Արցախի պետական համալսարան

                 10844366 546448558823627 847068843 o       10824911 546447935490356 1365473538 o

«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ԱրՊՀ զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվեց ԱրՊՀ «Ոսկե մեդալ»-ով:

ԱրՊՀ և «Ղ-Տելեկոմ» ընկերության համագործակցության և համատեղ ծրագրերի քննարկման առիթով դեկտեմբերի 13-ին Արցախի պետական համալսարանում էր «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԿԳ նախարար Ս.Ասրյանը, արտադրական ենթակառուցվածքների նախարար Հ.Ղահրամանյանը, ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, պրոռեկտորներ, գիտխորհրդի անդամներ, համալսարանականներ:
Բացման խոսքով հանդես գալով, ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը երախտագիտության խոսք ասաց արտերկրում ապրող, բայց գործնեության թեկուզ մի փոքր մաս Արցախում ծավալած մեր հայրենակիցներին: Այս առումով ռեկտորը նշեց Ռ.Յիրիկյանի առանձնահատուկ դերը ոչ միայն ԱրՊՀ, այլ նաև Արցախի զարգացման գործում. «Վստահորեն պետք է ասել, որ Ռ.Յիրիկյանը այն եզակիներից է, ով արցախցու կողքին էր ամենածանր օրերին: Այն ժամանակ, երբ Արցախի տնտեսությունը նոր էր վեր հառնում փլատակներից, երբ տնտեսական համակարգի սաղմերն էին երևում միայն, ընկերությունը հեղափոխություն կատարեց տնտեսական կարևոր նշանակության ոլորտներից մեկում` կապի ոլորտում: Այն առայսօր էլ շարունակում է մնալ առաջատար ճյուղ և նոր թափ տալ Արցախի տնտեսությանը: Այսօր ներդրումների կարիք կա գրեթե բոլոր ոլորտներում, սակայն կրթության ոլորտը ամենահեռանկարայինն է և ունի մուլտիպլիկացիոն էֆեկտ»:
Գնահատելով ընկերության ներդրումային ծրագրերը կրթության ոլորտում` ԱրՊՀ գիտական խորհրդի որոշմամբ Ռ.Յիրիկյանին «ԱրՊՀ զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար» շնորհվել է ԱրՊՀ բարձրագույն պարգև` «Ոսկե մեդալ»:
Ռ.Յիրիկյանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար և կարևորեց անտարբեր չլինելու գործոնը. «Հատկապես այն դեպքում, երբ կա հնարավորություն, անպայման պետք է ձեռք մեկնել, քանի որ ազգի, նրա ապագայի զարգացումը ընտանիքիդ զարգացումն է նաև»:
Անդրադառնալով համագործակցության ծրագրերին` Ռ.Յիրիկյանը նշեց, որ ընկերությունը պատրաստ է զարգացնել համագործակցության պայմանագրի դրույթները, որի շրջանակներում դասախոսելու կհրավիրվեն համապատասխան մասնագետներ, իսկ ուսանողները փորձուսուցում կանցնեն Վիվա-Սել ՄՏՍ-ի տարբեր ստորաբաժանումներում` ոչ միայն կապի, այլ նաև հաշվապահության, իրավաբանության, մարքեթինգի և այլն:
«Մենք ուզում ենք մեր փորձը կիսել ձեզ հետ, որովհետև մենք սիրում ենք մեր ինքնությունը, իսկ ինքնությունը աշխատանքով և համագործակցությամբ է զարգանում»,- եզրափակեց Ռ.Յիրիկյանը: