Արցախի պետական համալսարան

 

122 2

Հունվարի 27-ին ԱրՊՀ ուսանողական պուրակում կազմակերպվել էր ակցիա` ի հիշատակ հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության զոհերի և ի պահանջ պատմական ճշմատության վերականգնման:

 

Ակցիային մասնակցում էին ԱրՊՀ դասախոսներ, ուսանողներ:

ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանի բնութագրմամբ` ակցիան հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվելիք մեծամասշտաբ միջոցառումների մեկնարկն է. «Պատահական չէր ակցիայի կազմակերպման օր ընտրվել հունվարի 27-ը: Այս օրը հրեա ժողովրդի նկատմամբ իրականացվել էր ցեղասպանություն, որը պատմականորեն ստացել է հոլոքոստ անվանումը: Հրեա ժողովրդի ցավը հասու է մեզ, քանի որ XX դարի առաջին ցեղասպանությունը ապրեց հենց հայ ժողովուրդը, իրադարձություն, որ խլեց 1,5 միլիոն հայ կյանքեր>>,- նշեց պրոռեկտորը:

ՈՒՎ նախագահի ելույթն առաջադեմ երիտասարդության գաղափարներն ու արդար պահանջն էր ամփոփում. «Վաղուց ժամանակն է, որ ապրիլի 24-ը դադարի միայն սգո օր լինելուց, քանի որ մենք ոչ միայն սգում ենք 1,5 միլիոն հայերի կորուստը, այլև պահանջատեր ենք ինչպես մարդկային, այնպես էլ տարածքային կորուստների համար», -ասաց Հ. Մնացականյանը:

Մանկավարժության ֆակուլտետի դեկան Ա. Մխիթարյանը ճանաչման և հատուցման կոչերին զուգահեռ նաև դրվագներ ներկայացրեց իր` 18-ամյա աղջնակի հուշերից`պատմելով եղեռնի 50-ամյա տարելիցի օրվա հուշերից. «1965-ին կես միլիոնանոց ամբոխի առջևից տանում էի Ջ. Կիրակոսյանի` հայոց ցեղասպանությանը նվիրված գիրքը, որի համար նույն երեկոյան համակուրսեցիներիս հետ հայտնվեցի ՊԱԿ-ի նկուղներում, սակայն արդեն սկսվել էր մեր ժողովրդի պահանջատիրությունը` պայքար, որ 50 տարի շարունակ բոլորիս հոգու մեջ էր: Այն ժամանակ շատ քչերը գիտեին «գենոցիդ» տերմինի մասին. այն մարդկային բառապաշարի արգելված տերմիններից էր: Անհնար էր այլևս լռել այդ մասին: Հենց այդ ժամանակ էր, որ ուսանողական գաղտնի կազմակերպությունները սկսել էին ընդհատակյա գործունեություն ծավալել,  շնորհիվ այն հայրենասեր և հայրենանվեր դասախոսների, որոնք այն ժամանակ առաջնորդում էին նաև գաղափարապես»,- հավելեց նա:

Ակցիան եզրափակվեց Ս. Խանյանի ելույթով, որում նա ներկայիս սերնդին կոչ էր անում  ավանդույթների ու գաղափարների կրողը լինել և արդար պահանջատերը հայի լինելիության: Ս. Խանյանը ելույթն ավարտեց սևակյան փիլիսոփայությամբ. «Կա'նք, կլինե'նք ու դեռ շատանանք…»:

Ակցիայի մասնակիցները «Ճանաչում և հատուցում» վերտառությամբ  եռալեզու պաստառներ էին պատրաստել, որոնցում հստակ արտահայտում էին իրենց արդար պահանջը` ճանաչել և իրավաբանորեն հատուցել մարդկային և տարածքային այն ահռելի ռեսուրսների կորուստը, որ ունեցել է հայ ազգը: