ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ-150

26.02

2015

SAM 1825ozanyan

ԱՆԴՐԱՆԻԿՆ ԻՐ ԱԶԳԻ ՆՄԱՆ ԲԱՐԴ ԷՐ, ՀԱԿԱՍԱԿԱՆ…

Փետրվարի 25-ին Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ ԱրՊՀ-ում կազմակերպվել էին օզանյանկանա ընթերցումներ:

 ԱրՊՀ պատմության ամբիոնի և հայագիտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված օզանյանական ընթերցումներին մասնակցում էին ինչպես դասախոսներ, այնպես էլ ուսանողներ, ովքեր զեկուցման համար ընտրել էին այնպիսի թեմաներ, որոնք ամբողջացնում էին  զորավարի կերպարն ու գործը:
ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը բացման խոսքում կարևորեց նմանատիպ միջոցառումները ինչպես հայազգի նշանավորների գործին հերթական անգամ անդրադառնալու, այնպես էլ սերնդի դաստիարակության, ազգային արժեքներ սերմանելու առումով: ԱրՊՀ ռեկտորը նաև մեջբերեց Ա. Օզանյանի  կտակից մի փոքրիկ հատված, որն, ըստ ռեկտորի, ամբողջացնում է Անդրանիկի կերպարը. «…Եթե կուզեն ինձ պատիվ մը անել, ես իմ արձանս չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր: Թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ փոքրիկ ուսումնարան մը շինե հայ մանուկների համար: Այս է իմ ամբողջ բաղձանքս և բարոյական պահանջս հայ ժողովուրդեն»:
 
Բ.գ.դ., պրոֆեսոր Ս. Խանյանն «Անդրանիկ Օզանյանը և Հովհաննես Թումանյանը»  զեկույցում հետաքրքիր դրվագներ ներկայացրեց խոսքի և զենքի երկու հանճարների հանդիպումներից, նրանց հուշերից, զրույցներից, որոնք, բանախոսի բնորոշմամբ, հանդիսանալու են սրբազնագույն դաս ու ազդակ ապագա սերունդների համար:
Անդրանիկին, իբրև զինվորական տեսաբանի, ներկայացրեց հ.գ.թ. Վ. Յարամիշյանը: Նա, հիմք ունենալով զորավարի «Մարտական հրահանգներ» գրքույկը, ընդգծեց Անդրանիկի  մեծ տաղանդի ներդրումը զինվորական առօրյայի և, հատկապես,  ռազմական գործողություններ կազմակերպելու և այն հաջողությամբ ու նվազագույն կորուստներով իրականացնելու գործում: Վերհիշելով  նաև    նրա խորհուրդները զենքի և հագուստի ընտրության, խմբապետի ու նորակոչիկի հարաբերության, սննդի ու ծառայության պայամնների վերաբերյալ՝ Վ. Յարամիշյանն ամբողջացրեց զորավարի` ռազմարվեստի վերաբերյալ խորհրդածություններն ու վերլուծությունները:
«Իբրև անհատ, Անդրանիկն իր ազգի նման բարդ էր, հակասական. անզիջում էր, երբ խոսքը վերաբերում էր սկզբունքներին, դաժան էր, երբ խախտվում էր զինվորական կարգապահությունը կամ ականատես էր լինում անսիրտ վերաբերմունքի»,- նշեց պ.գ.դ., պրոֆեսոր Ա. Վարդանյանը` հանդես գալով Անդրանիկ Օզանյանի գաղափարական հայացքների արդիական նշանակության մասին զեկույցով:
Զեկույցներով  հանդես եկան նաև  պատմության  և  գրականության  բաժնի  ուսանողները:
«Ռազմաքաղաքական կյանքի բոլոր էտապներում Անդրանիկի նպատակը մեկն է եղել` հայոց ազատագրական պայքարը հասցնել իր հաղթական ավարտին, Հայաստանը ազատագրել բռնակալների ճիրաններից, ստեղծել հայկական անկախ ու ազատ պետականություն: Անդրանիկի բաղձանքի մի մասն իրականացել է` ստեղծվել է Հայաստանի երրորդ հանրապետությունը: Սակայն այդպես էլ չիրականացավ նրա գլխավոր ցանկությունը` Արևմտյան հայաստանի ազատագրումը, որի կապակցությամբ հերոսն ասել է` «Գործս կիսատ մնաց»,- նշեց պատմության բաժնի ուսանողուհի Վ. Աղաբեկյանը:
Օզանյանական ընթերցումներն եզրափակվեցին զորավարի կյանքի ու գործունեության մասին պատմող փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությամբ: