Արցախի պետական համալսարան

         suvaryan

ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի 25-ամյա հոբելյանի հանդիսավոր նիստին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յու.Սուվարյանի ելույթը կարելի է որակել որպես յուրակատուկ դաս-դասախոսություն «Արցախի տնտեսության վիճակը զարգացման արդի փուլում» թեմայով:

1993-94թթ., երբ ակադեմիկոսը Արցախի տնտեսական զարգացման 20-ամյա ծրագիրը մշակողներից մեկն էր, դժվարությամբ էր նախանշում դրա հիմքերը, իսկ այսօր ոգևորություն է ապրում ոչ միայն նրա համար, որ Արցախը հաղթահարել է այն արհավիրքը, որում հայտնվել էր 90-ական թթ. սկզբին, այլ նաև արդեն ունի գրագետ վիճակագրական ծառայություններ, տնտեսական ցուցանիշները վերելք են ապրում. «Զարմանալ կարելի է, թե ինչպես այսքան կարճ ժամանակաընթացքում ավերված երկրից ստեղծվեց զարգացող երկիր»:
Յու.Սուվարյանը հպարտությամբ է արձանագրում վերջին 20 տարիների ընփացքում գրանցված առաջընթացը: Այն, որ տնտեսական աճով Արցախը գերազանցում է ՀՀ-ին` 9% կայուն աճով, մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշով հավասարվել է ՀՀ-ին` գրեթե 3000$, հիմնականում ագրարային ուղղվածություն ունեցող մարզի արդյունաբերությունը տեսակարար կշռով գերազանցում է գյուղատնտեսությանը:
Սակայն, ինչպես փորձառու տնտեսագետն ասաց, «Կան նաև խնդիրներ, որոնց անպայման պետք է անդրադառնալ, քանի որ դրանք ավելի եմ կարևորում, քան միայն նվաճումները ներկայացնելը»: Գոհացուցիչ չեն արդյունաբերության տեսակարար կշռի առաջադիմությունը, բերքատվության և մթերայնության ցուցանիշները, գյուղացիական տնտեսությունների և ունեցած տեխնիկայի թվերը և այլն: Միջոցառումներ պետք է ձեռնարկել լեռնահանքային արտադրության` ուղեկցվող բնապահպանական միջոցառումներով, փոքր և միջին գործարարությունը տնտեսության զարգացման միջուկը դարձնելու, գործազրկության կրճատման, զբոսաշրջության զարգացման, էկոլոգիական որոշ խնդիրների  ուղղությամբ:
«Քանի որ մեր մտավոր պոտենցիալն ավանդաբար գերակա է եղել», Յու.Սուվարյանն իր ելույթում առաջարկում էր գիտության նվաճումները ներդնել տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերում: Գիտատար ճյուղերի արդյունաբերությանը պետք է հատկապես ուշադրություն դարձնել` ունենալ նոր ու մրցունակ տեխնոլագիաներ: Այստեղ մեծ է համալսարանի դերը. «Համալսարանը պետք է լինի ոչ միայն գիտելիքներ տվող, այլ` գիտելիքներ ստեղծող ու հաղորդող»:
«Արցախի իշխանությունները և Արցախի հայրենասեր ժողովուրդը կանեն ամեն ինչ, որպեսզի ամրապնդեն իրենց հաղթանակը տնտեսական նոր նվաճումներով, կրթության և գիտության ասպարեզում նոր ձեռքբերումներով»,-համոզված էր մեր անվանի հայրենակիցը: