«ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԵԼԻ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԿԴԱՌՆԱ ԱՐՑԱԽԻ ԶԻՋՈՒՄՈՎ»

22.12

2014

20141220 103159                                

      Արցախյան զորամասերի անձնակազմի հետ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի նախաձեռնությամբ անցկացվելիք հանդիպումների մեկնարկը տրվեց ԱրՊՀ-ում: ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանն ու Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ Կարինե Նալչաջյանը հանդիպեցին ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ:


     Հանդիպմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, պրոռեկտորներ, դեկաններ, դասախոսներ, ուսանողներ:
Ողջունելով հյուրերին` Մ. Մինասյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար` ընգդծելով դրանց դերն ու նշանակությունը ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների համար. «Հազվադեպ են այն դեպքերը, երբ նախաձեռնությունը կամ առաջարկը դրսից է լինում: Սա այդ եզակի դեպքերց է, որի համար անչափ շնորհակալ ենք»:
ՀՀ պաշտտպանության նախարարի խորհրդական հ.գ.թ. Դ. Ջամալյանը հանդիպման ընթացքում, խոսելով հայ-թուրքական հակամարտության ցիկլային բնույթից, անդրադարձավ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը, նրա կարգավորման հեռանկարներին և ուղիներին, այս առումով հայաստանյան ընկալումներին և այդ շրջանակներում գործառվող տերմինաբանությանը, հակառակորդի կողմից պետական սահմանի երկայնքով հեռախուզադիվերսիոն գործողություններին, ինչպես նաև այս գործում ԱրՊՀ դերի և նշանակության մասին:
     Դ. Ջամալյանի կարծիքով «Արցախի պետական համալսարանը` Արցախի մայր բուհը ղարաբաղա-ադրբեջանական կարգավորման հարցում ինովացիոն հետաքրքիր գաղափարներ տվող կենտրոն պետք է լինի»:
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի խոսքով ի հակադրություն թուրքական գիտահետազոտական կենտրոնների կողմից ընդհատակյա հովանավորվող այն քաղաքագետների, ովքեր հակամարտության կարգավորման շուրջ հակահայկական թեզերր են տարածում` գուցե անգիտակցաբար, պետք է աշխատել հայկական ու հայամետ թեզերի ստեղծման գաղափարի մշակման ուղղությամբ` ուշադրություն դարձնելով հատկապես եզրույթների վրա:
«Թուրքիան Հայաստանի նկատմամբ ունեցած հեռավար ձգտումներն իրագործելու համար օգտագործում է Ադրբեջանին, որն ընդամենը թուրքական նախագիծ է: Հետևաբար հակամարտությունից կարելի է դուրս գալ Արցախի ամբողջական տարածքի պահպանման դեպքում միայն: Արցախի զիջումով պատերազմն ավելի իրատեսական կդառնա, քանի որ թուրքական էթնոքաղաքական հարաբերություններին խանգարում է ոչ միայն Արցախը, այլ` հայի գոյությունն առհասարակ»,- եզրափակեց Դ. Ջամալյանը:
Խոսելով էթնոցենտրիզմի, հայրենիքի ու հայրենասիրության և հայրենիքի ընկալման հոգեբանական խնդիրների շուրջ` ընդգծեց գաղափարաբանություն մշակելու խնդիրը, որն, ինչպես հոգեբանը նշեց, սոսկ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» չարենցյան արտահայտությունը չէ: Պետք է զարգացնել այն նորովի մոտեցումներով ու գաղափարներով: «Չթերագնահատելով թշնամուն` պետք է ընդօրինակել նրան այս առումով: Ադրբեջանն ու Թուրքիան մշակված հստակ գաղափարաբանություն ունեն, որ դարձել է ռազմավարություն»,- ասաց Կ. Նալչաջյանը:
     Հանդիպման վերջում ցուցադրվեցին ռեժիսոր Ա. Զաքարյանի «Կինը» և «Անպետքը» կարճամետրաժ ֆիլմերն ու սոցիալական նշանակության հոլովակներ: