Արցախի պետական համալսարան

23

    

 
      Փետրվարի 23-ին ԱրՊՀ-ում կազմակերպվել էր միջոցառում` նվիրված Հայրենյաց պաշտպանի տոն օրվան: 
Միջոցառմանը ներկա Էին ԼՂՀ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ գեներալ-մայոր Վ. Բալայանը, Հայրենական պատերազմի և աշխատանքի վետերանների հանրապետական միության նախագահ Ս. Բարսեղյանը, վետերաններ, ազատամարտիկներ, սպաներ, զինծառայողներ, համալսարանականներ, նրանք նախ  ծաղիկներ խոնարհեցին ԱրՊՀ զոհված ազատամարտիկների հուշակոթողին:
        Բացելով միջոցառումը` ԱրՊՀ ՆԶՊ և ՖԴ ֆակուլտետի դեկան Շ. Այդինյանը փոքրիկ ակնարկ կատարեց` ներկայացնելով արցախցու դերն ու ներդրումը Հայրենական պատերազմում և Արցախյան ազատամարտում. <<Հայ ժողովրդի պատմությունը բազում դարերի մաքառումների, պանծալի հաղթանակների ու ցավալի պարտությունների պատմություն է: Եվ բնական է, որ այդ հաղթանակների ու պարտությունների բովում պետք է ծնունդ առներ զորական մի ուժ` հայոց բանակը: 
Հիրավի, երջանիկ ենք, քանի որ այսօր կողք կողքի նստած են հաղթանակած երեք սերունդ` Հայրենական մեծ պատերազմի ու  արցախյան ազատամարտի վետերանները և մեր ամենօրյա անդորրը պահպանող զինվորը: Փետրվարի 23-ը ավագ սերունդը հիշում է որպես խորհրդային բանակի և ռազմածովային ուժերի օր, ուստի շնորհավորենք հաղթանակած երեք սերունդներին էլ տոն օրվա կապակցությամբ>>:
   Հայրենական պատերազմի և աշխատանքի վետերանների հանրապետական խորհրդի անունից հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսք ասաց  նախագահ Ս. Բարսեղյանը  և հավելեց. <<Պարտավորված եղեք ժառանգած - ազատագրված հայրենիքը առավել հզորացած թողնելու գալիք սերունդներին>>:
Ներկաներից ազատամարտիկ Ա. Շեկյանը Ազատամարտիկների միության անունից շնորհավորեց տոնի կապակցությամբ, դրվագներ ներկայացրեց Արցախյան գոյամարտից և , իբրև ընդհանրացում, հետևյալ համոզմունքը հայտնեց. <<Եթե ամբողջ աշխարհը դրախտ լիներ, Արցախը` դժոխք, կնախընտրեի դժոխքը>>: 
     Անդրադառնալով 2014թ. հուլիս-օգոստոս և 2015թ. հունվար ամիսներին հայ-ադրբեջանական շփման գծում առաջացած լարվածությանը` ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Վ. Բալայանն իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց ԱրՊՀ-ին՝ գիտակից ուսանողներ կրթելու և դաստիարակելու համար. <<Այդ օրերին հպարտությամբ էինք լցվել` տեսնելով, թե ինչպես է ներկայիս սերունդը պաշտպանում սահմանը, ինչպիսի թափով է հակահարված հասցնում հակառակորդին, հետ շպրտում հետախուզադիվերսիոն խմբերին: Հպարտ էինք, քանի որ արժանի փոխարինողների էինք տեսնում նրանց մեջ, քանի որ համոզված ենք, որ հայը շարունակելու է իր հողի տերը լինել և թույլ չի տալու տարածքային անգամ չնչին  կորուստ>>:
    ԱրՊՀ ՈՒԽ և <<Հայրենյաց պաշտպան>> ԵԿ նախագահ Հ. Մնացականյանի խոսքով հայրենիքի պաշտպան է նախ և առաջ այն մայրը, ով ծնում և դաստիարակում է, այն ուսուցիչը, դասախոսը, որը կրթում է: Նա շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց հատկապես ազատամարտիկ դասախոսների.<<Մենք` երիտասարդներս, ձեր արժանի զավակներն ենք և ձեր գործի շարունակողները:
     Միջոցառման ընթացքում ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը բարեխիղճ ծառայության և օգոստոսյան լարված օրերին կամավոր դիրքեր մեկնելու համար շնորհակալագրեր հանձնեց մի խումբ ուսանողների:
     Հայրենյաց պաշտպանի օրվան նվիրված միջոցառմանը մասնակցում էին նաև ՊԲ <<Ասպետ>> ու <<Արցախի ձայներ>> համույթները, որոնց հայրենասիրական կատարումները ոգևորող էին: