Արցախի պետական համալսարան

                  DSC00569         DSC00616

  Հոկտեմբերի 24-ին հանդիսավոր նիստով ամփոփվեցին ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումները:
ԱրՊՀ ռեկտորատի, տնտեսաիրավաբանական ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիսավոր նիստին մասնակցում էին ԼՂՀ վարչապետ, ԱրՊՀ խորհրդի նախագահ Ա.Հարությունյանը, ԼՂՀ ԿԳ նախարար Ս.Ասրյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆեսոր Յու.Սուվարյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կ.Աթոյանի գլխավորած պատվիրակությունը, ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, պրոռեկտորներ, դեկաններ, դասախոսներ, շրջանավարտներ, հյուրեր, համալսարանականներ:

Մ.Մինասյանը բացման խոսքում շնորհավորեց տնտեսագիտության 25 և իրավագիտության 20-ամյա հոբելյաններն ու նշեց, որ 25-ամյա գոյության ընթացքում ֆակուլտետը իր ծանրակշիռ տեղն ու դերն է ունեցել ինչպես համալսարանի, այնպես էլ հանրապետության կայացման ու զարգացման գործընթացներում. «Չնայած երիտասարդ տարիքին` ֆակուլտետը հասցրել է թողարկել շրջանավարտներ, որոնք այսօր առաջատար պաշտոններ են զբաղեցնում հանրապետության կառավարման տարբեր ոլորտներում. նրանք հմուտ իրավաբաններ են, դատավորներ ու դատախազներ, բանիմաց տնտեսագետներ»: Ռեկտորը նաև շնորհակալություն հայտնեց ԱրՊՀ «բարեկամ և ուսուցիչ» Յու.Սուվարյանին տնտեսաիրավաբանական ֆակուլտետի հանդեպ ցուցաբերած ուշադրության ու հոգատարության համար, որը շարունակվում է նաև ՀՊՏՀ-ի կողմից: Այս կապակցությամբ ԱրՊՀ գիտխորհրդի որոշմամբ ունեցած ավանդի և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Յու.Սուվարյանը պարգևատրվեց ԱրՊՀ ոսկե մեդալով, ՀՊՏՀ-ին նվիրվեց հուշանվեր, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկան Մ.Թավադյանին «Արցախի բարբառը» բառարան նվիրվեց:
Վարչապետ Ա.Հարությունյանի խոսքը տարբերվեց հնչած բոլոր շնորհավորանքներից ու բարեմաղթանքներից. «Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի շրջանավարտները, հիրավի, այսօր պետականաշինության գործընթացի մասնակիցներն են, սակայն չպետք է մոռանալ այն ուսանողներին, ովքեր ևս նպատակ ունեին ուսում ստանալ ու դառնալ երկրի համար պիտանի մասնագետ, բայց որոնց առաքելությունը եղավ հայրենիքի մարտիկ լինելը»:
Արցախի գիտակրթական զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆեսոր Յու.Սուվարյանը պարգևատրվեց ԼՂՀ վարչապետի հուշամեդալով, իսկ ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկան Մ.Թավադյանին շնորհվեց պատվոգիր:
ՀՊՏՀ ռեկտոր Կ.Աթոյանը ևս շնորհավորեց տնտեսաիրավաբանական ֆակուլտետի կազմավորման 25-ամյակը և նորանոր հաջողություններ բարեմաղթեց. «Ուրախ ենք, որ պատվիրակության մեծ կազմով գործընկեր համալսարանում ենք, կրկնակի ուրախ, որ այս հանդիպումը համընկել է տնտեսագիտության և իրավագիտության հոբելյանական տարեդարձերի հետ: Այս կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ և մեզ, ցանկանում հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ»:
Կ.Աթոյանը նաև կարևորեց ՀՊՏՀ-ԱրՊՀ փոխգործակցությունը, որը «դանդաղ, բայց կայուն քայլերով իրագործում է պայմանագրի կետերը»:
Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռ.Մանգասարյանը շնորհավորանքի ու բարեմաղթանքի իր խոսքում հորդորեց ուսանողներին լավ մասնագետ և լավ քաղաքացի դառնալ` ի շահ լավ ապագայի. «Հաճելի զուգադիպությամբ տնտեսագիտության 25 և իրավագիտության 20-ամյակները համընկան մայր բուհի 45-ամյա հոբելյանի հետ: Այսօր վերաարժեվորում ենք մեր անցած ճանապարհը, որ լի էր խոչնդոտներով ու հակասություններով, վերհանել արդյունքները, ինչը բոլորիս համատեղ ջանքերի արդյունքն է: Շնորհավորում եմ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին առկա ձեռքբերումների կապակցությամբ և լիահույս եմ, որ այսուհետ ևս համատեղ աշխատանքով կկրկնապատկենք դրանք»:
Շնորհավորանքի, բարեմաղթանքի և երախտիքի խոսք ասաց ֆակուլտետի շրջանավարտ, ֆինասների փոխնախարար Գ.Մարտիրոսյանը. «Այսօր ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետն իր 25-ամյա հոբելյանը նշում է հարյուրավոր շրջանավարտներով և իրավագիտության ու տնտեսագիտության ոլորտներում ձեռք բերված հաջողություններով: Գիտակրթական այս հաստատությունն իմ կյանքում կարևոր դերակատարություն է ունեցել, և ես հպարտ եմ, որ տնտեսագետ մասնագիտության շրջանավարտներից մեկն եմ: Համոզված եմ` ֆակուլտետի բոլոր ուսանողները բարձր կպահեն բուհի անունը և անմնացորդ կնվիրվեն հայրենիքի շենացման գործին»: