ԱՎԱՆԴՈՒՅԹ ԴԱՐՁԱԾ ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍ

08.05

2014

 DSC00394  DSC00406  DSC00404

Մայիսյան եռատոնի կապակցությամբ մեր հանրապետությունում ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն արիության դասեր են անցկացվում հանրապետության ուսումնական հաստատություններում: Արցախի ամենախոշոր կրթական հաստատությունում` մայր բուհում մայիսի 8-ին տեղի ունեցած արիության դասն անցկացրեց ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Համալսարանականների հյուրն էր նաև Կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:

Ավանդույթի համաձայն` հյուրերը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան ազատամարտում զոհված ուսանողների հիշատակին:
ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը բացման խոսքում շնորհավորեց ներկաներին` Մայիսյան փառապանծ տոների առթիվ` մեկ անգամ ևս արժևորելով դրանց իմաստը:
Պաշտպանութան նախարարի վարած դասը պատմական յուրօրինակ էքսկուրս էր` Հայրենական մեծ պատերազմում մեր ժողովրդի ունեցած ավանդից մինչև ներկայիս ռազմաքաղաքական իրադարձություններ` դրանց պատճառահետևանքային կապերով ու նշանակությամբ հանդերձ: «Հայ ժողովուրդը բավական թանկ գին վճարեց Մեծ Հայրենականում տարած հաղթանակի համար, ինչն անհնար է ջնջել հիշողությունից: Երկրորդ աշխարհամարտում մեր պապերի տարած հաղթանակը մեծ նշանակութուն ունեցավ Արցախյան պատերազմում ձեռք բերած հաջողություններում և հաղթանակում, քանզի նոր սերունդն իր մեջ կրում էր նախորդների ոգին»,- ասաց Մովսես Հակոբյանը:
Անդրադառնալով Շուշիի ազատագրմանը` գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ներկայացրեց դրա անհրաժեշտության օբյեկտիվ պատճառները: Առաջինը` Շուշին ազատագրված տեսնելու հայերիս միակամ ցանկությունը, ինչը պարտավորեցնող էր: Ճակատագրի կամոք, հայ ժողովրդի մշակութային, հոգևոր կենտրոն բերդաքաղաքը Արցախյան շարժման տարիներին դարձել էր ռազմական հենակետ, դարձել չարիք` Ստեփանակերտի և շրջակա բնակավայրերի համար: Ահա թե ինչու հրատապ էր Շուշիի ռազմագործողությունը, որը հաջողությամբ պսակվեց մայիսի 9-ին:
Պաշտպանության նախարարը հերթով անդրադարձավ նաև մյուս ռազմագործողություններին: Աճող սերունդը պետք է լավ սերտի նաև պաշտպանության բանակի ստեղծման դասերը, ասաց ռազմական գերատեսչության ղեկավարը` պարզաբանելով, թե ինչու է նրա ստեղծման օր համարվում Շուշիի ազատագրման օրը: Նրա խոսքերով` Շուշիի ռազմագործողությունը եզակի էր իր մասշտաբով և օգտագործած ռազմարվեստով:
Այնուհետև Պաշտպանության բանակի հրամանատարը խոսեց հետպատերազմյան շրջանում Արցախի զինված ուժերի ձեռքբերումների, բանակաշինության գործընթացի մասին: Բանակում իրականացվող լուրջ խնդիրներից է մարտական հերթապահության կազմակերպումը: «Թշնամին պետք է հասկանա, որ ԼՂՀ-ի հետ ռազմական ճանապարհով խոսելն անհնարին է»,- նշեց Արցախի Զինված ուժերի հրամանատարը:
Եռատոնի առթիվ ներկաներին շնորհավորեց նաև Կրթության և գիտության նախարարը: Քսաներկու տարի անց կարելի է որոշակի ամփոփումներ անել և ասել, թե ինչու ենք մենք մայիսիյան այդ հաղթանակները միավորել մեկ ընդհանուր Եռատոնի մեջ, ասաց Ս.Ասրյանը: Նախարարի խոսքերով` զարմանալի զուգադիպությամբ մեր ժողովրդի համար բախտորոշ ու վճռական հաղթանակները բաժին են ընկել մայիս ամսին: Փառահեղ հաղթանակների շարքն սկսվել է 451 թվականին` Տղմուտ գետի ափին և եզրափակվել 1992թ. Շուշիի ազատագրման փայլուն ռազմագործողությամբ: Բոլոր այդ հաղթանակները ունեցել են նաեւ զարմանալի մի ընդհանրություն. հակառակորդը պարտվել է իր իսկ սանձազերծած պատերազմում:
Վերջում ռեկտոր Մ.Մինասյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին` հետաքրքիր հանդիպման համար: