Արցախի պետական համալսարան

                       SAM 0072         SAM 0085

ԼՂՀ վարչապետ Ա.Հարությունյանը հոկտեմբերի 1-ին հանդիպում ունեցավ ԱրՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Բացելով հանդիպումը` ռեկտոր Մ.Մինասյանը շնորհակալություն հայտնեց Ա.Հարությունյանին նման նախաձեռնության, ինչպես նաև այն ուշադրության և հոգատարության համար, որ երկրի գործադիր իշխանության ղեկավարը դրսևորում է ԱրՊՀ նկատմամբ:

Վարչապետ Ա.Հարությունյանը ողջունեց ներկաներին և կարևորեց նման հադիպումները. «Նախաձեռնությունը եղել է իմ կողմից` հաշվի առնելով, որ ավարտվում է 2014 թվականը: Կառավարությունում սկսված է 2015թ. բյուջեի նախագծի մշակումը և այս առումով կարևորել եմ հանդիպումը ուսանողության և դասախոսական կազմի հետ, որովհետև հաճախ նմանատիպ հանդիպումների արդյունքում մենք վերանայում ենք պետական քաղաքականության որոշ ուղղություններ, մանավանդ` սոցիալական և տնտեսական ծրագրերում»:
Վարչապետը ներկայացրեց երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, 2015թ. բյուջեի նախագծի որոշ դրույթներից բխող առաջնահերթություններ, որոնք «թույլ կտան կողմնորոշվել և ներկայացնել առաջարկություններ, ինչպես նաև բարձրաձայնել ուսանողության և բուհի վերաբերյալ ամենատարբեր խնդիրներ»:
Հարցին, թե որքանոˆվ է պատճառաբանված հոկտեմբերի 1-ից Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտի սակագնի բարձրացումը և հնարավոˆր է որոշակի աջակցություն սոցիալապես առավել խոցելի խմբերի, մասնավորապես` ուսանողության համար, վարչապետը պատասխանեց, որ սակագնի բարձրացումն անհրաժեշտություն է. «Կարծես թե, հաջողվել է հանրությանը բացատրել, որ, եթե այդպես շարունակվեր, ապա մի քանի տարի հետո Ստեփանակերտ քաղաքում կունենայինք «խայտառակ» քաղաքային տրանսպորտ, ինչպիսին ունեցել ենք 2006-2007 թթ.-ին` հին մեքենաներ, անկանոն երթևեկություն»: Վարչապետի հավաստմամբ, տրանսպորտային փոխադրումներ իրականացնող կազմակերպության հաշվարկներով, քաղաքային տրանսպորտի սակագինը պետք է կազմեր 110-120 դրամ, սակայն քաղաքապետի կողմից որոշվել է սահմանել 100 դրամ, որը թույլ կտա ոչ միայն սպասարկման որակի բարելավում և թարմացում, այլ նաև այս ոլորտում աշխատավարձերի բարձրացում:
Ինչ վերաբերում է կառավարության կողմից սուբսիդավորմանը, վարչապետը կողմանկից է, սակայն որոշ վերապահումներով. «Ճիշտ չէր լինի սուբսիդավորում իրականացնել միայն Ստեփանակերտ քաղաքի կտրվածքով, քանի որ, եթե խոսում ենք սոցիալապես խոցելի խավերի մասին, ապա այն ավելի շատ բաժին է հասնում շրջաններին: Նախնական որոշում կա հունվարի 1-ից սուբսիդավորել որոշ խավերի ուղեվարձը, այդ թվում` ուսանողների և ոչ միայն քաղաքաբնակ»:
Հարց բարձրացվեց նաև երիտասարդների աշխատանքի և բնակարանային պայմանների հետ կապված: «Կառավարությունը նախատեսում է հիպոթեկային վարկավորման առավել մատչելի քաղաքականություն, որը, նշված խմբերից բացի, ենթադրում է աջակցել նաև պետական ծառայողների: Կառաջարկենք լրացուցիչ սուբսիդավորման ծրագրեր, որպեսզի երիտասարդները ևս հնարավորություն ունենան օգտվել հիպոթեկային վարկավորման պայմաններից, այսինքն վարկեր` համապատասխան աշխատավարձերի մակարդակին, հասանելի` հասարակության լայն խավերի համար»:
Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման միտումների մասին հարցին ի պատասխան վարչապետը հայտնեց, որ կառավարությունը կարևորում է այդ ոլորտի դերն ու նշանակությունը և այդ ուղղությամբ ձեռնարկվում են որոշակի քայլեր. «Առաջիկայում Ստեփանակերտում, ապա` նաև շրջկենտրոններում, կունենանք «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ կդասավանդեն տեղի և ՀՀ-ից հրավիրված լուրջ մասնագետներ: Սա հնարավորություն կտա հմտություններ զարգացնել 14-18 տարեկան պատանիների շրջանում»:
Գործադիրը նաև նշեց, որ, ի տարբերություն այլ բնագավառների, այս ուղղությունը մրցույթից դուրս է և, հայտերի առկայության դեպքում, հնարավորություն կտրվի ուսում ստանալ արտերկրի առաջատար կրթարաններում:
Հարցեր հնչեցին նաև անտառահատումների, գյուղատնտեսական վարկերի, Մաքսային միությանը միանալու, ՀՀ և ԼՂՀ սահմանում հնարավոր մաքսային կետերի, բարձրագույն կրթության որակի և այլնի վերաբերյալ, որոնց վարչապետը տվեց հիմնավորված և սպառիչ պատասխաններ:
Հանդիպման ընթացքում Ա.Հարությունյանը սպառիչ պատասխաններ տվեց ուսանողությանը հուզող բազմաթիվ հարցերի և նախանշեց, որ առաջիկայում նման հանդիպումները կլինեն ավելի հաճախակի: