ՆՊԱՏԱԿԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆ Է

28.03

2014

        1978764 557882500985867 1672428030 n         1900109 557880654319385 765085713 n

<<Ուղեղի ճանաչման շաբաթ>> միջազգային արշավի շրջանակներում` Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության և ՀՀ <<Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա>> ՀԿ նախաձեռնությամբ ԵՊՀ-ում կազմակերպվեց մրցույթ` <<Նյարդաբանությունը արվեստում>> թեմայով: Մրցույթին մասնակցում էին նաև Արցախի պետական համալսարանի ներկայացուցիչները` ԱրՊՀ գիտքարտուղար Գայանե Մարգարյանը և 4-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Հովհաննիսյանը: Ներկայացվել է երեք թեմա, որոնցից երկուսն արժանացել են մրցանակի:

Արցախցիների մասնակցությունը միջազգային արշավին դրանով չսահմանափակվեց. մարտի 26-ին Արցախի մայր բուհի կենսաբանության ամբիոնի դոցենտ Հասմիկ Գալստյանի նախաձեռնությամբ և ուսանողների մասնակցությամբ կազմակերպված միջոցառումը, որին ներկա էին ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանը, դասախոսներ, նույնպես նվիրված էր մարդու ուղեղի ճանաչմանը:
Բացման խոսքում ԱրՊՀ կենսաբանության ամբիոնի վարիչ Աիդա Թորոսյանը ողջունեց նման նախաձեռնությունը` նշելով, որ <<Ուղեղի ճանաչման շաբաթ>> միջազգային արշավի շրջանակներում աշխարհի շատ երկրներում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակն ուղեղի հետազոտությունների և նյարդաբանության ձեռքբերումների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է:
Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Գալստյանն իր ներածական խոսքում որոշ տեղեկություններ հաղորդեց մարդու ուղեղի` որպես երկրագնդի վրա գոյություն ունեցող ամենաբարդ և ամենաքիչ ուսումնասիրված մատերիայի վերաբերյալ: <<Եթե մենք մեր օրգանիզմը դիտենք որպես մեկ համակարգ, մեկ համաստեղություն, ապա նյարդային համակարգը նրա մեջ կենտրոնական տեղ է գրավում, քանի որ այն կարգավորում, վերահսկում և կոորդինացնում է բոլոր օրգան-համակարգերի աշխատանքը, այսինքն` բոլոր ֆիզիոլոգիական ֆունկցիաները` սկսած ամենապարզ ռեֆլեքսներից մինչև հոգեկան երևույթները: Հետևաբար` ինչքան շատ բան իմանանք մեր ուղեղի մասին, այնքան ավելի լավ կարող ենք հոգ տանել օրգանիզմի առողջության համար>>,- ասաց բանախոսը:
Իրենց ելույթներում Անահիտ Հովհաննիսյանը (կենսաբանություն, 4-րդ կուրս, <<Ուղեղի համառոտ բնութագիրը>>), Լուսինե Միրզոյանը (մագիստրատուրա, 2-րդ կուրս, <<Հետաքրքիր փաստեր մարդու ուղեղի մասին>>), Գոհար Պետրոսյանը (մագիստրատուրա, 2-րդ կուրս, <<Սթրեսը և առողջությունը>>) և Սյուզաննա Բեգլարյանը (կենսաբանություն, 4-րդ կուրս, <<Հիվանդությունների կանխարգելում և առողջ կենսակերպ>> ներկայացրին մարդու նյարդային համակարգի և ուղեղի գործունեությունը և այն ամենը, ինչ կապված է նյարդաբանության հետ:
Հարկ է նշել, որ բոլոր ելույթներն էլ յուրովի հետաքրքիր և ուսուցողական էին ու մեծ բավականությամբ ընդունվեցին ունկնդիրների կողմից:
Պրոռեկտոր Վ.Յարամիշյանը, ողջունելով նման կարգի միջոցառումները, նշեց, որ դրանք կարևոր են հատկապես այն առումով, որ ուսանողներն իրենք են զեկուցումներ պատրաստում, ինչը կնպաստի նրանց մասնագիտական մակարդակի բարձրացմանը: Ողջունելի է նաև այն հանգամանքը, որ ուսանողների զեկուցումների թեմաները վերաբերում են իրենց գիտական ուսումնասիրություններին, ինչը նրանց թույլ է տալիս թափանցել գիտության խորքերը: <<Կգա ժամանակ, երբ ինքներդ կդառնաք գիտնականներ ու թերևս կբացահայտեք առայսօր չբացահայտված շատ երևույթներ>>,- հավելեց պրոռեկտորը: