առավելություն` այն, որ մենք աշխատում ենք ավելի մաքուր` ելնելով բարոյական հիմքերից, և մեր խոսքն ավելի հասանելի է մարդկանց:
Երբ, ինչու և ով է մեղավոր, որ Լեռնային Ղարաբաղն ուղղակի կերպով դուրս է մնացել բանակցային գործընթացից: Չէ որ 1994-ին, երբ կնքվեց զինադադարի պայմանագիրը, Ղարաբաղը ստորագրել է որպես հակամարտող կողմ: Հարցին արտգործնախարար Կարեն Միրզոյանն այսպես պատասխանեց.<<Արտաքին քաղաքականությունն այդքան պարզ ու հասարակ գործընթաց չէ, որ կոնկրետ մեկ հոգու պատճառով ինչ-որ բան տեղի ունենա: Հիրավի, Արցախը եղել է բանակցային գործընթացի լիարժեք մասնակից մինչև 1998 թվականը: Հետագայում, կապված նրա դինամիկայի հետ, կապված այն փաստաթղթերի փոփոխության հետ, որոնք այդ պահին բանակցային սեղանին էին, և ամենից առաջ Ադրբեջանի դիրքորոշման հետևանքով Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից: Բայց դուրս մղվեց ոչ լիովին. առայսօր մենք հանդիսանում ենք այդ գործընթացի անուղղակի մասնակիցը, ինչի վկայությունն են այն բազմաթիվ հանդիպումները, այն այցելությունները, որոնք արվում են Արցախում` համանախագահների կողմից: Հիմնական պատճառն Ադրբեջանի վարած քաղաքականությունն է, որն այդ քայլով փորձում է աղավաղել հիմնահարցի էությունը` ներկայացնելով այն որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև` դրանով իսկ կոպտորեն ոտնահարելով մեր ազգաբնակչության, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Կարծում եմ, արդեն հասել է պահը, և բոլորն էլ հասկանում են, որ դա ապակառուցողական մոտեցում է և որևէ հեռանկար չի բացում բանակցային գործընթացի առումով: Կան և բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ, և վերլուծաբանների կարծիքներ, որ այսօր առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության բանակցային գործընթացում հաջողություն ապահովել հնարավոր չէ>>:
Հայաստանը միանում է Մաքսային միությանը. ինչ է լինելու Արցախի հետ: Կ.Միրզոյանի կարծիքով` Մաքսային միությունն իր էությամբ տնտեսական կազմակերպություն է, որը քաղաքական որևէ նպատակ չի հետապնդում: Իհարկե, կան մարդիկ, ովքեր փորձում են դա օգտագործել քաղաքական նպատակներով: Բայց իմ խորին համոզմունքը եղել և մնում է այն, որ Արցախի ճակատագիրը որոշում է նրա ժողովուրդը: Ցանկացած միություն անցողիկ է, մնայունը ժողովուրդն է, ժողովրդի կամքը: Այդ հարցում ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի համար որևէ վտանգ ես չեմ տեսնում, ասաց ԼՂՀ արտաքին գործոց նախարարը:
Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ժամանակ հնչած մեկուկես տասնյակից ավելի հարցերին արտգործնախարար Կ.Միրզոյանը սպառիչ պատասխաններ տվեց:
Արցախի մայր բուհի ղեկավարը շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու և հաճելի ու արդյունավետ զրույցի համար` ակնկալելով, որ նման հանդիպումները շարունակական բնույթ կկրեն: