Արցախի պետական համալսարան

DSC00224 DSC00242 DSC00237
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Մարտի 4-ին Արցախի պետական համալսարանն իր հարկի հյուրընկալեց ԼՂՀ և ՀՀ կրթության և գիտության նախարարներ Սլավա Ասրյանին և Արմեն Աշոտյանին:
Ավանդույթի համաձայն, հյուրերը և ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը` ռեկտոր Մանուշ Մինասյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմում զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակին` ծաղիկներ դնելով նրանց հուշաքարին:

Մայր բուհի նիստերի մեծ դահլիճում դասախոսների և ուսանողների հետ կայացած հանդիպմանը ողջույնի խոսք ասաց ԼՂՀ ԿԳ նախարարը: Ներկայացնելով  հայաստանյան գործընկերոջ Արցախ կատարած եռօրյա այցի նպատակները` նախարար Ս.Ասրյանը նշեց, որ Ա.Աշոտյանը ամեն անգամ առիթը բաց չի թողնում համալսարանականների հետ հանդիպելու, մտքեր փոխանակելու և քննարկելու ոլորտում առկա այն խնդիրները, որոնք պետք է իրականացվեն համատեղ:
Արցախյան գերատեսչության ղեկավարն անդրադարձավ նախօրեին ԼՂՀ Ազգային ժողովում` ՀՀ պատվիրակության մասնակցությամբ կայացած լսումներին, որտեղ քննարկվել են ավագ դպրոցի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները, նախանշվել`  անելիքները: Նրա խոսքերով` հետպատերազմյան տարիներին Արցախում գործող կրթական հաստատություններն ընդգրկվեցին հայաստանյան համապատասխան կառույցների մեջ: Այսինքն` համագործակցությունը երկու գերատեսչությունների միջև վաղուց է և հայկական երկու երկրների կառավարությունների միջև միշտ էլ առկա է եղել համագործակցության ծրագիրը: Դրանք կնքվել են տարբեր տարիների, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին անգամ ՀՀ ԿԳ նախարարության հետ կնքված համաձայնագրի ժամկետն անցել է, ըստ Ս.Ասրյանի, անհրաժեշտություն կա նոր, թարմացված տարբերակով համաձայնագիր ստորագրելու:
Հանդիսավոր պայմաններում ԼՂՀ և ՀՀ կրթության ոլորտների պատասխանատուները վավերացրին համագորակցության հուշագիրը, որը երկու գերատեսչությունների համար կհանդիսանա որպես ծրագիր: Ս.Ասրյանի համոզմամբ` այն իր մեջ աշխատանքների մեծ ծավալ է ընդգրկում` ներգրավելով կրթության համակարգի բոլոր ոլորտները:
ՀՀ ԿԳ նախարարն իր ելույթում խոսեց կրթության համակարգում իրականացվող վերջին բարեփոխումների մասին: Նա հատկապես անդարդարձավ Արցախում դրանք կիրառելու հնարավորություններին, առանձին դեպքերում գնահատական տալով իրականացված աշխատանքներին: Ա.Աշոտյանի խոսքերով` կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներն անշրջելի են և հետդարձի ճանապարհ չկա: Իսկ գործընկերներից և բոլոր մասնագետներից պահանջվում է օգնել դրանք իրականացնելու և համակարգը միջազգային չափանիշներին համապատասխան զարգացնելու համար:
Հայաստանի կրթության համակարգի ղեկավարը պատասխանեց նաև հանդիպման մասնակիցների հարցերին:    
Հանդիպման ավարտին ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին` հետաքրքիր և արդյունավետ քննարկումների համար: