Արցախի պետական համալսարան

                       DSC00009     DSC00011

Մայիսի 26-ին Արցախի մայր բուհում զորակոչային տարիքի ուսանողների հետ կայացած հանդիպումը, որ նախաձեռնել էին համալսարանն ու «Կաճառ» գիտական կենտրոնը, մեկ նպատակ էր հետապնդում. ապագա զինծառայողներին հնարավորինս տեղեկացնել բանակում գործող կարգուկանոնին, սահմանադրական օրենքներին` զինվորական կյանքին ու նոր միջավայրին հեշտ ու արագ հարմարվելու համար: Իսկ այդ ամենը ներկայացնելու և բանակային խնդիրներին ծաոթացնելու համար մայր բուհ էին այցելել ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը և Ստեփանակերտի տարածքային զինկոմիսարիատի զինվորական կոմիսար Ստեփան Օհանջանյանը:

Հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանը նշեց, որ «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքի համաձայն` 18 տարին լրացած հայ պատանիները պարտավոր են ծառայել Պաշտպանության բանակում: Այն բանակում, որը փառապանծ ուղի անցնելով` դարձել է մեր բնակչության անվտանգության երաշխիքը: «Յուրաքանչյուր երիտասարդ զորակոչվելով զինված ուժերի շարքերը, պետք է գիտակցի իր առջև դրված կարևոր խնդիրը և մասը դառնա այն հզոր կառույցի, որը հպարտությամբ անվանում ենք ԼՂՀ պաշտպանության բանակ»,- ասաց պրոռեկտորը:
Կարևորելով նման հանդիպումները` զորակոչային տարիքի անձանց հետ, գեներալ-մայոր Վարդան Բալայանն ասաց, որ դեռևս նախազորակոչային տարիքում նրանց մոտ հաճախ թյուր կարծիք է ձևավորվում բանակի, այնտեղ տիրող օրենքների հանդեպ: Դրան նպաստում են ինչպես ընտանիքի անդամների, այնպես էլ շրջապատի մարդկանց խոսակցությունները, անտեղյակությունը զինված ուժերում տիրող կարգուկանոնի մասին: Իսկ առաջին «աղբյուրից» այդ ամենին տեղեկանալը կօգնի նրանց հաղթահարել դժվարությունները և ծառայությունը դարձնել դյուրին ու հետաքրքիր: «Իրավիճակը բանակում վերահսկվում է, այնտեղ գործում է նորակոչիկի ընդունման կարգ, ըստ որի փորձում են առաջին իսկ օրվանից լուծում տալ ծագող խնդիրներին»,- հավաստիացրեց Վ.Բալայանը:
Ուսանողների հետ հանդիպմանը մեկնաբանություններ հնչեցին ինչպես զորակոչի կազմակերպման, զորակոչիկների բաշխման, այնպես էլ ներբանակային կյանքի և զինվորական արձակուրդների տրման կարգի վերաբերյալ: Զեկուցումներ հնչեցին բանակի պատմության, հայրենիքի պաշտպանության հարցում քաղաքացու սահմանադրական իրավունքի և պարտականությունների մասին:
Ելույթ ունեցողների մի մասը նախկին զինվորականներ են և այժմ դասախոսում են համալսարնում, այնպես որ` բանակում առկա հոգեբանական խնդիրների մասին նրանք խոսում էին բացեիբաց:
Հիմնական հորդորը, որ հնչեց, հրամանատարների կարգադրություններն ու հրամաններն անվերապահորեն կատարելուն էր վերաբերում, միջանձնային հարաբերություններում` սերը, ներողամտությունը, ընկերասիրությունը, որոնք, սակայն, զերծ պիտի լինեն կեղծ կապանքներից:
ԱրՊՀ ուսանող, նախկին զինծառայող Հայկ Գևորգյանը ևս ընկերներին հորդոր փոխանցեց` պահել մարտական դիրքը` ինչպես սեփական ընտանիքը:
Հանդիպման ընթացքում ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին Պաշտպանության բանակի ներկայացուցիչներին` ստանալով դրանց սպառիչ պատասխանները:
Արդյոք մեկ տարվա ուսանողական կյանքն օգնում է զինվորական ծառայությանը հարմարվելուն: Հարցին ի պատասխան նշվեց. Պաշտպանության բանակում կատարված դիտարկումները ցույց են տվել, որ կրտսեր հրամանատարական կազմի մեծ մասը հենց բուհերի ուսանողներ են:
Այս տարվա ամառային զորակոչը երկու փուլով է կազմակերպվելու և ուսանողներին այն չի խանգարելու` ավարտել ուսումնական տարվա դասընթացը: Վ.Յարամիշյանի խոսքերով` մայր բուհի ղեկավարությունը խնդրել է իշխանություններին, որպեսզի զորակոչն ավարտվի այն ժամանակ, երբ ուսանողները հանձնած կլինեն քննություններն ու դասընթացն ամբողջությամբ:
Գեներալ-մայոր Վարդան Բալայանը նշեց, որ նման հանդիպումներ կկազմակերպվեն բոլոր հաստատություններում, որտեղ զորակոչիկներ կան: