Արցախի պետական համալսարան

             zoramas1          zoramas
Դեկտեմբերի 5-ին ԱրՊՀ-ն կազմակերպել էր ծավալներով ու իրականացման բարդությամբ աննախադեպ միջոցառում` բազմաթիվ խմբերի միաժամանակյա այցելություն ԼՂՀ ՊԲ մարտական հերթապահություն կրող բոլոր զորամասեր:
«Անկեղծ զրույց հայրենապաշտպան զինվորի հետ» խորագիրը կրող ծրագրին մասնակցում էին ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, պրոռեկտորներ, դասախոսներ, ուսանողներ:

Պաշտպանական շրջաններ մեկնելուց առաջ ծրագրի կազմակերպչական և ընթացիկ հարցերը լուծելու նպատակով ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանը հանդիպում էր կազմակերպել մասնակցության հայտ ներկայացրած դասախոսների և ուսանողների հետ: Հանդիպումը նպատակ ուներ մասնակիցներին ծանոթացնել ծրագրի անհրաժեշտությանը, նպատակներին, բովանդակությանը` ժամանակը, երթուղիները, զորամասերը, մշակութային ծրագրերը, նյութական ապահովման հարցերը, տալ համապատասխան հանձնարարականներ:
«Ծրագրի հիմնական նպատակը բանակ-հասարակություն կապերի ամրապնդումն է, ռազմահայրենասիրական դաստիարակության բարելավումը, հայրենիքի զինված պաշտպանության գաղափարի կարևորումը»,- նշեց ՈւՀՏԱ պրոռեկտոր Վ.Յարամիշյանը:
Նշանակված ժամին ավելի քան 150 կամավորներ` ուսանողներ և դասախոսներ, առանձին խմբերով այցելելեն ՊԲ տարբեր պաշտպանական շրջաներ, ծանոթացել ժամկետային ծառայություն անցնող ուսանողների ծառայության պայմաններին, հանդիպումներ ունեցել զինծառայողների հետ, հանդես եկել դասախոսություններով, վարել անհատական և խմբային զրույցներ, կազմակերպել ինտելեկտուալ և ժամանացային խաղեր, ներկայացրել մշակութային տարաբնույթ ծրագրեր:
Թիվ 34151 զորամասում ԱրՊՀ մի խումբ ուսանողներ և դասախոսներ ռեկտոր Մ.Մինասյանի գլխավորությամբ մասնակցեցին զորացրման հանդիսավոր արարողության, որին ներկա էր նաև ԼՂՀ պաշտպանության նախարար,ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մ.Հակոբյանը:
Պաշտպանության նախարարը ողջույնի խոսքում գոհունակություն հայտնեց զորացրվող զինվորների ծառայությունից, որոնց շարքերում էին նաև նրանք, ովքեր ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողություններին, ինչը մեկ անգամ ևս փաստում է այն մասին, որ նրանք հավատարիմ են մնացել հայրենիքին ծառայելու իրենց երդմանը: «Օգոստոսյան դեպքերը ապացուցեցին, որ մեր պետական սահմանն անառիկ է, որովհետև հայ զիվորը ամենայն պատախանատվությամբ է կանգնած խրամատում: Իմ հրամանատարական-մարդկային խորին շնորհակալությունը ձեզ…»:
Անդրադառնալով բանակ-հասարակություն կապին, ՊԲ հրամանատարը նշեց, որ հասարակության և բանակի միջև ցանկացած կապ անհրաժեշտ և պահանջված է, որովհետև ինչպես բանակը պետք է զգա, որ հասարակությունն իր կողքին է, այնպես էլ հասարակությունը պետք է տեղյակ լինի, թե ինչով է զբաղվում զինվորը:
Սահմանադրական պարտքն օրինակելի կատարման համար վաղաժամկետ զորացրվող զինվորականները հրամանատարական կազմի անունից շնորհակալական նամակներ և կոչումներ ստացան:
Հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբերի` մեր երկրի պետական սահման ներթափանցելու գործողությունները կասեցնելու ժամանակ ակտիվ մասնակցություն ցուցաբերած զորացրվող ավագ սերժանտ Վահե Պետրոսյանը վստահեցնում է, որ զորացրվել` չի նշանակում դադարել հայրենիքի պաշտպան լինել և ավագ ընկերոջ իրավունքով խորհուրդ տալիս. «Կարևոր է գիտակցել, որ սահմանից այս կողմ ընտանիքդ է, այն կողմ` թշնամիդ: Եվ դրանով ամեն ինչ ասված է»:
«Քանի որ զուգադիպել են ԱրՊՀ այցելությունն ու զորացրման արարողությունը, օգտվելով առիթից, խաղաղ կյանքով ապրող բոլոր արցախցիների անունից շնորհակալական խոսքս եմ ուղղում բոլոր զինվորներին, ովքեր իրենց հայրենանվեր ծառայությամբ ապահովում են մեր կյանքի բնականոն խաղաղ ընթացքը»,- ելույթում նշեց ԱրՊՀ ՆԶՊ և ՖԴ ֆակուլտետի դեկան Շ.Այդինյանը:
Հանդիսավոր տողանից հետո խմբի բոլոր ուսանողները ցանկություն հայտնեցին լինել մարտական դիրքերում, ծանոթանալ նաև իրենց դիրքապահ ընկերների առօրյային:
Դեպի ԼՂՀ պաշտպանական շրջաններ կատարված այցելությունների հաջորդ օրը կատարվեց ծրագրի արդյունքների ամփոփում: Բոլոր խմբերի ղեկավարները կիսվեցին իրենց և խմբի մյուս անդամների տպավորություններով, հանդես եկան առաջարկություններով, որոնք հիմնականում վերաբերում էին նմանատիպ ծրագրերի շարունակական լինելուն: