Արցախի պետական համալսարան

banakbanak1

Հունվարի 28-ին հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ ԱրՊՀ-ում կազմակերպվել էր արիության դաս, որը վարում էր ԼՂՀ ԶՈՒ ԱՀՏԱ բաժնի պետ, ռազմական հոգեբան գնդապետ Ն. Մկրտչյանը:

 

Հանդիպումը բացվեց հայոց բանակի մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ, որը նշանավորեց նաև համալսարանում տեղադրված էկրանների բացումը:

Ն. Մկրտչյանը, շնորհավորելով ներկաներին պատմական կարևոր իրադրության` բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, հերթական անգամ շեշտեց նրա տեղն ու դերը բոլորիս կյանքում. « Սա բոլորիս տոնն է, առիթ է վերստին գիտակցելու, որ եթե յուրաքանչյուրս ինչ-որ չափով մեր հոգու ուժով զորակցենք հայոց բանակին, այն էլ ավելի կամրանա` դրանով իսկ ամրապնդելով ժողովրդի հույսն ու վստահությունը»:

Իր ելույթում գնդապետը ներկայացրեց հայոց բանակի կազմավորման պատմությունը` այն դիտելով իբրև պետականության ստեղծման և գոյության հիմք. « Հայոց բանակի ստեղծումը կապված է հայոց պետականության ստեղծման պատմական իրողության հետ, քանզի պետություն և բանակ հասկացությունները միմյանցից անքակտելի են: Եվ մեկի, և մյուսի համար ամեն ինչի սկիզբը եղավ 1988 թ. փետրվարը` Ղարաբաղի համար պայքարի, պետականության վերականգնման ու բանակի ստեղծման սկիզբը: 1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» արդեն պատմական դարձած որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը»,- նշեց նա:

Հանդիպման վերջում ներկաները մտքերով փոխանակվեցին` քննարկումներ ծավալելով բանակային տարբեր թեմաների շուրջ, որոնց առանցքում Ադրբեջանի` վերջին շրջանում ցուցաբերած ագրեսիվ պահվածքն էր, դրա պատճառներն ու հիմքերը: