Արցախի պետական համալսարան

3889 b

Մարտի 12-ին ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի մի խումբ դասախոսներ և ուսանողներ` ռեկտոր Մ. Մինասյանի գլխավորությամբ կառավարությունում հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի հետ:


Ա. Հարությունյանն ուսանողներին ներկայացրել է գլոբալ տնտեսական իրադրությունն ու միտումները՝ անդրադառնալով դրանց ազդեցությանը ՀՀ և ԼՂՀ տնտեսության վրա: Կառավարության ղեկավարն ընդգծել է  նաև համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական զարգացումների ազդեցությունը Արցախի տնտեսության վրա: 
«Եթե 2015 թվականը տնտեսական թռիչքային տարի էինք կանխատեսում, ապա աշխարհում և հետխորհրդային տարածքում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական զարգացումները և դրանց բացասական անդրադարձը մեր տնտեսության վրա հուշում են, որ չենք ունենալու կանխատեսված արդյունքները՝ չնայած վստահ եմ պլանավորված պետական բոլոր ծրագրերի իրականացման մեջ»,- նշել է վարչապետը:

Պատասխանելով ուսանողների հարցերին, վարչապետը ներկայացրել է որոշ մանրամասներ տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ: 

Ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին հետաքրքիր հանդիպման համար և վստահություն հայտնել, որ ուսանողների հետ հանդիպումները պարբերական բնույթ կունենան:

Հանդիպման վերջում Ա. Հարությունյանն ուսման մեջ ցուցաբերած առաջադիմության համար տնտեսագիտության 3-րդ կուրսի ուսանող Միհրան Թադևոսյանին  նվիրեց դյուրաշարժ համակարգիչ` հորդորելով գիտելիքների զարգացման ճանապարհին օգտվել համացանցի ընձեռած հնարավորություններից: