Արցախի պետական համալսարան
    DSC00143
Ապրիլի 3-ին ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը հանդիպեց Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և  ավարտական կուրսերի ուսանողների հետ։ 
Ողջույնի խոսքում Արցախի մայր բուհի ռեկտոր Մանուշ Մինասյանը նշեց. հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեռու չէ ուսումնական տարվա ավարտը, բուհի՝ միջոցառմանը ներկա դասախոսներին և ուսանողներին հնարավորություն է ընձեռվում մտքեր փոխանակել և իրենց հուզող հարցերն ուղղել գերատեսչության ղեկավարին։ 
ԼՂՀ կրթության և գիտության նախարարը հակիրճ ներկայացրեց առաջիկա այն խնդիրները, որոնց հաղորդակից պիտի դառնան շրջանավարտները։ Առջևում ամփոփիչ-ատեստավորման քննություններն են, ինչը կարևոր իրադարձություն է նրանց համար։ <<Ձեզ համար սկսվում է պատասխանատու շրջան, որն անցնելուց հետո պատրաստ պիտի լինեք կատարել հաջորդ քայլերը։ Ուսումնառության տարիներին դուք ձեռք եք բերել գիտելիքների որոշակի պաշար, ու թե ով ինչքանով՝ ինքներդ գիտեք>>,- ասաց նախարարը։ Նրա խոսքերով՝ կրթությունը շարունակական գործընթաց է, որը մարդ իրականացնում է ամբողջ կյանքի ընթացքում։
Ներկայումս բարձրագույն կրթության ոլորտում գործում է եռաստիճան կրթական համակարգ։ Բակալավրը բարձրագույն կրթության առաջին աստիճանն է, և շրջանավարտները կարող են այդ դիպլոմով աշխատել  ստացած մասնագիտությամբ։ Միանգամայն սխալ են այն պաշտոնյաներն ու գործատուները, ովքեր ասում են, թե բակալավրը թերի բարձրագույն կրթություն է։ Ըստ նախարարի՝ կրթական յուրաքանչյուր աստիճան ունի իր նպատակներն ու խնդիրները։ Ուստի ավարտելուց հետո պետք է հստակ կողմնորոշվել՝ գնալ աշխատելո՞ւ, թե՞ շարունակել կրթությունը մագիստրատուրայում, այնուհետև՝ ասպիրանտուրայում։ Մագիստրոսի աստիճանը, ինչպես ասաց Ս.Ասրյանը, պարտադիր կրթական աստիճան չէ բարձրագույն կրթության ոլորտում. մագիստրատուրայում սովորում են ցանկացողները՝ ըստ կարողությունների և  համապատասխան գիտելիքների։ ԼՂՀ կառավարության կողմից ԱրՊՀ-ին մշտապես հատկացվում են թե՜ անվճար և թե՜ վճարովի տեղեր, և ցանկացողները կարող են դիմել մագիստրատուրայի համակարգում սովորելու համար մի պայմանով՝ համալսարանը շեմ է սահմանում, ըստ որի բաշխվում են անվճար և վճարովի տեղերը։ Սահմանվում է նաև շեմ, որից ցածր միավորների դեպքում չի թույլատրվում սովորել մագիստրատուրայում։ 
ԿԳ նախարարը կողմնակից է, որ շրջանավարտների մի մասը գնա աշխատելու. այսօրվա դրությամբ հանրապետության շրջաններում ուսուցիչների թափուր տեղեր կան։ Ցանկության դեպքում կարելի է նաև հետբուհական ուսումը զուգակցել աշխատանքի հետ, իհարկե, եթե ծանրաբեռնվածության խնդիր չլինի։ Բոլոր դեպքերում, համակարգի ղեկավարը խորհուրդ է տալիս իզուր ժամանակ չվատնել։ <<Կրթական յուրաքանչյուր աստիճան ունի իր դերն ու նշանակությունը,- ասաց նախարարը։- Մագիստրատուրան հետազոտական, գիտական աշխատանքներով զբաղվելու հնարավորություն է ստեղծում։ Եթե դուք նպատակադրվել եք սովորել այդ համակարգում՝ ուրեմն սովորեք այնպես, որպեսզի հետագայում դա ձեզ համար օգտակար լինի, և կարողանաք ձեռք բերած գիտելիքները կիրառել աշխատանքում։ Ասինքն՝ որպեսզի կրթական այդ աստիճանը ձևական բնույթ չկրի>>։ 
Անդրադառնալով ասպիրանտուրայի խնդրին՝ Ս.Ասրյանը  տեղեկացրեց, որ խստացվել են կրթական այս աստիճանի նկատմամբ պահանջվող չափանիշները։ Ասպիրանտուրայի բաժին ընդունվելու համար, որպես պարտադիր պայման, համապատասխան ծրագրերով քննություն պետք է հանձնել օտար լեզվից և ինֆորմատիկայից, որից հետո՝ մասնագիտական քննություններ։ Ցավոք, նշված սահմանափակումներից հետո, անցյալ տարի ասպիրանտուրայի բաժին է ընդունվել ընդամենը երեք հոգի։ Կառավարությունն արդեն հաստատել է այս տարվա մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար հատկացված տեղերի ցանկը, ըստ որի՝ 18 անվճար տեղ տրված է ասպիրանտական կրթությանը։ 
Նախարար Ս.Ասրյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել նաև  հանրապետության տնտեսությանը վերաբերող խնդիրներին։ Երկիրն այսօր զարգացման նոր ծրագրեր է առաջադրում. Արաքսի հովտում լուրջ քայլեր են արվում դաշտային աշխատանքների և տեղում արտադրություն ծավալելու ուղղությամբ։ Նախարարի հավաստմամբ՝ նախնական պայմանավորվածություն կա ամառային շրջանում այդ աշխատանքներին աջակցելու համար  ուսանողական ճամբար կազմակերպել (ուսանողներ կընդգրկվեն նաև ՀՀ -ից), ինչը միաժամանակ հետաքրքիր կդարձնի ուսանողության առօրյան։ 
Վերջում ԿԳ նախարարը պատասխանեց  ներկաների հարցերին։ 
Նախնական զինվորական պատրաստության և ֆիզդաստիարակության ֆակուլտետի շրջանավարտներին զինվորական կոչումներ շնորհելու վերաբերյալ նախարարի պատասխանը հստակ էր. Պաշտպանության բանակի հետ համագործակցության ընթացքում զինղեկների վերապատրաստման եռօրյա պարապունքներ են իրականացվում, որից հետո նրանք ստանում են լեյտենանտի կամ հերթական զինվորական կոչում։
Մեկ այլ  հարց վերաբերում էր կրեդիտային համակարգով սովորողների ավարտական քննություններին. եթե ուսանողը չորս տարի սովորել է այդ համակարգում և հավաքել իրեն անհրաժեշտ քանակությամբ կրեդիտներ, արդյո՞ք պարտադիր է, որ նա հանձնի նաև ամփոփիչ-ատեստավորման քննություն։
<<Ամփոփիչ-ատեստավորման քննություն, թե ավարտական թեզի պաշտպանություն՝ որոշում է բուհը։ Եթե բուհի ղեկավարությունը որոշել է, որ անհրաժեշտ է երկուսն էլ հանձնեն՝ այդպես էլ պետք է լինի>>,- ասաց ԼՂՀ ԿԳ նախարարը։ 
Հանդիպման ավարտին ռեկտոր Մ.Մինասյանը շնորհակալություն հայտնեց Ս.Ասրյանին՝ ավանդույթը չխախտելու և հետաքրքիր հանդիպման համար։