Արցախի պետական համալսարան

           20141211 144336

23 տարի առաջ այս օրը՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց և իրացրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը:

ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեին և Սահմանադրության օրվան նվիրված միջոցառումներն Արցախի պետական համալսարանում ավանդական բնույթ են կրում: 8 տարի շարունակ Արցախի մայր բուհը օրվան նվիրված համալսարանական տարաբնույթ միջոցառումներ է կազմակերպում: Այս անգամ այն ինտելեկտուալ խաղ-մրցույթի ձևաչափով էր:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Ա.Ղուլյանը, ԿԸՀ նախագահ Ս.Արզումանյանը, ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, ռեկտորատի անդամներ, իրավունքի ոլորտի, կարավարության աշխատակիցներ, ավագ դպրոցների տնօրեններ, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր:
Շնորհավորելով մեր երկրի համար կարևոր իրադարձություններից մեկի` Սահմանադրության ընդունման կապակցությամբ` ԱԺ նախագահ Ա.Ղուլյանը կարևորեց պետականաշինության կարևոր ձեռքբերումների արժևորումը հատկապես երիտասարդների կողմից և նրանց նախաձեռնությամբ. «8 տարի առաջ մենք «այո» ասացինք Սահմանադրությանը, որն այսօր հանգեցրել է ազատ, անկախ, ժողովրդական իրավական սոցիալական պետության, որի կարևոր հատվածն իր գիտական-կրթական ծրագրերով հենց մայր բուհում է»:
Իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Սահմանադրության գիտակներ» խորագիրը կրող մրցույթին մասնակցում էին իրավաբանության բաժնի երկրորդ և երրորդ կուրսի ուսանողներից կազմված «Ժողովրդավարություն», «Միասնություն», «Ազատություն» և «Իրավահավասարություն» թիմերը:
Սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու իրավունքներին ու ազատություններին, տեղական ու միջազգային դաշնագրերին ու կարգերին վերաբերող ամփոփիչ հարցերի արդյունքում հաղթող ճանաչվեց «Ժողովրդավարություն» թիմը, որն, ինչպես խոստացավ ռեկտորը, կպարգևատրվի ռեկտորատի կողմից:
ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը ևս շնորհավորեց մեր երկրում «արդեն երկրորդ եռատոնի կապակցությամբե: Ռեկտորը ողջունեց իրավաբանության բաժնի նախաձեռնողականությունն ու կարևորեց նման միջոցառումների դերը և հաշվի առնելով այն, որ Սահմանադրության դրույթների իմացությունը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է, առաջարկեց հաջորդ տարիներին ընդգրկել նաև դահլիճում ներկաներին:
ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեին և սահմանադրության օրվան նվիրված միջոցառումներների շրջանակներում ԱրՊՀ իրավունքի ամբիոնի մագիստրոսները նաև դասընթացներ էին կազմակերպել Ստեփանակերտ քաղաքի համար 8 և համար 11 ավագ դպրոցների աշակերտների համար: Դասընթացներն ընդգրկում էին ԼՂՀ սահմանադրության և մարդու իրավունքներն ու ազատությունները ամրագրող դաշնագրերի ու կոնվենցիաների դրույթներից բխող զեկույցներ: