Արցախի պետական համալսարան

DSC00369  DSC00332  DSC00386

Ստեփանակերտի պատկերասրահում բացված ցուցահանդեսը, որ նախաձեռնել էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Արցախի պետական համալսարանը և ԼՂՀ նկարիչների միությունը, նվիրված էր հանրապետության մայր բուհի կերպարվեստի ամբիոնի ստեղծման 20-ամյակին և Մայիսյան եռատոնին: Ներկայացված էին կերպարվեստի և գծագրության բաժնի տարբեր տարիների շրջանավարտների 80-ից ավելի դիպլոմային աշխատանքներ` գունանկար, գրաֆիկա, քանդակ, հագուստի մոդելավորում:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, կառավարության անդամներ, դասախոսներ, մանկավարժներ, արվեստասերներ:
Ողջույնի խոսք ասաց ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը` ընդգծելով, որ ցուցահանդեսը կերպարվեստի բաժնի անցած ճանապարհի, կայացման առհավատչյան է, որ շրջանավարտների դիպլոմային աշխատանքներն արտացոլում են ուսանողների գունային ընկալումները, որոնք ավելի քան համարձակ են և անկեղծ: <<Դիտելով այդ աշխատանքները` համոզվում ես, որ ուսանողների ոգեշնչման աղբյուրն Արցախ աշխարհն է, հայրենի բնությունը, մարդիկ,- ասաց Մ.Մինասյանը:- Արվեստը քաղաքականություն և փակ սահմաններ չի ճանաչում, Արցախում կծնվեն տաղանդավոր արվեստագետներ, ովքեր իրենց մշակույթով աշխարհին ճանաչելի կդարձնեն Արցախը>>:
ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը օրը համարեց հիշարժան, քանի որ ցուցադրված էին ուսանողների` տարիների ընթացքում ձեռք բերած ունակությունները: Նրա խոսքերով` աշխատանքները պատկերավոր են, անկեղծ, ընկալումները` անհատական:
Կերպարվեստի ամբիոնի վարիչ, ԼՂՀ վաստակավոր նկարիչ Լավրենտ Ղալայանն իր խոսքում կարևորեց մշակույթի դերը պետության կայացման գործում և նշեց, որ ցուցահանդեսն անցած 20 տարիների և 124 շրջանավարտների հաշվետվությունն է:
ԱրՊՀ դասախոս, կերպարվեստի բաժնի առաջին շրջանավարտ Լուսինե Արզումանյանն ասաց, որ մշակույթը ազգի հարատևման առհավատչյան է, որ ինքը հպարտ է, որ ձեռք է բերել այդ մասնագիտությունը, որ բաժնի շրջանավարտներն աշխատում են տնտեսության տարբեր ոլորտներում, ծառայում են Պաշտպանության բանակի շարքերում, և երախտագիտություն հայտնեց բաժնում դասավանդած դասախոսներին ու նկարիչներին:
Ցուցահանդեսի բացման ժապավենը կտրում են ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը:
Ցուցադրված աշխատանքների թեման բազմազան էր. պատերազմ, ազատագրում (Նարինե Ավանեսյան` <<Վերադարձ>>, Միքայել Մուսայելյան` <<Սրբավայր>>, Էրիկ Օհանյան` <<Շուշի>>, Լուսինե Արզումանյան`<<Հանդիպում>>, Իննա Բալայան` <<Կանչ>>), կենցաղ (Իննա Համբարձումյան` <<Թթաթափ>>, Մարինե Գասպարյան` <<Մայրություն>>, Իննա Իսրայելյան` <<Ատամհատիկ>>), հայրենի եզերք (Նարեկ Ավանեսյան` <<Մեր գյուղը>>, Դիանա Պետրոսյան` <<Հավատք>>, Զիտա Ղասումյան` <<Գյուղական կյանք>>): Հետաքրքրությամբ է դիտվում Ռիմա Ավագյանի <<Ձախորդ Փանոսը>> հեքիաթի մոտիվներով արված նկարների շարքը: Ցուցահանդեսում ներկայացված էին նաև քանդակներ. Համլետ Ջիվանյան` <<Վասն հայրենյաց>>, Սերոբ Մամունց` <<Այա>>, Գևորգ Դանիելյան` <<Սուրբ Թադևոս>>, Դավիթ Օհանյան` <<Պապս>>, Սմբատ Բաղդասարյան` <<Գիքոր>>:
Ուշադրություն էր գրավում Վարդուշ Բաբայանի <<Մեր գյուղը>> գունանկարը, որի շուրջ իր մտորումներն արտահայտեց նկարչուհի Թամարա Մարդանյանը. <<Այս ծառերը մեր անցած ճանապարհի, մեր ճակատագրի վկաներն են: Նկարում արտահայտված է սեր` բնության հանդեպ: Մենք անգամ չենք հասկանում, թե ինչքան ենք կապված բնության հետ: Մեր նախնիները հեթանոսության շրջանում իզուր չէ, որ խոնարհվել են բնության առաջ: Մարդը և բնությունը փոխադարձաբար կապված են իրար հետ, և դրա հետ պետք է հաշվի նստել: Բնությունից ստանում ենք սեր, երջանկություն, ուժ, դրական էներգիա: Մենք բնությունից շատ ենք հեռացել ու պատժվում ենք: Ավանդույթները մեր ազգի գոյության առանցքն են: Մենք ստեղծող ազգ ենք, հնագույն ժողովուրդ, որի հետևում մեծ մշակույթ կա: Եվ այդ մշակույթը պետք է կարողանանք գնահատել, պահպանել, ներկայացնել աշխարհին>>: