Արցախի պետական համալսարան

  SAM 0027  SAM 0044  SAM 0031
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս.թ. սեպտեմբերի 18-28-ը կազմակերպվել է «Գրական տապան» միջազգային փառատոնը, որի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 18-ին  Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում: «Գրական տապանը» հյուրընկալել է գրողների և բանաստեղծների՝ աշխարհի 11 երկրներից` Ֆրանսիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից և այլն:

Միջազգային փառատոնի նպատակն է գրողների միջև համագործակցություն զարգացնելը, ընթերցողներին գրողների ստեղծագործություններին ծանոթացնելը, ինչպես նաև գրականության մեջ առկա խնդիրները վերհանելն ու լուծումներ գտնելը: Աշխարհի տարբեր երկրների գրականության ներկայացուցիչներ փառատոնի շրջանակում ներկայացնում են իրենց ստեղծագործությունները, անցկացնում են դասախոսություններ, վարպետության դասեր, մասնակցում կլոր սեղանների, գրքերի շնորհանդեսների և մի շարք այլ գրական միջոցառումների: «Գրական Տապան»-ի հյուրերը հնարավորություն են ունենում նաև ծանոթանալու Հայաստանի մշակույթին, գրականությանը, պատմությանն ու ավանդույթներին, այցելելու տեսարժան վայրեր: Փառատոնը հրավիրյալ գրողների համար Հայաստանը ճանաչելու հրաշալի առիթ է, իսկ հայ գրողների ու գրականության մարդկանց համար բացառիկ հնարավորություն՝ օտարազգի գործընկերների հետ քննարկելու գրականությանը առնչվող հարցեր:
«Գրական տապան»-ը  սեպտեմբերի 25-ին Արցախում էր: Փառատոնի մասնակից-անդամները հանդիպեցին ԱրՊՀ ռեկտոր ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև համալսարանականների հետ: Մ.Մինասյանը  ողջունեց և շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին այցի համար. «ԱրՊՀ-ն նախանձախնդիր է և միշտ հետաքրքրված ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում ընթացող գործընթացներով, բոլոր գիտական, մշակութային միջոցառումներով և այս համատեքստում լավագույն հնարավորություն է ձեզնից տեղեկանալ այն խնդիրներին ու եզրահանգումներին, որոնք հասցրել եք անել այս փառատոնի շրջանակներում: Համոզված եմ, որ այսօր կլինեն հետաքրքիր և արդյունավետ քննարկումներ»:
Հանդիպումից հետո մասնակիցները հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով վարպետության դասեր վարեցին երեք տարբեր խմբերում: Հայալեզու խմբում հայ բանասիրության և լրագրության բաժնի ուսանողների համար դաս վարեցին արձակագիր, թարգմանիչ Դիանա Համբարձումյանը, բանաստեղծ, արձակագիր Գոհար Գալստյանը, բանաստեղծ, կինոսցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանը, «Շողակաթ» հեռուստաընկերության լրագրող, սցենարիստ Նշան Աղասյանը, բանաստեղծ, «Անդին» հանդեսի խմբագիր Անի Տեր-Գուլանյանը, արձակագիր, հանրային կապերի մասնագետ Արմեն Օհանյանը:
Փառատոնի մասնակիցները իրենց հեղինակած գրքերից ու ամսագրերից մի քանիսը նվիրեցին բուհին:
Նախագծի արդյունքում, ինչպես նախորդ տարիներին, կհրատարակվի բազմալեզու (հայերեն և բնօրինակ)  գրական ժողովածու, որտեղ փառատոնի մասնակիցները կներկայացնեն հանդիպումներից ու շրջագայություններից ստացած տպավորությունները:
«Գրական տապան» միջազգային փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը: