Արցախի պետական համալսարան

naxagahakan

 

Դեկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում նշանակալի ներդրում ունեցած մի խումբ անձանց պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Արարողությանը ներկա էին Արցախի հանրապետության նախագահ Բ. Սահակյանը, ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը, վարչապետ Ա. Հարությունյանը, նախարարներ, պաշտոնատար այլ անձինք:

Արարողության ընթացքում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում ակնառու նվաճումների, Արցախի հանրապետության կայացման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, հայրենանվեր քաղաքացիներ դաստիարակելու համար պարգևատրվեցին նաև  ԱրՊՀ մի խումբ գիտաշխատողներ.

Մխիթարյան Արզիկ Մարտիրոսի (հ.գ.թ., պրոֆեսոր, մանկավարժության ֆակուլտետի դեկան)` «Մեսրոպ Մաշտոց» շքանշան,

Ավանեսյան Վալերի Միքայելի (պ.գ.դ., պրոֆեսոր, գիտական աշխատանքների և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր)` «Վաչագան Բարեպաշտ» մեդալ,

Սահակյան Գեորգի Հրանտի (ֆ/մ.գ.թ., դոցենտ, ուսումնական գծով պրոռեկտոր)` «Գիտության վաստակավոր գործիչ»,

Խաչատրյան Ալեքսանդր  Մովսեսի (ֆ/մ.գ.դ., պրոֆեսոր, մաթեմատիկայի ամբիոնի վարիչ)`  «Գիտության վաստակավոր գործիչ»

Գրիգորյան Լենա Սարգսի (բ.գ.թ., պրոֆեսոր, հայ գրականության և լրագրության ամբիոնի դասախոս)`«Վաստակավոր մանկավարժ»,

Թովմասյան Արկադի Վարդանի (մ.գ.թ., պրոֆեսոր, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ)` «Վաստակավոր մանկավարժ»,

Արտո Ռուբենի Առստամյան (ՖԴ ամբիոնի դոցենտ)` դրամական պարգև:

«Մեսրոպ Մաշտոցը մեզ դարերի խորքից բերել է իր տառերի զորագունդը, որը չի փոխարինվել ոչ մի սպարապետի գործնեությամբ: Այսօր մեր բանակը շարունակում է իրականացնել հայապաշտական այն գործառույթը, որ կատարել է այբուբենը` պաշտպանում են մեր հայրենիքի սահմանը, հայեցի դաստիարակության գաղափարը, իսկ ԱրՊՀ-ն իր համեստ ներդրումն է բերում հայապաշտպանության վեհ գործին, և մենք մեզ համարում ենք Մաշտոցի նույն զինվորները, որոնք իրենց տեսնում են գիտության, կրթության խրամատում»,- շնորհակալության և գնահատանքի խոսքում նշեց ԱրՊՀ պրոֆեսոր Ա. Մխիթարյանը:

Մ.գ.թ., պրոֆեսոր Ա. Թովմասյանը, շարունակելով գործընկերոջ միտքն, ասաց, որ «պարգև շնորհի մեջ ամենից առաջ տեսնում են պատասխանատվություն, ինչը պարտավորեցնում է իրենց գիտելիքներն ու կարողությունները այսուհետ առավել նպատակային ու շահագրգիռ ներդնել ի բարօրություն հայրենիքի և սերնդի դաստիարակության»:

Շնորհավորելով ներկաներին`հանրապետության նախագահը շնորհակալություն հայտնեց երկրի կայացման և զարգացման գործում ունեցած ներդրման համար. «Այս պարգևներին դուք արժանացել եք Ձեր երկարամյա և հայրենանվեր աշխատանքի շնորհիվ, իսկ նման աշխատանքը մշտապես գնահատվել է մեր ժողովրդի կողմից, վայելել հասարակության սերն ու հարգանքը: Վստահ եմ, որ այսուհետև կշարունակեք աշխատել նույն նվիրվածությամբ ու եռանդով և այն հստակ գիտակցումով, որ ձեր հաջողությունները նպաստում են հարազատ ժողովրդի բարեկեցության ապահովմանը, հայրենիքի շենացմանն ու  զորացմանը»,-հավաստիացրեց Բ. Սահակյանը: