ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆ-85

23.01

2015

DSC037751

Սարերն ի վեր տարիներս դեպի աստղեր սլացան,

Գագաթների արևի հետ համբուրվեցին հրացայտ,

Հիմա դեպի ձորերը խոր վար են հոսում խենթացած:

Աղաչում եմ, տարիներ'ս, մի քիչ դանդաղ իջե'ք ցած,

Պաղատում եմ, տարինե'րս, մի քիչ դանդաղ իջե'ք ցած…

Ս. Խանյան

 

Հունվարի 22-ին ԱրՊՀ-ում նշվեց բանաստեղծ, թարգմանիչ, հասարակական գործիչ, բ.գ.դ պրոֆեսոր, ԼՂՀ վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանի ծննդյան 85 և գրական գործունեության 65-ամյակը:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԿԳ նախարար Ս. Ասրյանը, ԿԳ փոխնախարար Ա. Սարգսյանը, ԼՂՀ ԳՄ նախագահ Վ. Հակոբյանը, ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, ռեկտորատի անդամներ, հյուրեր, համալսարանականներ:

Միջոցառման առաջին մասում բազմաթիվ ելույթներ հնչեցին հոբելյարի մասին, որոնցում ընդգծվում էր Ս. Խանյան անհատը, բանաստեղծը, հասարակական գործիչը, ընկերն  ու  բարեկամը:

ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, շնորհավորելով գաղափարներով և մտահղացումներով լեցուն,  տակավին երիտասարդ ու եռանդուն գործընկերոջը, արժևորեց Ս. Խանյանի ապրած տարիներն ու կարևորեց նրա դերակատարությունը հատկապես մայր բուհի կայացման և զարգացման գործում ասելով`. «Ս. Խանյանի ապրած 85 տարիները հարուստ ժառանգություն են, որ թողնվում են մեր երկրին, մեր համալսարանին, սերունդներին: Հպարտ ենք, որ Ձեր մայր կոլեկտիվը կոչվելու պատիվն այսօր Արցախի պետական համալսարանինն Է: Իմ և ամբողջ կոլեկտիվի անունից շնորհավորում եմ Ձեզ, մաղթում մնալ այնպիսին, որպիսին այսօր եք»:

Կրթության և գիտության նախարարության անունից շնորհավորելով Ս. Խանյանին` Ս. Ասրյանը վերլուծեց գիտնականի, մանկավարժի և գրողի նրա կերպարը: «Դժվարանում եմ, սակայն, նշել, թե գործունեության որ ոլորտում եք առավել ընդգծվել, քանի որ բոլոր ասպարեզներում փայլել եք բազմաբովանդակ աշխատանքով, ինչը Ձեր ինտելեկտի, աշխատասիրության և կենսասիրության շնորհիվ է»,- ավելացրեց նախարարը:

Ս. Ասրյանը նաև կարդաց ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանի` «Երիտասարդության ուսուցման և դաստիարակության, բարձրագույն կրթության կայացման և զարգացման գործում ունեցած ավանդի, երկարատև գիտամանակավարժական բեղմնավոր աշխատանքի համար և ծննդյան 85-ամյակի կապակցությամբ» ԼՂՀ վարչապետի հուշամեդալով Ս. Խանյանին պարգևատրելու մասին հրամանը և հոբելյարին հանձնեց պարգևը:

«Հեշտ, բայց և դժվար է խոսել Ս. Խանյանի մասին: Հեշտ, քանի որ ասելիք շատ կա, դժվար,  քանի որ մեկ ելույթում անհնար է խտացնել և բազմակողմանիորեն բնութագրել մեր նահապետին»,- իր խոսքում նշեց ԿԳ փոխնախարար Ա. Սարգսյանը:

Միջոցառման գրական-գեղարվեստական մասում հնչեցին Ս. Խանյանի տարբեր տարիների բանաստեղծություններ, նրա բանաստեղծությունների խոսքերի հիման վրա գրված երգեր:

Շնորհավորական խոսքերից հետո ելույթ ունեցավ ինքը` հոբելյարը` խոսքը սկսելով փիլիսոփայական «Հավատու՞մ եք, որ 85 տարեկան եմ» հարցադրմամբ: Հարցադրմանը հետևեցին երկարակեցության և կենսասիրության գաղտնիքների բացահայտումներ: «…Բոլոր ընկերներիս, ուսանողներիս սրտերից մի շող վերցրել և դրել եմ սրտիս մեջ: Սա է գաղտնիքը»,- հավելեց հոբելյարը:

Միջոցառումը եզրափակվեց ԱրՊՀ հիմնով, որի խոսքերի հեղինակը հենց հոբելյարն է: