Արցախի պետական համալսարան

  20140430 113957   P1020312    P1020344    

Ապրիլի 30-ին Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանի հրավիրած մամուլի ասուլիսի նպատակը մայր բուհի վերջին իրադարձություններին լրատվամիջոցներին իրազեկելն էր: Ներկայացնելով դրանք` հանրապետության մայր բուհի ղեկավարը պատասխանեց նաև լրագրողների հարցերին:

Ողջունելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին ԱրՊՀ ռեկտորն ասաց, որ համալսարանը գործուն քայլեր է ձեռնարկում հայաստանյան բուհերին առավել խորը ինտեգրվելու և համագործակցության կապերն ընդլայնելու, ինչպես նաև Բոլոնյան հռչակագրի բոլոր բաղադրիչները բուհում ներդնելու ուղղությամբ: Այս առումով մայր բուհի պատվիրակությունը` ռեկտորի գլխավորությամբ ապրիլի 13-19-ը գտնվում էր Երևանում: Նախօրոք ձեռք բերված պայմանավորածությունների համաձայն Արցախի պետական համալսարանը համագործակցության համաձայնագրեր կնքեց հայաստանյան մի շարք առաջատար բուհերի հետ, այդ թվում` Երևանի պետական, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Մ.Հերացու անվան պետական բժշկական, Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական, պետական տնտեսագիտական համալսարանների և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ: Մոտ ապագայում` մայիսի 5-6-ը ԱրՊՀ-ն իր հարկի տակ կհյուրընկալի Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի պատվիրակությանը` ռեկտորի գլխավորությամբ, որի կազմում լինելու են նաև Բելգիայից ժամանած հյուրեր, ովքեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ճանաչողական այցով լինել Արցախում, մասնավորապես` մայր համալսարանում: Մ.Մինասյանի խոսքերով` համագործակցող բուհերի ցանկն այսքանով չի ավարտվելու և դեռ ընդլայնվելու միտում ունի: Հաջորդ նմանատիպ այցերին նախատեսվում է համագործակցության պայմանագրեր ստորագրել Հայ ռուսական (սլավոնական) համալսարանի, ֆրանսիական և ամերիկյան համալսարանների, ինչպես նաև այլ առաջատար բուհերի հետ: Այսինքն` ԱրՊՀ-ն նպատակ ունի բուհում ուսուցանվող բոլոր մասնագիտությունների գծով համապատասխան կապեր հաստատել համանուն բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ:
Հիրավի, համագործակցության համաձայնագրերը պահանջված էին: Մ.Մինասյանի խոսքերով` դրանց հաստատմանը նպաստել է նաև ս.թ. մարտի 5-ին երկու հայկական հանրապետությունների` Արցախի և Հայաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև ստորագրված հուշագիրը` 2014-2020թթ. ոլորտում իրականացվելիք միջոցառումների ծրագրի վերաբերյալ, որտեղ բավական հստակ ներկայացված են վերջին տարիներին բուհական համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման հիմնական ուղղությունները: Այդ աշխատանքային ծրագրից բխող նոր փաստաթղթեր ի հայտ եկան` ամրագրված նոր դրույթներով:
Ինչ կտա համագործակցությունը վերոնշյալ բուհերի հետ: Ըստ ԱրՊՀ ռեկտորի` համագործակցության շրջանակները լայն են և ընդգրկում են կրթադաստիարակչական, ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության ոլորտները. դասախոսների և ուսանողների ակադեմիական փոխանակում, փորձի փոխանակում, համատեղ գիտաժողովների ու տարաբնույթ մարզամշակութային միջոցառումների իրականացում, ուսումնական պլանների և ծրագրերի ներդաշնակեցում, կրեդիտների փոխճանաչում և այլն: Այս առումով հատկապես ակտիվացել են կապերը Երևանի պետական համալսարանի հետ, ինչին նպաստել է անցյալ տարի նոյեմբերին երկու մայր բուհերի ուսանողական կառույցների միջև կնքված փոխգործակցության համաձայնագիրը:
Խոսելով համագործակցության համաձայնագրերի հիմնական ուղղությունների մասին, Մ.Մինասյանն ասաց, որ դրանցում կան հստակ սահմանված կողմերի պարտավորություններ: Բնականաբար, ՀՀ բուհերի պարտավորություններն ավելի շատ են, քանզի ԱրՊՀ-ն առ այսօր ընդգրկված չէ Բոլոնիայի հռչակագրում: Հայաստանյան բուհերը պարտավորվում են Արցախի պետական համալսարանին պարբերաբար տրամադրել ուսումնական պլաններ, առարկայական ծրագրեր, ուսումնամեթոդական և օժանդակ գրականություն: Նրանց պարտավորությունների թվին են դասվում նաև համալսարանում նոր տեխնոլոգիաների ներդրումը, տեխնկական աջակցությունն ու հագեցվածության մակարդակի բարձրացումը, դասախոսական կազմի պատրաստում-վերապատրաստումը: Մեկ այլ պարտավորություն, որը կար նաև նախկինում, ատենախոսությունների թեմաների հաստատմանն ու ղեկավարների նշանակմանը, մասնագիտական մինիմումների և թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունների պաշտպանությանն է վերաբերում:
Արցախի մայր բուհի ղեկավարը կարևորեց նաև ուսանողական կառույցների միջև համագործակցությունը: Ուսանողների ակադեմիական փոխանակումից բացի նախատեսվում է կազմակերպել համատեղ դպրոցներ, ամառային ճամբարներ: Այս ուղղությամբ արդեն իսկ գործնական քայլեր կան. ԱրՊՀ ուսանողներն այս տարի կմասնակցեն Հայաստանի մի քանի բուհերում կազմակերպվելիք ճամբարներին, որտեղ կլինեն նաև ուսանողներ` աշխարհի տարբեր երկրներից:
Բոլոնիայի հռչակագրին ինտեգրվելը, ինչին խոչընդոտում է ԼՂՀ չճանաչվածության խնդիրը, մի քանի հնարավորություններ է ընձեռում ինչպես արտասհամանյան բուհերում ուսումը շարունակելու, այնպես էլ ավարտական փաստաթղթերի` կրկնակի դիպլոմներ շնորհելու առումով: Այստեղ անելիքներ ունեն ինչպես կրթության և գիտության գերատեսչությունը, այնպես էլ Արցախի պետական համալսարանը` հայաստանյան բուհերի հետ միասին: Այս ընթացակարգը, ինչպես ասաց ռեկտորը, մշակման փուլում է և ուղիներ են որոնվում գործընթացը ճիշտ կազմակերպելու համար: Հնարավոր է` ուսանողները վերջին կիսամյակում կամ ուսման վերջին տարում ուսանեն համապատասխան բուհերում, ինչն իր հերթին կարևորում է այդ հաստատությունների հետ ուսումնական պլանների և ծրագրերի համապասխանեցումը: Անշուշտ, դա զանգածային բնույթ չի կրի. խոսքը հիմնականում վերաբերում է արտերկրում սովորել ցանկացողներին:
Մ.Մինասյանը լրագրողներին իրազեկեց, որ ընթացիկ տարվա մարտ ամսին համագործակցության պայմանագիր է ստորագրվել ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի ինժեներատնտեսագիտական համալսարանի հետ:
ԱՐՊՀ ռեկտորն անդրադարձավ անցյալ տարի <<Սինոփսիս Արմենիա>> և <<Ղարաբաղ Տելեկոմ>> ընկերությունների հետ կնքված եռակողմ համաձայնագրին, որի արդյունքում այս ուսումնական տարվա սեպետեմբերից Արցախի մայր բուհում գործում է միկրոէլեկտրոնիկայի գծով համահամալսարանական ամբիոնը: Երևան կատարած այցի ընթացքում ԱրՊՀ ռեկտորն այցելել է նաև <<Սինոփսիս Արմենիա>> և <<ՎիվաՍԵԼ>> ընկերությունները, համատեղ քննարկել նոր լսարանի և նոր խմբի ձևավորման առումով առկա խնդիրները:<<Սա տեխնիկական թեքումով պահանջված մասնագիտություն է, որի կարիքն ունենալու ենք աշխատաշուկայում>>,- ասաց Մ.Մինասյանը:
Ինչպիսին էր նախկինում համագործակցությունը վերոնշյալ բուհերի հետ, կնքված համաձայնագրեր եղել են մինչ այդ, դա թարմացում է նշանակում, թե ամեն ինչ զրոյից են սկսում: Պատասխանելով հարցին` ռեկտոր Մ.Մինասյանը նշեց, որ փաստացի համագործակցություն կար տարբեր ոլորտներում: Ավարտական քննությունների հանձնաժողովների կազմերը ձևավորվել են Երևանի պետական համալսարանի և մյուս պետական համալսարանների դասախոսների ընդգրկմամբ: ԱրՊՀ-ն ունեցել է նրանց հետ պայմանագիր` կնքված 1995 թվականին: Բայց ժամանակները փոխվում են, նոր պահանջներ, նոր մոտեցումներ են ի հայտ գալիս: Բացի այդ, ժամկետային առումով ևս այդ պայմանագիրը սպառված էր: Ռեկտորը մատանաշեց նոր համաձայնագրի ստորագրման համար մեկ այլ կարևոր հանգամանք` վերջերս երկու հայկական հանրապետությունների կրթության և գիտության գերատեսչությունների միջև կնքված հուշագիրը, ինչը ենթադրում է համագործակցության բոլոր այն ուղղությունները, որոնց մասին արդեն խոսվել է:
Երևանի բժշկական քոլեջը, ինչպես նաև կենսաքիմիայի բաժինն ավարտած ուսանողները հնարավորություն ունեն ուսումը շարունակել Հերացու անվան բժշկական համալսարանում` 2-րդ կուրսից: Ինչու նման հնարավորություն չի ընձեռվում նաև Արցախի ուսանողներին, հատկապես որ` երկիրը բժիշկների կարիք ունի: Հարցի կապակցությամբ ռեկտորը մասնավորապես ասաց. <<Կառավարության որոշումը գործում է և Հայաստանում և Արցախում: Իմ պաշտոնավարման ընթացքում եղել են միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ավարտած ուսանողներ, ովքեր մեր համալսարանում նստել են 2-րդ կուրսում: Պարզապես կա այսպիսի պահանջ, տվյալ ուսանողը պետք է հաստատությունն ավարտած լինի գերազանց կամ լավ գնահատականներով: Բացի այդ, մենք չունենք բժշկականին համատասխան մասնագիտություն, մենք ընդամենը ունենք ստոմատոլոգիայի բաժին: Բայց կենսաբանության, քիմիայի մասնագիտությունների գծով ունեցել ենք նման ուսանողներ>>:
Ռեկտորին ուղղված շուրջ մեկ տասնյակ հարցերը տարաբնույթ էին և վերաբերում էին մասնավորապես ուսանողական շինջոկատների կազմակերպմանը, հայաստանյան բուհերի հետ համատեղ փորձուսուցումների կազմակերպմանը, համալսարանի վերջին ժամանակների ձեռքբերումներին, առանձին մասնագիտությունների վերանայմանը, պրոֆեսորադասախոսական կազմի երիտասարդացման խնդիրներին և այլն:
Վերջում Մ.Մինասյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին` հայտնելով, որ կարևորում է ԶԼՄ-ների դերը և պատրաստ է մշտապես հանդիպել, բաց զրույցի ձևաչափով պատասխանել նրանց հարցերին: