Արցախի պետական համալսարան

                 DSC00187         DSC00188

Փետրվարի 24-ին Արցախի պետական համալսարանի նորերս ձևավորված Ուսանողական գիտական ընկերությունը (ՈւԳԸ) գումարեց իր առաջին` ընդլայնված անդրանիկ նիստը, որին ներկա էր ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանը:
Ողջունելով հավաքվածներին` Վ.Յարամիշյանը կարևորեց ՈՒԳԸ դերը համալսարանականների կյանքում և հաջողություններ մաղթեց ընկերության կայացման գործում: 

Համաձայն օրակարգի` ՈՒԳԸ նախագահ Ավետիք Հարությունյանը հանգամանալից ներկայացրեց ընկերության նպատակներն ու խնդիրները, գործունեության ընդհանուր ծրագիրը:
Արցախի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը ուսանողներին և ասպիրանտներին միավորող համալսարանական ստորաբաժանում է, որի նպատակն է նպաստել ուսանողության գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը: Ա.Հարությանյանի խոսքերով` ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանի գործունեության ծրագրի և ԱրՊՀ ՈՒԳԸ-ի կանոնադրային նպատակների իրականացման, ինչպես նաև ուսանողների գիտական գործունեության խթանման և խրախուսման նպատակով 2014թ. մի շարք միջոցառումներ են նախատեսվում. կազմակերպչական աշխատանքներ, գիտական գործունեություն, գիտական աշխատանքների հրապարակում, համագործակցություն հայաստանյան և արտասահմանյան համանուն կառույցների հետ, ժամանցի կազմակերպում:
Կազմակերպչական աշխատանքների շարքում կարևորվեց կառույցի ղեկավար մարմնի լիարժեք ձևավորման հարցը` ՈՒԳԸ նախագահի գլխավորությամբ. վերջինիս կողմից ԱրՊՀ ռեկտորատի հաստատմանը պետք է ներկայացվի ՈւԳԸ նախագահի տեղակալի և քարտուղարի թեկնածությունները: ՈւԳԸ նախագահի կողմից քարտուղարի պարտականությունների ստանձնման համար առաջադրվեց Արևիկ Լալայանի թեկնածությունը, իսկ ՈւԳԸ նախագահի տեղակալի պաշտոնի համար առաջադրվեցին երկու թեկնածուներ. Արմինե Վարդանյանն առաջարկեց Տիրուհի Բաղդասարյանի թեկնածությունը, իսկ ՈւԳԸ նախագահը` Մարիամ Աղաջանյանի թեկնածությունը: ՈւԳԸ նախագահ Ա.Հարությունյանի առաջարկով որոշեցին. նշված թեկնածուները կներկայացնեն գործունեության ծրագիր, որով հնարավոր կլինի գնահատել նրանց գաղափարներն ու գործելու պատրաստակամությունը: Մինչև փետրվարի 28-ը երկու թեկնածուներին ժամանակ է տրվել ներկայացնելու ծրագրերը, որից հետո ԱրՊՀ ՈւԳԸ նախագահի կողմից ԱրՊՀ ռեկտորատի հաստատմանը կներկայացվի ՈւԳԸ նախագահի տեղակալի ու քարտուղարի թեկնածությունները:
Հաջորդ քայլը կլինի ֆակուլտետային ՈՒԳԸ-ների նախագահների և քարտուղարների հաստատումը, որով կավարտվի ՈՒԳԸ-ի խորհրդի կազմի վերջնական ձևավորումը: 
Քանի որ ՈւԳԸ-ի գործունեության և զարգացման ռազմավարության տակ պետք է ներառվի ոչ միայն հիշյալ կառույցի, այլև ֆակուլտետային ՈւԳԸ-ների գործունեության նախանշվող ուղղությունները, ինչպես ասաց Ա.Հարությունյանը, նախատեսվում է ԱրՊՀ ՈւԳԸ-ի նոր ձևավորված կազմով գումարել հերթական նիստ, բոլոր անդամներին ներկայացնել արդեն մշակված ՈւԳԸ-ի աշխատանքային պլանը, որին պետք է հաջորդի առանձին ֆակուլտետային ՈւԳԸ-ների կողմից աշխատանքային պլանների մշակումն ու ներկայացումը ԱրՊՀ ՈւԳԸ-ի խորհուրդ` վերջնական տեսքով հաստատելու նպատակով:

ՈՒԳԸ նախագահը հորդորեց ֆակուլտետային ՈւԳԸ-ների նախահահների միջոցով բացահայտել և ՈւԳԸ-ի շուրջ միավորել այն ուսանողներին, ովքեր հետաքրքրված են և զբաղված են գիտական գործունեությամբ ու նպատակ ունեն ուսումնառության ժամանակահատվածում կամ դրանից հետո լրջորեն զբաղվել գիտությամբ: Դրա հետ միաժամանակ մշտապես պետք է տեղեկատվություն հավաքել Հայաստանում և արտասահմանում անցկացվող գիտաժողովների և գիտական այլ միջոցառումների մասին և էլեկտրոնային ռեսուրսներով տարածել շահագրգիռ ուսանողների շրջանում:
ՈՒԳԸ գործունեության կարևոր ուղղություններից մեկն էլ պետք է լինի համագործակցությունը ինչպես ներհամալսարանական, այնպես էլ հայաստանյան և արտասահմանյան համանուն կառույցների հետ: Ընկերության նախագահն այս ոլորտում կարևորեց ոչ միայն բուն համագործակցության հաստատման փաստը, այլև այդ կապերի պահպանումն ու զարգացումը: Այս առումով կարևորվեց ուսանողների մասնակցությունը համահայկական և միջազգային գիտաժողովներին, ինչը նրանց հնարավորություն կտա ինքնազարգանալու ինչպես մասնագիտական, այնպես էլ օտար լեզուների իմացությունը կատարելագործելու առումներով, ինչպես նաև` Հայրենիքի սահմաններից դուրս ներկայացնելու Արցախն ու Արցախի պետական համալսարանը: Այս նպատակով նախատեսվում է նախաձեռնել և աջակցել Արցախի պետական համալսարանի մասին համապարփակ պատմող եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով) բուկլետի և ֆիլմի պատրաստմանը: Որպես քարոզչամիջոց կարող են ծառայել նաև Արցախի մայր բուհը խորհրդանշող տարբեր պարագաների գրիչ, նոթատետր, փոքր և պատի օրացույցներ, փոքր չափի դրոշ և այլն¤ պատրաստումը, որոնք միջազգային միջոցառումներին մասնակցելու պարագայում կբաժանվեն մասնակիցներին:
ԱրՊՀ ուսանողներն ուսումնառությունից ու գիտությամբ զբաղվելուց զատ պետք է ճիշտ ու նպատակային ժամանաց կազմակերպեն, իսկ այս համատեքստում կարևոր է ինչպես ինտելեկտուալ խաղերի կազմակերպումն ու անցկացումը, այնպես էլ ՈւԳԸ-ի անդամների բուն մասնակցությունն այդ միջոցառմանը, որն ուսանողների աշխարհայացքի զարգացման և բազմոլորտ գիտելիքներով օժտված լինելու նպատակ է հետապնդում,- ասաց Ա.Հարությունյանը:
ՈՒԳԸ նախագահը ուսանողներին իրազեկեց ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք երրորդ միջազգային իրավաբանական մրցույթի մասին` հորդորելով գիտական աշխատանքներ պատրաստել և մասնակցել դրան: Նա պատրաստակամություն հայտնեց այդ գործում համապատասխան ուղղություն տալու, օգնելու համար: Իսկ ֆակուլտետների ՈՒԳԸ ներկայացուցիչներին կոչ արեց մինչև փետրվարի 28-ը ներկայացնել իրենց առաջարկությունները` աշխատանքային պլանում դրանք ընդգրկելու համար: 
Որպես ԱրՊՀ ՈւԳԸ առաջին գիտական միջոցառում նախանշվում է փետրվարի 27-ին ժամը 16:00 ԱրՊՀ նիստերի դահլիճում անցկացնել ծագումով արցախցի ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի 75-ամյակին նվիրված գիտական ընթերցումներ:
Ընթացիկ տարում անցկացվելիք գիտաժողովների շարքում Վ.Յարամիշյանը կարևորեց Հրադադարի հաստատման 20-ամյակին նվիրված գիտաժողովը, որը տեղի կունենա ապրիլին: Կհրավիրվեն նաև Երևանի պետական համալսարանի ուսանողներ: Նա հորդորեց բոլորին ակտիվություն ցուցաբերել և այդ կապակցությամբ փաստեր, հետաքրքիր նյութեր ու տեղեկություններ հավաքել և դրանց շուրջ հանդես գալ գիտական աշխատություններով:

Հաջորդ գիտաժողովը, ինչպես ասաց պրոռեկտորը, նախատեսված է անցկացնել Երևանում:
ՈւԳԸ նիստում քննարկվեցին նաև այլ հարցեր: