Հոկտեմբերի 31-ին ԱրՊՀ Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները դեկան Կ.Արամյանի գլխավորությամբ այցելեցին Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, որը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին, Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում:
Բյուրականի աստղադիտարանը հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով և համարվում է արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը:
Աստղադիտարանը կազմված է երկու մասից` բնակելի ավանից և գործառնական մասից, վերջինում ներառվում են դիտաշտարակները, վարչական և լաբորատորիայի շենքերը, ժողովասրահը և հյուրերի տունը:
Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ուսանողները ծանոթացան աստղադիտարանի ժամանակակից սարքավորումներին և դրանցով կատարվող աշխատանքներին, եղան նաև Վ.Համբարձումյանի տուն-թանգարանում: Մեծ բավականություն ստանալով Բյուրականի աստղադիտարանում` շարունակեցին իրենց հետաքրքիր ճանապարհորդությունը դեպի Լոռու մարզ, որտեղ այցելեցին Մեծ լոռեցու` Հովհ. Թումանյանի տուն–թանգարանը:
ԱրՊՀ Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ուսանողները 3 օր տևած ճանաչողական էքսկուրսիայից վերադարձան հագեցած և հաճելի տպավորություններով: