Արցախի պետական համալսարան

DSC00014  DSC00016  DSC00015

Մայիսի 21-ին Արցախի պետական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնին կից <<Ռուսական մշակույթի ընկերության կենտրոնը>> հյուրընկալեց ռուսաստանցի գրող և կինոդրամատուրգ, հայագետ Կիմ Նաումի Բակշիին:

Հանդիպմանը մասնակցում էին ռուսաց լեզվի ամբիոնի դասախոսներ և ուսանողներ: Հյուրին ուղեկցում էին նրա գրքերի լուսանկարների հեղինակ Հակոբ Բերբերյանը և նրա պահապան ինչպես ինքն է ներկայացրել Սուրեն Սարգսյանը: Սկզբից Կիմ Բակշին ներկաներին բարևեց հայերեն լեզվով, այնուհետև հակիրճ ներկայացրեց իր կենսագրությունը. <<Ծնվել (1931թ.) և մեծացել եմ Մոսկվայում: Մանկությունս անցել է պատերազմական տարիներին: Մեծ հայրենականի ժամանակ եղել եմ Մոսկվայում: Ավարտել եմ Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև ասպիրանտուրան: Աշխատել եմ խորհրդային ժամանակաշրջանում հայտնի <<Օգոնյոկ>> ամսագրում: Հայագիտությամբ սկսել եմ զբաղվել 1964 թվականից: Այդ ժամանակ առաջին անգամ եկել եմ Հայաստան Վախթանգ Անանյանի մոտ: Նա ինձ ծանոթացրել է Հայաստանի պատմամշակութային, հոգևոր և տեսարժան վայրերին: Անանյանի շնորհիվ ծանոթացել եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ: Մտերմացել եմ հիանալի հայ կնոջ, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հետ: Սկսել եմ գրել Հայաստանի մասին գրքեր: Առաջին իմ գիրքը անվանել եմ <<Արծիվ և սուր>>:

Կիմ Բակշին հեղինակ է նաև <<Ճակատագիր և քար>>, <<Սուրբ Ղազարի հարությունը>>, <<Մենաստանից` սիրով>>, <<Մեր աշխարհը նման է անվի>>, <<Սառած ժամանակը>>, <<Կապույտ երկնքի տակ>> գրքերի: Նրա վերջին գիրքը նվիրված է Արցախին և կոչվում է <<Արցախի հոգևոր գանձերը>>, որը հեղինակը մակագրեց և հանդիպման վերջում նվիրեց <<Ռուսական մշակույթի ընկերության կենտրոնին>>: Մատենադարանի մասին պատմող 20-սերիանոց <<Մատենադարան>> ֆիլմի համահեղինակն է:

Ռուսաց լեզվի ամբիոնի դասախոսները և ուսանողները տարաբնույթ հարցերով դիմեցին հյուրին` <<Ինչպես է նա վերաբերվում հոգևոր հավատքին>>, <<Ինչպես է առաջացել <<Մատենադարան>> ֆիլմի գաղափարը և այլն:

Պատասխանելով հարցերին` հայտնի հայագետը նշեց, որ ինքը ուղղափառ է, հաճախակի է լինում եկեղեցում և մեծ հարգանքով է վերքբերվում հայկական եկեղեցուն: Պատմեց, որ շրջագայում է աշխարհի տարբեր երկրներով, ամենուր լինում է հայտնի գրադարաններում և թանգարաններում: <<Չիկագոյի համալսարանում պահպանվում է <<Գանձասարի կարմիր Ավետարանը>> գիրքը: Տնօրենի թույլտվությամբ այդ գրքի էջերից պատկերներ եմ նկարահանել և տեղադրել իմ <<Արցախի հոգևոր գանձերը>> գրքի մեջ,- ասել է Կիմ Բակշին:- Հայկական գրքեր և Ավետարաններ  տեսել եմ նաև Նյու-Յորքի, Լոնդոնի և ուրիշ խոշոր քաղաքների գրադարաններում>>:

Շնորհակալություն հայտնելով հյուրին` ԱրՊՀ պատմա-քաղաքագիտական ֆակուլտետի դեկան Վալերի Ավանեսյանը նշեց, որ արդեն ընթերցել է <<Արցախի հոգևոր գանձերը>> գիրքը և որպես պատմության մասնագետ սիրահարվել է այդ գրքին: Նա հույս է հայտնել, որ հեղինակի Արցախի մասին այս գիրքը չի լինի վերջինը և մենք դեռ հնարավորություն կունենանք տեսնել մեր լեռնաշխարհի պատմության շարունակությունը: