Արցախի պետական համալսարան

   SAM 0988    SAM 0990    SAM 1015

Նոյեմբերի 22-ին ԱրՊՀ և ԵՊՀ ՈՒԳԸ համատեղ ջանքերով կազմակերպվել էր ուսանողական հայագիտական կոնֆերանս` նվիրված ԱրՊՀ հիմնադրման 45 և ԵՊՀ հիմնադրման 95-ամյակներին:
«Չափազանց կարևորում ենք այն միջոցառումները, որոնք կակզմակերպվում և իրականացվում են ուսանողների կողմից ուսանողների համար: Ողջունում եմ ԵՊՀ պատվիրակությանը, շնորհավորում Ուսանողության տոնի առթիվ, կոնֆերանսի մասնակիցներին մաղթում բեղմնավոր աշխատանք»,- լիագումար նիստում բացման խոսքով հանդես եկավ ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը:

ԵՊՀ ընդհանու հարցերի գծով պրոռեկտոր Արարատ Մալխասյանը «հաճելի պարտականությամբ» ընթերցեց ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանի ուղերձը` ԱրՊՀ հիմնադրման 45-ամյակի կապակցությամբ, որում մասնավորապես ասված էր` «ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անդզնակազմի և ուսանողության անունից ջերմորեն շնորհավորում եմ Արցախի մայր բուհին` հիմնադրման 45-ամյակի կապակցությամբ: Կարևորում ենք Արցախի հանրապետության թիվ 1 բարձրագույն հաստատության` պետական համալսարանի գոյության անկասելի ընթացքը, որն անցել է ինքնահաստատման դժվարին ճանապարհ: Եվս մեկ անգամ շնորհավորելով բուհի 45-ամյակի կապակցությամբ` ցանկանում են ստեղծագործական նորանոր հաջողություններ»:
Արցախում կրթության ու գիտության կազմակերպման ու զարգացման, երիտասարդ կադրերի պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և ԱրՊՀ հիմնադրման 45-ամյակի կապակցությամբ ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը պարգևատրվեց ԵՊՀ «Ոսկե մեդալով»:

Լիագումար նիստից հետո գիտաժողովը շարունակվեց երեք` բանասիրություն, պատմություն և քաղաքագիտություն, սոցիոլոգիա և այլ գիտություններ մասնախմբերում: ԱրՊՀ և ԵՊՀ ուսանողները գրականագիտական, լեզվաբանական, հայագիտական, հոգեբանական, քաղաքագիտական, սոցիոլոգիական, աշխարհագրագիտական, երկրաբանական, քիմ-կենսաբանական, ֆիզիկա-մաթեմատիկական մի շարք կարևոր հարցեր էին քննարկել զեկուցման համար նախատեսված ելույթներում:

Գիտաժողովն ամփոփվեց հավաստագրերի հանձնման արարողությամբ: