Արցախի պետական համալսարան

10306755 332710433605086 6529522398025348129 n  

Մեր շուրջը լեզուներ նոր ու հին,
Մեր շուրջը խոսում են այլորեն,
Եկ խոսենք, եղբայր իմ, հայերեն:
Կուլ չերթանք այս ահեղ լափումին,
Թույլ չտանք մեր լեզուն ավերեն,
Եկ խոսենք, միշտ խոսենք հայերեն:

 ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

Փետրվարի 21-ն ամբողջ աշխարհում նշվում է իբրև Մայրենիի օր: Այն, որպես միջազգային տոն, հռչակվել է 1999 թ. նոյեմբերին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Նպատակը լեզվական, մշակութային բազմազանությանն ու բազմալեզու մշակույթների զարգացմանն ու պահպանմանը նպաստելն է:

Տոնի կապակցությամբ ԱրՊՀ հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի կողմից կազմակերպվել էր գրական-երաժշտական միջոցառում, որին ներկա էին ԼՂՀ ԿԳ նախարար Ս. Ասրյանը,  փոխնախարար Ա. Սարգսյանը, ԼՊՏ պետ Ա. Ղուլյանը, ԱրՊՀ ռեկտոր  Մ. Մինասյանը, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր: 

Միջոցառումը առիթ էր ևս մեկ անգամ խոսելու մայրենի լեզվի մասին, արժևորելու նրա տեղն ու դերը ժողովրդի հարատևման, ազգայինի պահպանման, հայեցի դաստիարակության ճանապարհին:

Բացելով միջոցառումը` ռեկտոր Մ. Մինասյանը մեջբերեց Աղայանի` բոլոր ժամանակների համար գրված այն խոսքերը, թե  «բավական չէ լինել ազգասեր, հայրենասեր, պետք է լինել նաև լեզվասեր, սիրել ու պաշտել հարազատ մոր հարազատ լեզուն, որի շնորհիվ միայն կարող է մեր առջև բացվել լեզվի անհատնում ճոխությունն ու նրբություն: Մ. Մինասյանն իր խոսքն ավարտեց հետևյալ կերպ. «Չնայած «Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես» ասացվածքը խիստ արդիական է նաև մեր օրերում, այնուամենայնիվ յուրաքանչյուրս պարտավոր ենք մտածել և ապրել հայերեն»:

Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Հ. Ղազարյանը իր ելույթում անդրադարձավ վերջին շրջանում մայրենիի հանդեպ խիստ ընդգծված մեղանչումներին: Իր ելույթում նա մասնավորապես նշեց. «Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում կան սրբություններ, որոնք կարող են լինել նման կամ տարբեր. մայրենին այն սրբությունն է, որ ընդհանուր է բոլորի համար, ուստի եկեք ջանք ու եռանդ չխնայենք պայքարելու հայերենի իմացության, պահպանության ու պաշտպանության, նրա անաղարտության, զարգացման ու տարածման համար: Եկեք մեր օջախներում գորովանքը, մաղթանքը, օրհնանքը հնչեցնենք հայերեն, եկեք մեր «բարի լույսը»  սկսենք հայերենով ու «բարի գիշերն» ավարտենք հայերենով: Այնպես որ, տասը լեզու իմացեք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք» :

Միջոցառման ընթացքում հնչեցին մայրենիին ձոնված բանաստեղծություններ, ինչպես նաև ազգային երգերի ու պարերի մի ամբողջ շարան, ցուցադրվեց հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի մասին պատմող տեսանյութ:

Տոնը նշանավորվեց նաև պարգևատրումներով. ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանի  հրամանով «Բարեխիղճ աշխատանքի համար» պատվոգրով պարգևատրվեցին հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոսներ և մի խումբ ուսանողներ: