Արցախի պետական համալսարան

IMG 5188   IMG 5220  IMG 5246  

Սեպտեմբերի 23-ին ԱրՊՀ-ում տեղի ունեցավ առաջին կուրսեցիների  երդման արարողությունը: Ներկա էին ԿԳ նախարար Ս.Ասրյանը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս Թավադյանը, ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, պրոռեկտորներ, դեկաններ, դասախոսներ, ուսանողներ, ծնողներ, հյուրեր:

Միջոցառումը բացվեց ԱրՊՀ օրհներգով: Ներկաները հարգեցին ԱրՊՀ զոհված ազատամարտիկ-ուսանողների հիշատակը` ծաղիկներ խոնարհելով  նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ռեկտոր Մ.Մինասյանը երդման արարողութունը որակեց որպես մայր բուհի գեղեցիկ և ամենակարևոր միջոցառումներից մեկը. «Այսօրվա խորհուրդը տարիների պատմություն ունի, երբ բոլորս հավաքվում ենք նշանավորելու առաջին կուրսեցիների  մուտքը մայր բուհ` նրանց հնարավորություն ընձեռելով բարձրաձայն իրենց երդումը հնչեցնելու մեր հերոսների հուշակաոթողի մոտ` իրենց դասախոսների, ծնողների, ընկերների ներկայությամբ: Այս երդումը ձեզ պետք է ուղեկցի ոչ միայն ուսումնառության, այլև` ողջ կյանքի ընթացքում»:

ԿԳ նախարար Ս.Ասրյանը շնորհավորեց առաջին կուրսեցիներին, կարևորեց նման միջոցառումների դերն ու խորհուրդ տվեց չընկրկել դժվարությունների առջև, պատրաստակամ լինել հաղթահարելու ցանկացած խոչընդոտ: «Սրբատեղի դարձած այս հուշակոթողի մոտ այսօր պետք է երդվեք արժանի հետևորդը լինել մեր ավագ եղբայրների, նրանց արյան ու գենի ժառանգորդը: Այս երդումը պարտավորեցնող է այն առումով, որ այսօր դուք` երդում տվողներդ, միաժամանակ պարտավորվում եք հետագայում կրել ԱրՊՀ շրջանավարտի պատվավոր կոչումը»:
«Ուսանողական տարիները այն փուլն են, երբ մարդը հնարավորություն է ստանում ոչ միայն գիտելիքներ ստանալու, այլ նաև նոր շրջապատ, նոր ընկերներ ձեռք բերելու, ինչու չէ` սիրահարվելու: Ուստի յուրաքանչյուրիդ կոչ եմ անում զգալ «ուսանողական կյանք» ասվածը»,- իր խոսքում ասաց ԱրՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Գ.Սահակյանը:
ԱրՊՀ ՈՒՎ նախագահ, չորրորդ կուրսեցի Հ.Մնացականյանը ևս շնորհավորեց առաջին կուրսեցիներին և ավագ ընկերոջ իրավունքով պատգամեց. «Այսօր առաջին կուրսեցիներդ երդվում եք արժանի կրողն ու շարունակողը լինել ավագ սերնդի ստեղծած արժեքների, և ես, որպես ավագ կուրսեցի, խորհուրդ կտայի հարգանք դրսևորել ուանողական և դասախոսական կոլեկտիվների հանդեպ, այն արժեքների հանդեպ, որ ստեղծել է մեր համալսարանը այս 45 տարիների ընթացքում»:
Արարողությանը մասնակցելու և իր օրհնությունը բերելու էր եկել նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս Թավադյանը. «Պատահական չէ այսօր այստեղ երդվելը, քանի որ այս հուշարձանն իր մեջ բազմաթիվ խորհրդանիշներ ունի` փրկության, հաղթանակի, ուժի, և զոհված այս ուսանողներից ամեն մեկը մի դասագիրք է, ամեն մեկը մի ճանապարհ է, ուստի ձեր երդումն այստեղ պատահական չէ: Սկսենք այս գործը աղոթքով, որպեսզի ամեն մեկդ ձեր նպատակին հասնեք Աստծո օրհնությամբ և Աստծո օգնությամբ, ուստի աղոթենք միասնաբար»:
Բարձր միավորներով բուհ ընդունված մի խումբ առաջին կուրսեցիներ հանդիսավոր պայմաններում նախարարի, ռեկտորի և ուսունական գծով պրոռեկտորի ձեռքից ստացան իրենց  ուսանողական գրքույկներն ու տոմսերը:

IMG 5151   IMG 5167   DSC00286