ԱրՊՀ-ն շարունակում է ընդլայնել համագործակցության շրջանակները

16.09

2014

 IMG 3343   IMG 3384  IMG 3398
Սեպտեմբերի 14-ին ԱրՊՀ-ն հյուրընկալել էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվիրակությանը: Նպատակը ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարների ստորագրած համագործակցության ծրագրի դրույթների հիման վրա ԱրՊՀ-ՃՇՀԱՀ համագործակցության պայմանագրի ստորագրումն էր:
Ողջունելով ներկաներին ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը նախ շնորհակալություն հայտնեց ՃՇՀԱՀ պատվիրակությանը այցի և համագործակցության համար, ապա կարևորեց նման պայմանագրերի դերը` ընդգծելով, որ «ԱրՊՀ-ում գործում է ճարտարագիտության ֆակուլտետը, որը, չնայած 1,5 տասնամյակի պատմություն ունի և անցել է որոշակի ճանապարհ, այնուամենայնիվ, կարիք ունի թե ուսումնամեթոդական ու գիտահետազոտական, թե նախագծային ու փորձագիտական օժանդակության:

Այս առումով համագործակցության պայմանագիրը կարևոր է և պիտի որ համատեղ ծրագրերի իրականացումը կայուն հիմքեր ապահովի գործնականում երկու բուհերի համագործակցությունը ռեալ հիմքերի վրա դնելու ուղղությամբ»:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով ԱրՊՀ ղեկավարությանը համագործակցության պայմանագրի կնքմանը նպաստելու համար` ՃՇՀԱՀ ռեկտոր Գ.Գալստյանը հավաստիացրեց, որ իրենց կողմից արվելու է առավելագույնը պայմանագրի դրույթների իրականացման համար, դրա համար կան բոլոր հիմքերն ու նախադրյալները. «Ծրագիրը հնարավորություն կտա աջակցելու ԱրՊՀ կրթության որակի բարձրացման, պրոֆեսորադասախոսական կազմի համալրման, նրանց որակավորման պարբերական բարձրացմանը, վերամշակված և թարմացված ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, ուսումնաօժանդակ գրականության, բազային հաստատություններում տարբեր մասնագիտությունների գծով համատեղ փորձուսուցումների կազմակերպման, նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և մի շարք այլ առումներով»,- նշեց ռեկտորը:
ՃՇՀԱՀ ռեկտորի առաջին տեղակալ, պրոռեկտոր Վ.Վարդանյանը ևս կարևորեց նմանատիպ պայմանագրերի ստորագրումը, ապա ներկայացրեց բուհի հավատարմագրման գործընթացները. «Բուհն ավարտել է ինստիտուցիոնալ հավատարմագրումը և այսօր խնդիր ունի մասնագետների հավատարմագրման, ինչն արդեն իսկ ընթացքի մեջ է»:
Միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար, պրոռեկտոր Վ.Եդոյանն էլ ներկայացրեց ՃՇՀԱՀ-ը համագործակցության ուղղություններն ու ոլորտները 20 երկրների 60 առաջատար բուհերի, գիտամանկավարժական և գիտահետազոտական հիմնարկների հետ, այդ թվում` Չինաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Մոսկվայի և այլն, որի արդյունքում նախորդ տարի կատարվել է ավելի քան 100 ուսանողի փոխանակություն: «Հաշվի առնելով ԼՂՀ չճանաչված պետություն լինելու հանգամանքը` աշխատանքներ կիրականացվեն ԱրՊՀ շրջանավարտներին արտերկրի բուհերում ուսումը շարունակելու հնարավորություն ընձեռելու ուղղությամբ»,- խոստացավ Եդոյանը և հրավիրեց մասնակցել հունիսի 28-ից հուլիսի 2-ը կայանալիք «Ճարտարապետության և շինարարության արդի հիմախնդիրները» թեմայով գիատաժողովի:
ԱրՊՀ Ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Գ.Բաղունցն ու քաղաքաշինության ամբիոնի վարիչ Ռ.Իսրայելյանը ևս իրենց խոսքում լիահույս էին, որ պայմանագիրը փոխշահավետ կլինի կրթադաստիարակչական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական գործունեության ոլորտներում, դասախոսների և ուսանողների ակադեմիական փոխանակման, մասնագետների, գիտական կադրերի պատրաստման, աշխատակիցների որակավորման շարունակական բարձրացման, ինչպես նաև ճարտարապետության, շինարարության բնագավառներում նախագծային և փորձագիտական խնդիրների համատեղ մշակաման առումներով:
Հանդիպման վերջում երկու բուհերը խորհրդանշական նվերներ փոխանակեցին. Մ.Մինասյանը հյուրերին նվիրեց Ա.Սարգսյանի «Ղարաբաղի բարբառը» աշխատությունը և արցախյան կոլորիտը ներկայացնող նկար, իսկ ՃՇՀԱՀ պատվիրակությունը ԱրՊՀ-ին նվեր էր բերել Հ.Մամյանի հեղիանակած գիրքն ու մասնագիտական ավարտական աշխատանքների կատալոգ` հույս հայտնելով, որ հաջորդ հանդիպմանը ՃՇՀԱՀ պատվիրակությունը կտիրապետի ղարաբաղի բարբառին, ԱրՊՀ-ն էլ իր հերթին մասնագիտական ավարտական աշխատանքների կատալոգ կունենա: