Արցախի պետական համալսարան

 DSC00285 DSC00314 DSC00316

Ապրիլի 2-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը կառավարությունում հանդիպել է ԱրՊՀ պատմության և քաղաքագիտության ֆակուլտետի մի խումբ դասախոսների և ուսանողների հետ` ռեկտոր Մանուշ Մինասյանի գլխավորությամբ: Ողջունելով ներկաներին` Ա. Հարությունյանը հանդիպման նախաձեռնության համար շնորհակալություն է հայտնել ապագա քաղաքագետներին` նշելով, որ վերջին տարիներին հանդիպումները պարբերական բնույթ ունեին տնտեսագիտական բաժնի ուսանողների հետ:

Կառավարության ղեկավարը կարեւորել է ուսանողների հետ նման հանդիպումները, քանի որ դրանք, այլ միջոցառումների շարքում, հնարավորություն են տալիս ուղիղ կապի մեջ լինել երիտասարդների հետ, ծանոթանալ նրանց ներուժին, գնահատել այն: Վարչապետի խոսքերով, դրանք երկուստեք օգտակար են, քանի որ ուսանողները բարձրաձայնում են մտահոգող հարցերը, որոնք շատ դեպքերում հաշվի են առնվում հետագայում, իսկ կառավարությունում ծանոթանում են պետական կառավարման համակարգում աշխատելու ունակ երիտասարդների հետ: Արա Հարությունյանն ուսանողներին կոչ արեց առավել ակտիվ և նախաձեռնողական լինել, հնչեցնել համարձակ հարցադրումներ, իսկ դասախոսներին խնդրեց նման հանդիպումներին նախապատրաստվելիս չկաշկանդել նրանց, չզբաղվել հարցերի սրբագրմամբ:
Գործադիրի ղեկավարն անկախության տարիների սերնդի ներկայացուցիչների առջև հանդես եկավ բանախոսությամբ` անդրադառնալով մեր ազգային-ազատարական պայքարին նախորդած տարիներին Արցախում տիրող սոցիալ-քաղաքական իրավիճակին: Տասնամյակներ շարունակ խորհրդային Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականության արդյունքում հայաթափվող մարզի անգամ հայկական դպրոցներում ավելի մեծ տեղ էր հատկացված ռուսերենին, հայ մանուկներին նաև ադրբեջաներենն է պարտադրվել: Ոչ մանկավարժական բուհական կրթություն ստանալու համար մարզից հեռացած երիտասարդության համար <<ապահովվում էին>> պայմաններ` դրսում մնալու համար և այլն: Բանախոսն անդրադարձավ նաև պատերազմական ծանր օրերին և հաղթանակին` հատկանշելով, որ ԼՂՀ անկախության ավելի քան 20 տարիների ընթացքում հաջողվել է կառուցել ժողովրդավարական արժեքներ դավանող և զարգացող տնտեսությամբ մրցունակ պետություն:
ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել գործադիրի ղեկավարին ավանդական դարձած հանդիպումների համար` կարևորելով դրանց նշանակությունն ու դերը ուսանողության կյանքում: Նա նաև նշել է, որ նման հանդիպումներին հանդես գալու մշակույթը դեռևս մեր երիտասարդության շրջանում ձևավորված չէ, և դասախոսները հանրապետության ղեկավարների հետ հանդիպումների նախօրեին օգնում են ուսանողին` ճիշտ և կոնկրետ ձևակերպելու սեփական մտահոգությունը: Բուհի ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանը ևս երախտագիտություն է հայտնել վարչապետին` նման զբաղվածության պայմաններում երիտասարդների համար մշտապես ժամանակ գտնելու, ուսանողների տարաբնույթ նախաձեռնություններին ընդառաջելու, նրանց առօրյան հետաքրքիր դարձնելուն միտված ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու համար: Ըստ բանախոսի, նման ուշադրությունն ուսանողներին միշտ ոգևորում է, մղում նոր նախաձեռնությունների, հետաքրքիր հանդիպումների և գիտաժողովների կազմակերպման: Ապրիլին բուհում նախատեսված է զինադադարի 20-ամյակին նվիրված միջբուհական գիտաժողովի անցկացում ԵՊՀ և Գավառի համալսարանի մասնակցությամբ: Այնուհետև փոխադարձ այցով բուհի ներկայացուցիչները կլինեն ԵՊՀ-ում: ԱրՊՀ ուսանողները ներգրավված են հանրապետությունում գործող երիտասարդական ՀԿ-ների ծրագրերում. ըստ Վ.Յարամիշյանի, հաշվի առնելով այդ ակտիվ ներգրավվածությունը, կարելի է որոշ ծրագրեր իրականացնել հենց բուհի բազայի վրա: ԱրՊՀ ուսանողությանն աջակցություն ցուցաբերելու հարցում կարևոր խնդիր է նաև բուհի շրջանավարտների միավորում կազմավորելը, որի ստեղծման հարցում ակնկալվում է վարչապետի աջակցությունը:
Ա.Հարությունյանը ողջունել է նման նախաձեռնությունը` նշելով, որ այսօր պետական կառավարման տարբեր մարմիններում բուհի շրջանավարտները մեծ թիվ են կազմում: Նա նաև նշել է, որ վարչապետին կից ստեղծվում է Երիտասարդ գիտնականների աջակցության ֆոնդ, որն այլ խնդիրների շարքում զբաղված կլինի նաև տնտեսության տարբեր ճյուղերի վերաբերյալ աշխատությունների մրցույթների կազմակերպմամբ: Առավել հաջողված և ուշադրության արժանի գործերի հեղինակները կխրախուսվեն, իսկ նրանց առաջարկությունները հնարավորինս կյանքի կկոչվեն:
Հանդիպմանն ԱրՊՀ ուսանողները տարաբնույթ հարցեր հնչեցրին` մայրաքաղաքում քաղաքագիտական-վերլուծական կենտրոնի անհրաժեշտությունից ու կրոնական աղանդների և քաղաքական կուսակցությունների ներկա իրավիճակից մինչև Ստեփանակերտ-Ակնա-Մարտունի ճանապարհի վերանորոգման անհրաժեշտություն և Արաքսի հովտում ընթացող գյուղատնտեսական աշխատանքներ: Ինչպես միշտ, երիտասարդներին հուզում էին նաև աշխատանքի տեղավորվելու հետ կապված դժվարությունները:
Պատասխանելով հարցերին, Ա.Հարությունյանն ասաց, որ վերլուծական կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ հենց բուհում, իսկ կրոնական աղանդների գործունեությունը, ի տարբերություն այլ պետությունների, մեզ մոտ սպառնալի չափերի չի հասնում: Հիշյալ ճանապարհի բարեկարգման առնչությամբ վարչապետը նշեց, որ ներկայում բոլոր ուժերն ուղղված են Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ոչ պակաս կարևոր ճանապարհի վերանորոգմանը, որն ավարտելուց հետո ծրագրված է բարեկարգման աշխատանքներ իրականացնել նաև վերոհիշյալ հատվածում:
Արտագաղթի վերաբերյալ հարցին ի պատասխան գործադիրի ղեկավարը նշեց, որ Արցախում, ինչպես բոլոր երկրներում, կա բնակչության փոքր ծավալի արտահոսք, որն ավելի շատ արտահայտվում է ժամանակավոր աշխատանքային արտագաղթի տեսքով: Դրան զուգահեռ, ըստ Ա.Հարությունյանի, վերջին տարիներին գրանցվել է զգալի ժողովրդագրական աճ` թե մեխանիկական , թե բնական աճի տեսքով: Նա շեշտեց, որ եթե 2002-2007թթ. Արցախում տարեկան ծնվում էր շուրջ 2100 երեխա, ապա 2008-2013թթ. այդ թիվը տատանվում էր 2500-2600-ի սահմաններում` ապահովելով շուրջ 20 տոկոս ծնելիության աճ: Վարչապետը կարևորեց տնտեսական զարացումը և արտագաղթի կանխման, և ժողովրդագրական բնական աճ ապահովելու ուղղությամբ: Նա տնտեսական զարգացման ճանապարհին կառավարության աշխատանքը գնահատեց բավարար, քանի որ վերջին վեց տարիների ընթացքում հաջողվել է գրանցել տարեկան մոտ 9 տոկոս ՀՆԱ-ի աճ:
Հանդիպման ավարտին երկարատև մանկավարժական գործունեության և ծննդյան տարեդարձերի կապակցությամբ բուհի դասախոսներ Շահեն Աբրահամյանը, Վոլոդյա Միրզոյանը, Ժաննա Անաստասյանը, Զոյա Մաղաքելյանը և Իրինա Իշխանյանը պարգևատրվեցին վարչապետի հուշամեդալով: