Արցախի պետական համալսարան

                         SAM 0103        SAM 0105
Հոկտեմբերի 7-ին ԱրՊՀ-ն հյուրընկալել էր Բուլղարիայի ԳԱԱ տիեզերական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, տեխնիկական գիտությունների դոկտոր, ավելի քան 31 գիտական հետազոտությունների հեղինակ Կարո Մարտիրոսյանին:

Հանդիպումը բացեց ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը. «Այսօր պատիվ ունենք հանդիպելու մեր հայրենակից Կ.Մարտիրոսյանի հետ, ով ծառայություններ ունի տեխնիկական գիտությունների ասպարեզում և որոնք ծառայեցրել է ոչ միայն Բուլղարիայի, այլև Հայաստանի գիտության զարգացմանը:
Ուրախ ենք Ձեզ տեսնել Արցախում և հյուրընկալել Արցախի մայր բուհում»:
«Արցախի մասին շատ էի լսել ու կարդացել, իսկ այստեղ լինելը երազանք-նպատակ էր, և այսօր ուրախ եմ, որ իմ երազանքներից ևս մեկը իրականություն դարձավ,- խոստովանեց Կ. Մարտիրոսյանը,- Չնայած Բուլղարիայում եմ ապրել կյանքիս մեծ մասը, բայց հայերեն մի քիչ գրել, մի քիչ էլ կարդալ գիտեմ»:
Կ.Մարտիրոսյանը ներկայացրեց իր վերջին` «Աէրոդինամիկ տեխնոլոգիաները բնական աղետների դեմ պայքարում» հետազոտական աշխատանքը:
Հետազոտության մեջ ներկայացված էին արբանյակների տեսակները, դրանց լաբորատոր նշանակությունը, ժամանակակից դրսևորումները, աէրոկոսմիկական տեխնոլոգիաների հնարավորությունները, կոսմիկական գլացիոլոգիաների տեսակներն ու նշանակությունը, բնական աղետների` երկրաշարժերի, հրաբուխների, ջրհեղեղների, փոթորիկների, հրդեհների կանխատեսումների, դրանց ժամանակ կիրառելիք մեթոդիկայի, ամպերի դիստանցիոն ուսումնասիրության և այլ հարցեր, որոնք ուղեկցվում էին իլյուստրացիոն նյութերով, այս կամ այն ժամանակահատվածում տեղի ունեցած բնական աղետներից առաջ և հետո տիեզերքից կատարված ուսումնասիրությունների պատկերներով:
Հանդիպման ընթացքում հարցեր հնչեցին տիեզերական հետազոտությունների նվաճումների, Արցախում դրա զարգացման, ուսանողների փոխանակման հնարավորությունների վերաբերյալ, որոնց տրվեցին հետաքրքիր և բովանդակալից պատասխաններ: