Արցախի պետական համալսարան

     DSC00297  DSC00312  DSC00317

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտը, Գորիսի եւ Արցախի պետական համալսարանները, Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկայի ինստիտուտը եւ Ռուսաստանի ազգային ակադեմիայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը սեպտեմբերի 22-26-ը կազմակերպել են «Դեֆորմացվող միջավայրերի փոխազդեցության դինամիկայի պրոբլեմները» VII միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են շուրջ 100 գիտնականներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից:

Գիտաժողովը բացվեց Երևանում սեպտեմբերի 22-ին և այսօր, նախատեսվածի համաձայն, այն Ստեփանակերտում է: Գիտաժողովի մասնակիցները, նախքան նիստը, հարգանքի տուրք մատուցեցին ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հուշարձանին:
Նիստը բացեց ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը: Ռեկտորն իր և ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի անունից ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին այդ շրջանակներում չորրորդ անգամ Արցախում լինելու համար. «Մենք բարձր ենք գնահատում գիտաժողովի կազմակերպիչների պատրաստակամությունը` արդեն չորրորդ անգամ ԱրՊՀ-ում նման ձևաչափով միջազգային գիտաժողով կազմակերպելու համար: Արցախը, արցախցին միշտ էլ բարձր է գնահատել գիտությունը, գիտելիքի արժեքը և, եթե հետադարձ հայացք ձգելու լինենք, ապա կտեսնենք, որ Արցախը միշտ էլ լուսավորյալներ է տվել գիտությանը, և ես համոզված եմ, որ Արցախը` ի դեմս նոր լուսավոր դեմքերի, աշխարհին դեռ շատ է անգամ է հիշեցնելու իր մասին»:
Նիստին ներկա ԼՂՀ ԿԳ նախարար Ս.Ասրյանը ողջունեց նման ձևաչափով գիտաժողովների դերը` ընդգծելով դրանց անհրաժեշտությունն ու կարևորությունը գիտության տարբեր ոլորտներում: «Անհերքելի է, որ գիտական միտքը միշտ էլ եղել է պետությունների ուշադրության կենտրոնում, քանի որ ներկայիս տնտեսությունն առանց գիտության հենքի հնարավոր չէ և այնպիսի կարևոր խնդիրներ, որ գիտաժողովի ընթացքում կշոշոփվեն, անշուշտ, ներդրում կլինեն այս ոլորտում»,- նշեց նախարարը:
Նիստից հետո գիտաժողովի մասնակիցները ԱրՊՀ կազմակերպչական խմբի ուղեկցությամբ շրջայց կկատարեն Ստեփանակաերտ քաղաքի տեսարժան վայրերով: