ԱրՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ 2013-2014 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

16.02

2015

Հունվարի 30-ին հրավիրվել էր ԱրՊՀ խորհրդի նիստ, որի օրակարգային հարցերը վերաբերում էին ռեկտոր Մ. Մինասյանի` 2013-2014 ուսումնական տարում կատարած աշխատանքների հաշվետվությանը, 2014թ. բյուջեի կատարողականին և 2015թ. բյուջեի նախագծին:

 

Նիստին ներկա էին խորհրդի անդամներ, դասախոսներ, ուսանողներ: Նիստը վարում էր ԱրՊՀ խորհրդի նախագահ, ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը:

Նախքան նիստի մեկնարկը ԱրՊՀ գիտական խորհրդի որոշմամբ Արցախի կրթության և գիտության զարգացման գործում ունեցած ավանդի և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը պարգևատրվել էր ԱրՊՀ բարձրագույն պարգևով՝ «Ոսկե մեդալով»։

Ծննդյան 75-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում ունեցած զգալի ներդրման համար ԼՂՀ վարչապետի հուշամեդալով էր պարգևատրվել բուհի քաղաքաշինության ամբիոնի վարիչ Ռուդոլֆ Իսրայելյանը։ 

 Ներկաները լսեցին Մ. Մինասյանի` 2013-2014 ուս. տարում կատարված աշխատանքների հաշվետվությունը:

Մ. Մինասյանի հաշվետվությունն ընդգրկում էր հաշվետու ժամանակահատվածում համալսարանի կրթական, գիտական, սոցիալ-տնտեսական գործունեությունը, ուսանողների հետ տարվող աշխատանքներն ու համագործակցությունը այլ մարմինների հետ:

ԱրՊՀ ռեկտորի հավաստմամբ` 2013-2014 ուս. տարում համալսարանը շարունակել է իրականացնել իր գլխավոր առաքելությունը` գիտելիքի ստեղծումը, փոխանցումն ու տարածումը: «Կրթության զարգացման պետական ռազմավարության շրջանակներում համալսարանը շարունակել է խթանել իր ուսանողների, դասախոսների մտավոր և անհատական որակների զարգացմանը` իր նպաստը բերելով հանրության տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի բարեկեցության բարձրացմանը»,-իր խոսքում նշեց Մ. Մինասյանը:

Համալսարանի կրթական գործունեության առումով, ըստ հաշվետվության, հատկանշելի է այն, որ մասնագիտությունների ցանկի վերաբերյալ համալասարանի առաջարկությունների հիմքում դրվել են պետական քաղաքականության առաջնահերթությունները, աշխատաշուկայի ուսումնասիրության արդյունքներն ու համալսարանի իրական հնարավորությունները:

Հաշվետու տարում բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 2666, որից առկա բաժնի ուսանողներ են 1469-ը, նրանց 38,9%-ը կամ 571 ուսանող ընդգրկված է անվճար ուսուցման համակարգում: Մագիստրատուրայում սովորողների թիվը կազմել է 547, որից առկա բաժնումեն սովորում 435 կամ 79,5%, նրանց 58,94%-ը կամ 256 ուսանող ընդգրկված է անվճար ուսուցման համակարգում: ԱրՊՀ ասպիրանտների թիվը 44 էր, առաջին կուրսի ասպիրանտների թիվը` 3. «Ընդհանուր առմամբ նկատելի է ուսանողների թվի կայուն նվազման միտում. այսպես, 3 տարի առաջ ունեցած 4159 ուսանողների փոխարեն հաշվետու ժամանակահատվածում ունենք 3260-ը կամ` 22%-ով պակաս»,- նշեց Մ. Մինասյանը:

Գիտական գործունեության առումով համալսարանի հիմնական նպատակը շարունակում է մնալ նրա գիտական ներուժի ուղղորդումը տնտեսության զարգացմանն ու հասարակության բարեկեցության բարձրացմանը, ինչպես նաև դասախոսների ներգրավումը հետազոտական աշխատանքներում:  Ռեկտորը սակայն խոստովանում է.  «Այս բնագավառում հաջողություններն ավելի քիչ են, քանի որ գիտությունը կարծես երիտասարդ կադրերին չի հրապուրում, տնտեսությունից առանձին պատվերներ չենք ստանում»:

Այնուամենայնիվ հետաքրքրական փաստեր այստեղ ևս արձանագրելի են. համալսարանը շարունակում է փորձեր կատարել աշխատանքի հնարավորության և դասախոսի գիտական աստիճանից կախված աշխատավարձի բարձրացման, գիտական կոչումների և տարակարգային առաջխաղացման գործընթացների խստացման և ԲՈՀ-ի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Ռեկտորն, անդրադառնալով վերոհիշյալին, նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ԱրՊՀ դասախոսները հրատարակել են 184 գիտական աշխատանք, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Զգալի են աշխատանքները համագործակցային առումով: Համագործակցության պայմանագրեր են ստորագրվել հայկական 12 առաջատար բուհերի հետ, ևս 2-ը` ՌԴ բուհերի հետ: Ակտիվացել է նաև համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ: Անընդհատ և հետևողական աշխատանք է կատարվել հասարակայնության հետ կապերի արդյունավետ զարգացման, ԱրՊՀ վարկանիշի և հեղինակության բարձրացման ուղղությամբ:

ԱրՊՀ գործունեության առանցքային դրույթը, ըստ ռեկտորի, շարունակում է մնալ պատասխանատվությունը ուսանողների հանդեպ. «Մենք խնդիր ունենք ուսանողի մոտ հետազոտական ու ստեղծագործ աշխատանքի ունակության, քննադատական ու վերլուծական մտածողության զարգացման առումով: Ուսանողությունը այսօր, դժբախտաբար, սևեռված է գնահատման և ոչ նորարարական և ուսանողամետ ուսուցման համակարգի ուղղությամբ»,- ասաց Մ. Մինասյանը:

Տարին հագեցած է եղել ավանդական և նորարարական բազմաբնույթ միջոցառումներով` ուսանողական գիտաժողովներ, մարզամշակութային միջոցառումներ, երդման արարողություն, արիության դասեր, ծանոթության երեկոներ, տարբեր ձևաչափերով անցկացված տարաբնույթ հանդիպումներ պետական և հասարակական գործիչների հետ և այլն: Աննախադեպ էին ամառային արձակուրդների ժամանակ կազմակերպված միջոցառումները` մի խումբ ուսանողների ուղևորություն դեպի Արևմտյան Հայաստան, ամառային դպրոցների և ճամբարների կազմակերպում, մասնակցություն միջազգային համաժողովներին ու գիտաժողովներին, ունիվերսիադաներին, նաև «Բազե-2014»-ին: Միջոցառումներ են կազմակերպվել նաև ներհամալսարանական և ներֆակուլտետային մակարդակով:

Ուսումնական տարվա ընթացքում ուսման մեջ ունեցած հաջողությունների, օրինակելի վարքի, միջոցառումներին ցուցաբերած ակտիվ մասնակցության և այլնի համար ուսանողներն արժանացել են դրամական պարգևների, պատվոգրերի, շնորհակալագրերի:

«Մշտապես բուհի ուշադրության կենտրոնում են եղել ու մնում են համալսարանականների սոցիալական վիճակի բարելավման խնդիրները: Այս առումով նյութական օգնություն է ցուցաբերվել կարիքավոր ուսանողներին և աշխատակիցներին` դրան հատկացնելով ռեկտորի ֆոնդի 90%-ից ավելին»,- նշեց ռեկտորը` անդրադառնալով համալսարանի  սոցիալական քաղաքականությանը:

Համաձայն հաշվետվության` հետևողական աշխատանքներ են իրականացվել նաև  տնտեսական և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում. կատարվել են բարեկարգման և վերանորոգման աշխատանքներ տարբեր մասնաշենքերում, ձեռնարկվել են միջոցառումներ նյութատեխնիկական բազայի հարստացման ուղղությամբ, բարելավվել են ներքին տեղեկատվական ցանցի աշխատանքները, ձեռք են  բերվել ժամանակակից սարքավորումներ և այլն:

Անդրադառնալով ֆինանսական կողմին` ռեկտոր Մ.Մինասյանը նշեց, որ 2014թ. բյուջեի նախահաշիվը կատարվել է 95,1%-ով: «Ընդհանուր առմամբ 100%-ին մոտ կատարողական ունենք աշխատավարձի, կրթաթոշակի, տրանսպորտային պահպանման և ապահովագրության ծախսերի գծով, էականորեն ցածր է ոչ նյութական հիմնական միջոցների (21,3%), գործուղումների (23,9%), ընթացիկ և կապիտալ նորոգման (49,1%), այլ ծախսերի (54,3%), տեղեկատվական ծառայությունների (55,3%) ծախսերի կատարողականը: Դատելով իրականացված ծախսերի կառուցվածքից` ակնհայտ է, որ մեր բյուջեն զարգացող համալսարան ունենալու երաշխիք չի տալիս»,- եզրափակեց  ռեկտորը:

Ռեկտորի հաշվետվությանը հետևեցին ԱրՊՀ հաշվապահ Ն. Իսրայելյանի` 2014թ. բյուջեի կատարողականի ու 2015թ. բյուջեի նախագծի մասին հաշվետվությունները, գիտական գծով պրոռեկտոր Գ. Սահակյանի և ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանի, ԿՈԱ և ՄՀ բաժնի  վարիչ Հ. Մինասյանի ելույթները, որոնք վերաբերում էին ուսումնական նույն տարում իրենց կողմից իրականացված աշատանքներին ու դրանց վերլուծությանը:

Լսելով և քննարկելով ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանի` 2013-2014թ. կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը` խորհուրդը բավարար գնահատեց ԱրՊՀ 2013-2014 ուս. տարվա գործունեությունը, ի գիտություն ընդունեց 2014 ֆինանսական տարվա արդյունքների մասին գլխավոր հաշվապահ Ն. Իսրայելյանի հաշվետվությունը և հաստատեց ԱրՊՀ եկամուտների և ծախսերի մասին նախահաշվի նախագիծը:

Ամփոփելով նիստը`ԱրՊՀ խորհրդի նախագահ, ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը անդրադարձավ հաշվետվության որոշ դրույթներին, պարզաբանեց զեղչերի, կրթաթոշակների, աշխատավարձերի, աշխատատեղերի, պետական ֆինանսավորման և մի շարք այլ հարցեր: