Արցախի պետական համալսարան

ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳ - 2014
Արբշիռ գույներով ներբողելով մայր բնությունը, և հերթական անգամ հյուրընկալվելով Արցախի պետական համալսարանի հարկի տակ, գարունը նոր շունչ հաղորդեց բոլոր նրանց, ովքեր պատրաստ էին հավուր պատշաճի զգալ նրա արբեցնող հմայքը: Առավել ևս նրանք, որոնց համար գարունն իրոք խորհրդավոր է և անկրկնելի, քանզի այն տոն է պարգևում կրթական օջախի յուրաքանչյուր ուսումնատենչ ուսանողի:

Ուսումնադաստիարակչական հախուռն ու անկաշկանդ մթնոլորտում ուսանողներն այս անգամ էլ նորովի տվեցին ներբուհական մթնոլորտում շիկացած մի շարք հարցերի լուծումներ` «Ուսանողական գարուն» փառատոնի շրջանակներում ներկայացնելով ներհամալսարանական հաջողություններն ու թերացումները` կառուցողական հումորի նուրբ քողի տակ:
Բարի ավանդույթն իրենց գործելաոճով կիսեցին ԱրՊՀ բոլոր ֆակուլտետների ուսանողները` մրցակցության շեմին հաղթանակ ակնկալելով և իրենց տաղանդն ի ցույց դնելով անաչառ հանդիսատեսի դատին:
Մասնակիցներն այս անգամ ավելի լավ էին նախապատրատվել մրցույթին` առավելագույնս կերտելով իրենց բաժին հասած կերպարը և ջանում էին ասելիքը հասցնել հանդիսատեսին: Թերևս սա էր միջոցառման ընթացքում յուրաքանչյուր մասնակցի դիրքորոշման գրավականը:
Անզուգական պարային նազանքով հանդես եկան մանկավարժության և օտար լեզուների ֆակուլտետների ուսանողները: Ջերմությամբ ընդունվեց հայ բանասիրության և լրագրության, ՆՌՊ և ֆիզդաստիարակության ու ճարտարագիտական ֆակուլտետների ուսանողների կատարմամբ հնչած երգերն ու ասմունքը: Փառատոնն անհնար էր պատկերացնել առանց հումորասեր ուսանողների բեմական խաղի և վարպետության, առանց ծիծաղաշարժ ու զավեշտական բեմադրությունների և նախապես մոնտաժված տեսահոլովակների: Իրենց բեմական խաղով փայլեցին քիմկենսաբանական, ֆիզիկամաթեմատիկական, պատմության և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողները: Հզոր ձայնի ելևէջների մի ողջ ընտրանի շնորհեց տնտեսաիրավաբանական ֆակուլտետը` գունային բազմերանգ գամաների ուղեկցությամբ:
Բարձր որակական ցուցանիշներ արձանագրած թիմերն իրենց գունագեղ ներկապնակով հայտնվեցին եզրափակչում: Տաղանդների լավագույնս դրսևորումը դարձավ արվեստի անզուգական ծաղկաքաղ` փառատոնի գալա համերգի իրականացման համար: Գեղագիտական նուրբ շաղախի մեջ էր միախառնվե;լ համերգի վերջնափուլը. «Ուսանողական գարուն-2014» փառատոնի գալա համերգը կայացավ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի լեփլեցուն դահլիճում: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ԱրՊՀ ռեկտորը, պաշտոնատար անձինք, դասախոսներ, ուսանողներ, հրավիրվածներ:
Գարնան հրաշք տոնը հիանալի նվեր էր հանդիսատեսին: Լավագույն ելույթների շղթա, արվեստի ընտրանի, եռանդուն խաղ, հույզեր, բավականություն, ավանդական տարազի ցուցադրություն, հայրենների յուրովի վերծանություն… Տոն, որն իր շուրթերով, նազանքով, հևքով, տաղանդով գարուն է բերում ու պարգևում մայր բուհի ուսանողը:
Միջոցառմանը անակնկալ մատուցվեց այն ուսանողներին, ովքեր հասարակական և ներբուհական կյանքում գրանցել էին առաջադիմություն և հաջողություններ: Նման անձինք ԱրՊՀ ռեկտորի կողմից պարգևատրվեցին դրամական պարգևներով և շնորհակալագրերով: