Արցախի պետական համալսարան

Մարտի 31-ին Արցախի պետական համալսարանի տնտեսահաշվային ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց կլոր սեղան` <<Սպառողների իրավունքների պաշտպանությունը ԼՂՀ-ում>> թեմայով: Քննարկմանը մասնակցում էին հանրապետության սպառողների շահերի պաշտպանության հետ առնչություն ունեցող` շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում` ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանը, ԼՂՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական տեսչության պետ Լևոն Սարգսյանը, ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության ներքին հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ Լիլիկ Բեգլարյանը, <<Արցախբանկ>> ՓԲԸ հաճախորդների սպասարկման վարչության պետ Վահան Սարգսյանը, Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ Լիանա Ավանեսյանը: Քննարկմանը մասնակցում էր նաև ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը:

Ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը կարևորեց նման թեմայով քննարկման կազմակերպումը; Ռեկտորի կարծիքով` թեման արդիական է բոլոր ժամանակներում, քանզի այն առնչվում է հասարակության լայն շերտերին` սպառողներին: <<Գաղտնիք չէ, որ մեր քաղաքացիական հասարակությունը` նույն ինքը սպառողը, պասիվ և իներտ կեցվածք ունի իր շահերի պաշտպանության հարցում,- ասաց Մ.Մինասյանը: - Եվ հենց սպառողական շարժումներն են խթանել արտադրության վերակառուցմանը, նպաստել ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Ուստի, այդ հարցում կարևոր է ակտիվ հասարակության ձևավորումը>>:
Կլոր սեղանի կազմակերպիչ և վարող, ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Ռուզաննա Մանգասարյանը նկատել տվեց, որ մենք բոլորս սպառողներ ենք և մեր ձայնը միշտ չէ, որ լսելի է տարբեր կազմակերպությունների, տնտեսավարող սուբյեկտների կողմից: Ուստի խնդրին պետք է առավել լուրջ մոտեցում ցուցաբերել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թեման բավականին ընդգրկուն է և ասելիքը շատ` Ռ.Մանգասարյանն առաջարկեց քննարկումներն իրականացնել ըստ առանձին հիմնախնդիրների, որոնք առկա են սպառման ոլորտում: Դրանք վերաբերում էին օրենսդրական դաշտի ձևավորմանն ու բարելավմանը, պետական կառուցներում սպառողների շահերը ներկայացնելուն, ֆինանսական գրագիտությանը, պարենային անվտանգությանն ու լայն սպառման ապրանքների որակի և պիտանիության վերահսկմանը, ապրանքների և ծառայությունների գործող գների, սակագների ու ստանդարտների համապատասխանությանը և այլն: Քննարկված հիմնախնդիրների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում սպառողների իրազեկվածության և իրավագիտակցության մակարդակի բարձրացումը: Մասնակիցների կարծիքով, ոլորտն առանձին քննարկման և կանոնակարգման կարիք ունի:
Ինչպես յուրաքանչյուր երկրում, այնպես էլ ԼՂՀ-ում ամեն մի քաղաքացի օրենսդրորեն պետք է պաշտպանված լինի, իսկ սպառման ոլորտին առնչվող օրենսդրության հիմնական նպատակը տնտեսության տարբեր ոլորտներում սպառողների շահերի պաշտպանության ապահովումն է: ԼՂՀ-ում արդեն գործում են օրենսդրական մի շարք ակտեր, ուստի հարց է առաջանում` ինչպիսին է վերահսկողությունը սպառման ոլորտին առնչվող օրենսդրական և նորմատիվային ակտերի կիրառման նկատմամբ, որքանով է այն ծառայում հօգուտ սպառողների շահերի իրացման:
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ներկայացուցիչը պարզաբանեց, որ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքը և սպառողների իրավունքներն է պաշտպանում, և տնտեսավարող սուբյեկտների շահերն է ներկայացնում: Օրենքը վերահսկում է մի քանի ուղղություններով, որոնցից հատկանշվեցին անբարեխիղճ մրցակցության դրսևորումն ու գերիշխող դիրքը:
Բուռն քննարկումներ տեղի ունեցան այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են հեռախոսային իրավունքների ամրապնդումը և սպառողների մոբիլային կապերի ապահովումը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենօրյա կապի ծառայությունները սպառողի կողմից իրացվող ծառայությունների ցանկում մեծ տեղ են զբաղեցնում, գրեթե հավասար պարենային ապրանքների, բնակարանային, կոմունալ և առողջապահական ծառայությունների սպառմանը: Կապի շուկան սպառման մյուս ոլորտների համեմատությամբ իր առանձնահատկությունն ունի. այն աչքի է ընկնում զարգացման ավելի մեծ դինամիկայով, բազմազանությամբ և տարածվածությամբ, ինչը ոլորտը դարձնում է ավելի բարդ` իրավական կարգավորման տեսակետից և առաջացնում է լուրջ խնդիրներ: Այս առումով քննարկման մասնակիցների կարծիքներն իրարամերժ էին Արցախում կապի ոլորտում մենաշնորհային դիրք զբաղեցնող <<Ղարաբաղ Տելեկոմի>> գործունեության վերաբերյալ:
Սպառողների շահերի պաշտպանությունն ամբողջական չի լինի, եթե բավարարվենք միայն պետական վերահսկողական մարմինների կողմից իրականացվող աշխատանքներով. նման կարծիք հայտնեց Գրիգորի Մարտիրոսյանը: Դա է վկայում ոչ միայն ՀՀ, այլև ամբողջ աշխարհի փորձը: Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում գործում է սպառողների իրավունքների պաշտպանության տեսչություն. երկու տարվա ընթացքում ոչ մի դիմում-բողոք չի ներկայացվել քաղաքացիների կողմից, ասաց գերատեսչության ներկայացուցիչը: Սպառման ոլորտում առաջընթաց արձանագրելու համար, ըստ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարարի, մենք ևս պետք է հետևենք զարգացած երկրների օրինակին և սպառողների շահերի ու իրավունքների ոտնահարման դեպքում վեճերը լուծենք քաղաքակիրթ եղանակով` դատարանների միջոցով:
Ներմուծվող, տեղում արտադրվող լայն սպառման ապրանքների որակի և պիտանիության հարցը ևս բուռն քննարկումների առարկա դարձավ: Անորակ, ժամկետանց ապրանքների վերահսկողությամբ այսուհետ զբաղվելու է գյուղնախարարության համակարգում գործող Սննդի անվտանգության պետական տեսչությունը: Երկամսյա գործունեության ընթացքում 15 ահազանգ է ստացվել` հիմնականում շրջաններից, ժամկետանց մի շարք ապրանքատեսակներ ոչնչացվել են: Լևոն Սարգսյանի կարծիքով` խնդիրը նաև մատակարարների հետ է կապված:
Բոլոր երկրներում սպառողների շահերի պաշտպանությունն առաջին հերթին իրականացվում է հասարակական կազմակերպությունների կողմից. նման կարծիքի են միջոցառման կազմակերպիչները: Հայաստանում այդ շարժումը սկզբնավորվել է 1991-ին և այսօրվա դրությամբ ոլորտում գործում են մի քանի կազմակերպություններ, որոնցից հիմնականը` Սպառողների ազգային ասոցիացիան արդեն անդամակցում է նույնանուն միջազգային կազմակերպությանը: ԼՂՀ-ում 2000թ. ձևավորվել է Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն, որն իր գործունեությունը դադարեցրել է 2008-ին: Այսինքն, չկա որևէ ինստիտուցիոնալ կառույց, որը պետք է ներկայացնի սպառողների շահերը պետական մարմիններին:
Բոլոր հիմնախնդիրների լուծումը նախևառաջ կախված է սպառողների ինքնագիտակցությունից և իրազեկվածությունից. նման համոզմունք հայտնեցին կլոր սեղանի մասնակիցների մեծ մասը: Կարևոր է, որ յուրաքանչյուր սպառող վերահսկողություն իրականացնի գնումների ժամանակ և ուշադրություն դարձնի մակնշմանը, թույլ չտա իրեն` հայտնվել խաբված և անպաշտպան վիճակում: Այսինքն` սեփական շահերի պաշտպանության հարցում պետք է լինել ակտիվ և նախաձեռնող:
Այս առումով մասնավոր ու պետական կառույցների հիմնական գործունեությունը պետք է ուղղվի սպառողների իրավագիտակցության բարձրացմանը, որակյալ ապրանքների և շուկայի ձևավորմանը: Բոլոր ատյաններում անհրաժեշտ է սպառման շուկայի մշակույթ քարոզել. սա էր քննարկումների հիմնական առանցքը: