Արցախի պետական համալսարան

            DSC00223JPG        DSC00201

Արցախի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության և տնտեսաիրավաբանական ֆակուլտետի նախաձեռնությամբ փետրվարի 27-ին անցկացված գիտական ընթերցումները նվիրված էին ծննդով ստեփանակերտցի, ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի ծննդյան 75-ամյակին: 
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, դատավորներ:

ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը ողջունեց նման միջոցառումների նախաձեռնումն ու կազմակերպումը` նշելով, որ դրանք կարևոր են ինչպես համալսարանականների, այնպես էլ ներկա գտնվող հյուրերի համար. ուսանողները կկարողանան իրենց մեջ զարգացնել գիտական ներուժը, ձևավորել գիտական ընթերցմամբ հանդես գալու մշակույթ, իսկ պետական այրերն այստեղ կտեսնեն իրենց ապագա կադրերին, կկարողանան իրենց պատգամներն ու խորհուրդները տալ նրանց, ինչը ևս պետական քաղաքականության մաս է:
Ցավոք, ինչպես ասաց Մ.Մինասյանը, միջոցառման մասնակիցները հնարավորություն չեն ունեցել շփվել հայտնի իրավագետի հետ` նրա կենդանության օրոք: Իսկ միջոցառումը` ճանաչված գիտնականի ծննդյան տարեդարձին նվիրված, Վ.Ներսեսյանցի հանդեպ խորին հարգանքի ու ակնածանքի, նրա նման հայրենակից ունենալու հպարտության դրսևորում է: 
Իր խոսքում Ուսանողական գիտական ընկերության նախագահ, ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս Ավետիք Հարությունյանն ասաց, որ Ներսեսյանցին նվիրված գիտական ընթերցումներ անցկացնելու գաղափարն իր մոտ ծնվել է դեռևս մագիստրատուրայի բաժնում սովորելու ժամանակ, երբ խորությամբ սկսել են ուսումնասիրել ակադեմիկոսի աշխատությունները, իսկ ներկայումս դրա անհրաժեշտությունն ավելի է զգացվում, քանզի <<Իրավունքի փիլիսոփայություն>> առարկայի դասավանդման շրջանակներում Ներսեսյանցի մեծության մասին տեղեկատվությունն ու գաղափարները հանրության սեփականությունը դարձնելու հրամյական կա:
Ա.Հարությունյանի խոսքերով` կազմակերպված միջոցառումն ամենևին էլ չի հավակնում ամբողջովին ու բազմակողմանիորեն բացահայտել ակադեմիկոսին, որովհետև մեկ միջոցառմամբ դա անհնար է: Այն մի համեստ ձեռնարկում է նրա գիտական ժառանգությունն արժևորելու համար, ասաց բանախոսը: Ներսեսյանցն իր ազատական-իրավաբանական հայեցակարգը ներկայացրել է գոյաբանության, իմացաբանության և արժեբանության դիրքերից: Նա իրավունքի փիլիսոփայության, քաղաքական և իրավական ուսմունքների ոլորտների խոշորագույն մասնագետ է, հանդիսանում է ազատական, իրավաբանական և ցիվիլիզմի հայեցակարգերի հիմնադիրը, և դասվում է ռուսական իրավունքի փիլիսոփայության հայրերի շարքին: Շուրջ 400 գիտական աշխատանք է հեղինակել Ներսեսյանցը, որոնց թվում` 16 մենագրություն: ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր պրոֆեսոր Վալերի Զորկինը Ներսեսյանցին համարում է իրավունքի փիլիսոփայության ռուս ամենամեծ գիտնականներից մեկը և դասում այնպիսի համաշխարհային նշանակության գիտնականների շարքը, ինչպիսիք են Բորիս Չիչերինը, Ալեքսանդր Գրադովսկին, Նիկոլայ Կորկունովը, Սերգեյ Մուրոմցեվը և այլք: Ճանաչված ակադեմիկոսի գիտական ժառանգության ամփոփմանն նվիրված գործեր շատ կան. այդ տեսանկյունից անգնահատելի դերակատարում է ունեցել նաև նրա կնոջ` Վալենտինա Լապաևայի <<Վլադիկ Սումբատի Ներսեսյանց>> վերտառությամբ կենսագրական մենագրությունը: Գրքի նախաբանի հեղինակը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր-պրոֆեսոր Գագիկ Հարությունյանն է, ով իր շնորակալական խոսքն ուղղելով հանգուցյալ գիտնականի կնոջը` անթաքույց նկատում է. <<Այս գրքի հեղինակն ըստ էության հենց Վլադիկ Ներսեսյանցն է: Գրքում արտացոլված նրա մտքերը, հասարակական հարաբերությունների իրավական էության վերաբերյալ փիլիսոփայական դատողությունները, մարդկային էության նրա պոետիկ ընդհանրացումները կհարստացնեն միլիոնավոր մարդկանց գիտական և հոգևոր կյանքը>>:
Իր զեկուցման մեջ ԼՂՀ արդարադատության նախարարը հանգամանալից ներկայացրեց, թե ինչպես է իրավունքի գերակայության սկզբունքը երաշխավորվում, ապահովվում և իրացվում սահմանադրական լուծումներով և ինչ միտումներ կան այսօր այդ ոլորտում: Այսօր բազմաթիվ իրավաբաններ և փորձագետներ կարծիք են հայտնում իրավունքի գերակայության և իրավական պետության հայեցակարգերի համադրման ու հակադրման վերաբերյալ, ներառյալ` լինգվիստական, ասաց Արարատ Դանիելյանը: Դառնալով Վ.Ներսեսյանցի իրավունքի փիլիսոփայությանը` արդարադատության նախարարն ասաց. <<Ամեն անգամ լսելով Վ. Ներսեսյանցին` համոզվում ես, թե ինչպիսի հանճար է եղել նա: Ու թերևս 40-50 տարի հետո նրա կատարած աշխատանքն ավելի մեծ գնահատականի կարժանանա>>: 
ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր, ԼՂՀ դատավորների միություն հասարակական կազմակերպության նախագահ, ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս Հասմիկ Խաչատրյանի զեկուցման թեման այսպիսի վերտառություն ուներ` <<Ներսեսյանցի ազատական-իրավաբանական հայեցակարգը մեր ժամանակի համատեքստում>>: Ներկայացնելով իրավունքը որպես հավասարության, ազատության և արդարության եռամիասնություն` Ներսեսյանցը գտնում է, որ ազատությունը հավասարության օբյեկտն է, ասաց զեկուցողը: Ըստ գիտնականի` սոցիալական կարող է համարվել այն պետությունը, որի սոցիալական քաղաքականության հիմքում դրվում է ձևական հավասարություն ապահովելու իրավական սկզբունքը: Իսկ ձևական հավասարության երաշխիք է համարվում հավասարիրավունակությունը, որին կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ պետությունը թույլ պաշտպանված սոցիալական խմբերին ցուցաբերում է այնպիսի աջակցություն, առանց որի վերջիններս չէին կարող սոսկ իրենց ընդհանուր իրավունակությամբ ձեռք բերել այնպիսի կարգավիճակ, որը բնորոշ է մյուս սոցիալական խմբերին և խավերին: 
Իրավունքի թեմայով զեկուցումներ կարդացին ԱրՊՀ իրավունքի ամբիոնի մագիստրանտներ Լուսինե Բարխուդարյանը, Անուշ Դանիելյանը և Արմինե Դանիելյանը:
Ներկաները հնարավորություն ունեցան լսել ազատության մասին գիտության տեսաբանի ու մեկնաբանի` Վ.Ներսեսյանցի կենդանի ձայնը` դիտելով տեսագրությունը, որտեղ նա խոսում է ազատական-իրավաբանական հայեցկարգի մասին: 
Գիտական ընթերցումներն ամփոփեց և եզրափակիչ խոսք ասաց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը:
Շնորհակալություն հայտնելով ԱրՊՀ ռեկտորատին և միջոցառման նախաձեռնողներին` Ա.Ղուլյանը նշեց, որ այն հետաքրքիր նախաձեռնությունների մեկնարկ է: ԱԺ նախագահի խոսքերով` միանգամայն տեղին է, որ սկիզբը դրվեց մեր համերկրացի, խորհրդային, ռուսական իրավաբանական գիտության մեջ հայտնի Վ.Ներսեսյանցի գիտական գործունեության ուսումնասիրմամբ և որը ուսանողների համար մեծ ծավալի աշխատանքի ճակատ է բացում: Զուգահեռներ անցկացնելով անվանի գիտնականի ապրած ժամանակաշրջանի և ներկայի միջև` Արցախի խորհրդարանի ղեկավարն ասաց. <<Բարեբախտություն է, որ նա մեր հայրենակիցն է, որովհետև միայն նրա կենսագրության առաջին տողերը ստիպելու են մարդկանց համացանցում փնտրել և գտնել Ստեփանակերտը, հասկանալու են, որ Վ.Ներսեսյանցի նույն ազատական արժեքներն ունեցել են շարունակություն, որոնց հիման վրա հռչակվել է դեռևս չճանաչված, բայց մեծ երազանքներ ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն>>: 
Սկսած 2005 թվականից ամեն տարի ՌԴ գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտում և տնտեսագիտության բարձրագույն դպրոցում անց են կացվու Ներսեսյանցի հիշատակին նվիրված իրավափիլիսոփայական ընթերցումներ: 2013թ. հունիսի 7-ին և հոկտեմբերի 5-ին ՀՀ Սահմանադրական դատարանում նույնպես անց են կացվել Ներսեսյանցական ընթերցումներ: Կազմակերպիչները լիահույս են, որ Արցախի պետական համալսարանում կազմակերպված գիտական ընթերցումների հաջող ընթացքը հիմք կհանդիսանա դրանք ամենամյա դարձնելու համար: