Արցախի պետական համալսարան

                  SAM 0055        SAM 0057

Սեպտեմբերի 27-28-ը «Արցախի երիտասարդության ձայնը» ծրագրի շրջանակներում ԱրՊՀ-ում կազմակերպվեցին հերթական դասընթացները:  
«Արցախի երիտասարդության ձայնը» ծրագիր է, որն արդեն երեք տարի իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» և «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների կողմից: Ծրագրի նպատակն է ԼՂՀ ակտիվ երիտասարդներին ներգրավել երկու հայկական պետությունների արտաքին քաղաքականության առավել արդիական խնդիրների քննարկմանը Հայաստանից և Ղարաբաղից հայտնի հասարակական, քաղաքական գործիչների և մասնագետների մասնակցությամբ:

Բացելով ծրագիրը` «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը նշեց, որ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից աջակցություն ստացող «Երիտասարդության ձայնը» ծրագրի խնդիրը կայանում է նրանում, որ  հայկական երկու պետությունների արտաքին քաղաքականության առավել ակտուալ խնդիրների քննարկման մասնակիցը դարձնի Արցախի երիտասարդությանը: Ծրագրի նպատակն է Արցախի երիտասարդների շրջանում բարձրացնել հայկական պետությունների արտաքին քաղաքականության մասին տեղեկացվածության աստիճանը և նրանց ձայնն ավելի լսելի դարձնել ինչպես Արցախում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:
Երկօրյա դասընթացների շրջանակներում մասնակիցներին հնարավորություն էր ընձեռնված լսել ԵՊՀ միջազգային հարաբերությունների դասախոս Նունե Մելքոնյանի` «Շոտլանդիա. անկախության հանրաքվե. Հետևանքներն ու հեռանկարները», ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Հրաչյա Արզումանյանի` «Ոչ ռեգուլյար պատերազմները որպես աշխարհաքաղաքական պրոեկտման գործիք: Գործընթացների դինամիկան Մեծ Մերձավոր Արևելքում», «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ փորձագետ Աննա Կարապետյանի` «Ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերջին զարգացումների համատեքսռում», Մեսրոպ Մաշտոց համալսարանի պրոռեկտոր Ժաննա Կրիկորովայի` «Իրավիճակն Ադրբեջանի երկրորդ սեկտորում. պատճառներ և կանխատեսումներ» դասախոսությունները: Աշխատանքային քննարկումներ են ծավալվել «Եվրոպա. առկա մարտահրավերները, զարգացումները, ներ պաշտոնյաներ», «Ուկրաինա. առկա վիճակն ու հնարավոր զարգացումները», «Ժողովրդավարական դիվանագիտության գործիքները ղարաբաղյան կարգավորման համատեքստում» թեմաներով:
Դասընթացները վարում էին «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը, «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ նախագահ Իրինա Գրիգորյանն ու «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ վարչության անդամ Կարինե Օհանյանը:
Դասընթացներն ընդմիջվում էին հարց ու պատասխաններով և քննարկումներով, իսկ վերջում բոլոր մասնակիցները գնահատման թերթիկներ են լրացրել, կարծիքներ փոխանակել ու ամփոփել ծրագիրը: