ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱրՊՀ-ՈՒՄ

12.03

2015

asryan

Մարտի 12-ին ԱրՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ղեկավար կազմի,  մի խումբ ուսանողների և դասախոսների հետ հանդիպել է ԼՂՀ կրթության և գիտության նախարար Ս. Ասրյանը: 

Հանդիպմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, պրոռեկտորներ, ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ներկայացուցիչներ:

ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը շնորհակալություն հայտնեց Ս. Ասրյանին հրավերն ընդունելու համար և կարևորեց նման հանդիպումները հատկապես պետական քաղաքականության առումով:

Ս. Ասրյանի խոսքն առավելապես վերաբերում էր բուհում բնագիտական առարկաների դրվածքին, ֆունդամենտալ առարկաների որակական զարգացմանը, մասնագետներ պատրաստելուն, այս ուղղությամբ պետության կողմից իրականացվող առաջընթաց ծրագրերին և այլն:

Անդրադառնալով ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դիմորդների քանակի ակնհայտ նվազմանը` նախարարն այն պայմանավորեց բուհի նույն մասնագիտությամբ ոչ լիարժեք պատրաստված շրջանավարտներով: Այսինքն` «բուհը թողարկում է թույլ մասնագետ, որը աշխատանքի անցնելով դպրոցում, ի վիճակի չի լինում ապահովելու բազա, որի վրա հիմնվելով աշակերտը կկարողանաշարունակել ուսումը»:

Ս. Ասրյանը բարձր գնահատեց ֆակուլտետի նախաձեռնողականությունը հանրապետության տարբեր շրջաններում հանդիպումներ կազմակերպելու և Ծմակահողում ամառային դպրոցի հիմնադրման համար, որն այժմ շարունակում է գործել իբրև կիրակնօրյա դպրոց: «Սա լավագույն հնարավորություններից է ուսանողների` գործնականում ինքնադրսևորվելու, ինչու չէ` ֆակուլտետի համար պոտենցիալ ուսանողներ ունենալու համար»,- նշել է նախարարը:

Ս.. Ասրյանը անդրադարձավ նաև հանրակրթական ծրագրերին, ուսումնական պլաներին, օտար լեզուների դրվածքին, ապա պատասխանեց ուսանողների և դասախոսների հարցերին, որոնք վերաբերում էին նյութատեխնիկական բազայի հմալրմանը, փորձաքննական լաբորատորիաների աշխուժացմանը, գրադարանային ֆոնդի համալրմանը, հետբուհական կրթության որոշ մանրամասների, մանկավարժական պրակտիկային, աշխատատեղերին և այլն: Հնչած հարցերին, առաջարկություններին, մտահոգություններին ու խնդիրներին նախարարը խոսստացավ անդրադառնալ և լուծում տալ առաջիկայում: