Արցախի պետական համալսարան

Avet  DSC00013  DSC00006

Մայիսի 14-ին ԱրՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ <<Քրեական դատավարության բարեփոխումները ՀՀ-ում>> թեմայով սեմինար-քննարկում, որը կազմակերպվել էր <<Քրեական արդարադատություն>> գիտավերլուծական խորհրդի նախագահ, հայ-ռուսական և հայ-ֆրանսիական համալսարանների դասախոս, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանի և ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ, իրավունքի ամբիոնի դասախոս Ավետիք Հարությունյանի կողմից:

Միջոցառումը, որին մասնակցում էին դատավորներ, դատախազներ, ոստիկանության և ռազմական ոստիկանության քննիչներ, Ազգային ժողովի և արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ԱրՊՀ դասախոսներ և ուսանողներ, բաղկացած էր երկու մասից. <<Քրեական վարույթի հանրային մասնակիցների փոխհարաբերությունները>> և <<Ցուցմունքների դատական դեպոնացումն ըստ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի>>:
Բացելով միջոցառումը` ԱրՊՀ ՈւԳԸ նախագահ Ավետիք Հարությունյանը կարևորել է Արցախի մայր բուհում նման սեմինարի անցկացումը և նշել, որ հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց պետք է զարգանա նաև երկրի օրենսդրությունը և տեսաբան ու պրակտիկ իրավաբանների խնդիրը ոչ միայն դրանց հնարավորինս հետևելն է, այլև առավել առանցքային իրավական ակտերի վերաբերյալ գիտականորեն հիմնավորված մեկնաբանություններ ու վերլուծություններ ստանալը, իսկ քրեական դատավարության ոլորտն այն կարևորագույններից մեկն է, որը շոշոփում է անձի իրավունքներն ու օրինական շահերը: Հաշվի առնելով այս ու մի շարք այլ կարևոր հանգամանքներ, կազմակերպվել է սույն սեմինարը` նպատակ ունենալով քննարկման առարկա դարձնել քրեական դատավարության ու քրեական նոր օրենսգրքերի և առհասարակ տվյալ ոլորտների առավել խնդրահարույց հարցերը:
Արթուր Ղամբարյանի պնդմամբ` նոր օրենսգրքի դրույթներն ավելի առաջադեմ ու ժողովրդավար են, ինչի վկայությունն է այն, որ շատ եվրոպական երկրների ներկայացուցիչներ հետաքրքրված են հայաստանյան փորձով: Սեմինարի մասնակիցները հանդես եկան ակտիվ հարցադրումներով, որոնց պատասխանները հնչեցին սեմինարավարների կողմից և մատնանշվեցին լուծման ուղիները:
Ամեն դեպքում, դատական ոլորտի յուրաքանչյուր աշխատող պետք է ունենա մասնագիտական լուրջ գիտելիքներ, հարուստ փորձ, որպեսզի իր անփութությամբ կամ չիմացությամբ սխալ որոշումներ չկայացնի և մարդկային կյանքեր չկործանի:
Սեմինարի ընթացքում ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանդես եկավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավագիտության թեկնածու Վարազդատ Տեր-Գևորգյանը, ով միաժամանակ հանդիսանում է հիշյալ օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի անդամ:
Միջոցառման կազմակերպիչները նախանշել են հետագա համագործակցության ուղիները և խոստացել, որ նմանատիպ միջոցառումները կունենան պարբերական բնույթ: