Արցախի պետական համալսարան

          DSC00249    prezident

Մարտի 20-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելեց Արցախի պետական համալսարան` պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ հանդիպելու, նրանց լսելու, մայր բուհում ուսումնական գործընթացին ծանոթանալու նպատակով: Երկրի ղեկավարին ուղեկցում էին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կրթության և գիտության փոխնախարար Արմեն Սարգսյանը:

Հանդիպմանը ներկա էին նաև ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, բարծրաստիճան զինվորականներ: Հանրապետության Նախագահը հարգանքի տուրք մատուցեց ԱրՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին և ծաղիկներ դրեց նրանց հուշակոթողին:
Նախագահ Բակո Սահակյանի վերջին հանդիպումը համալսարանականների հետ ուղիղ մեկ տարի առաջ էր: ԱրՊՀ նիստերի դահլիճում կայացած հանդիպմանը ողջույնի և բացման խոսք ասաց ռեկտոր Մանուշ Մինասյանը: Նա կարևորեց նման բարձր մակարդակի հանդիպումները` կրթության և գիտության բնագավառին նոր թափ հաղորդելու, ուսման որակը բարձրացնելու առումով: <<Արցախի պետական համալսարանն իր գոյության 45 տարիների ընթացքում ձևավորելով ավանդույթների կուռ համակարգ` միշտ ձգտել է համարժեք արձագանքել ժամանակի պահանջներին, երբեք դեմ չի եղել բարեփոխումներին և ձգտել է դրանք իրականացնել շրջահայացորեն և հիմնովին>>,- ասաց ԱրՊՀ ռեկտորը: Մայր բուհի ղեկավարն այս համատեքստում կարևորեց համալսարանի գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերի մշակումը, դրանք գործող օրենսդրությանը համապատասխանեցնելը, ուսումնական գործընթացի արդյունավետության, աշխատանքային և կատարողական կարգապահության բարձրացումը:
Հակիրճ ներկայացնելով ուսումնական գործընթացի բարձրացմանն ուղղված առաջիկա անելիքները, ռեկտորն ասաց, որ նորարարական և ուսումնամետ մեթոդները կզուգակցվեն ապագա արժանավայել և հայրենասեր քաղաքացիներ դաստիարակելու գործընթացի հետ:
Մ.Մինասյանը հավաստիացրեց, որ համալսարանի կոլեկտիվն ըմբռնումով է մոտենում իր առջև դրված խնդիրներին և ունի համապատասխան ներուժ` դրանց լուծում տալու համար:
Նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում ներկայացրեց հանրապետութան սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակը և այդ ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը, 2013-ին տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները և 2014-ի անելիքները:
Հանրապետության ղեկավարը պատասխանեց նաև հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին:
Վերջում Արցախի մայր բուհի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Նախագահ Բակո Սահակյանին` հետաքրքիր հանդիպման և համալսարանը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: