Արցախի պետական համալսարան

 \444 2121212121

Մարտի 17-ին ԱրՊՀ մի խումբ ուսանողների և դասախոսների հետ հանդիպում է ունեցել ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Ս. Շահվերդյանը:

Հանդիպմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, դասախոսներ, ուսանողներ:

Ողջունելով ռեկտոր Մ. Մինասյանի` ուսանողների հետ հանդիպելու առաջարկը` Ս. Շահվերդյանը նման հանդիպումները որակեց իբրև հաճելի և միևնույն ժամանակ փոխշահավետ:

Ինտերակտիվ շփում ապահովելով դահլիճի հետ` Ս. Շահվերդյանը ներկայացրեց իր ղեկավարած կառույցը, նրա ներքին և արտաքին գործունեությունը, խնդիրներն ու նպատակները: Կառույցի գործունեության առանցքային նպատակը, ըստ նրա, զբոսաշրջային ոլորտի ենթակառուցվածքների և երկրի բնապահպանական հեղինակության ձևավորումն է, որի ուղղությամբ հատկապես արտաքին շուկաներում տարաբնույթ աշխատանքներ են իրականացվում վարչության կողմից: Այս առումով վարչության պետն առանձնացրեց ԼՂՀ մասնակցությունը զբոսաշրջային խոշոր ցուցահանդեսներին, որը դժվարություն է առաջացնում չճանաչված լինելու պատճառով և որի աշխատանքներին խոչնդոտում է Ադրբեջանը:

 Ս. Շահվերդյանի կարծիքով ԼՂՀ զբոսաշրջային քարոզչության համար այս հարթակն ամենահարմարն է, քանի որ, ըստ էության, այն հենց երկրի քարոզչությունն է. «Կարծում ենք նմանատիպ քարոզչության շնորհիվ է ապահովվել զբոսաշրջիկների մոտ 40% աճ: Եթե համեմատենք միջազգային ցուցանիշների հետ, ապա սա գրեթե ռեկորդային ցուցանիշ է, քանի որ աշխարհում աճի միջին ցուցանիշը կազմում է 20%: Այս ցուցանիշն էլ իր հերթին հանգեցրել է նրան, որ նախորդ տարի միայն միջազգային զբոսաշրջությունից պետբյուջեի մուտքերը կազմեն  6,5 մլն. դոլլար»:

Խոսելով ներքին քաղաքականության մասին, կառույցի պատասխանատուն առանձնացրեց զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակների ստեղծումը, որը զարգացման կայուն ուղի ընտրած երկրի ցուցանիշ է, զբոսաշրջային այցելության վայրերի ցանկի ընդլայնումը, խորհրդարանի կողմից ընդունված որոշման մեջ փոփոխություններ մտցնելը և այլն:

«Զբոսաշրջային այցելության վայրերի ցանկի ձևավորումը մեր կողմից որդեգրված քաղաքականության հիմնական նպատակներից է: Այն նպաստել է զբոսաշրջիկի գիշերակացի տևողության երկարացմանը, ինչի շնորհիվ ինքնստինքյան ավելացրել է եկամուտները: Եթե 2-3 տարի առաջ գիշերակացի միջին տևողությունը 2,5 էր, ապա այսօր արդեն նվազագույնը 4 է, ինչը ենթադրում է կրկնակի եկամուտ»,- նշեց Ս. Շահվերդյանը:

Հանդիպման երկրորդ կեսին Ս. Շահվերդյանը պատասխանեց ներկաների` ոլորտի գործունեության վերաբերող հարցերին: Ուսանողներին հետաքրքրում էր նաև մասնագետների պահանջի աճի և այդ ուղղությամբ վարչության քաղաքականության հարցը, որին ի պատասխան կառույցի պատասխանատուն նշեց, որ ոլորտում մասնագետների ընդգծված պահանջարկ կա, սակայն թողարկված շրջանավարտներն այնքան էլ չեն համապատասխանում առաջարդված պահանջներին: Նա առաջարկեց վերանայել մասնագիտության բնույթն ու, տուրիստական գործակալության կառավարչի փոխարեն, պատրաստել ԼՂՀ զբոսաշրջության արդի պահանջներին համապատասխան մասնագետներ:

Հարցին, թե ինչպիսի վարքագիծ ընտրի ժամանակակից ուսանողը  հայրենի հողին կառչելու և հենց այստեղ կայանալու համար,  Ս. Շահվերդյանը պատասխանեց. «Այստեղ գաղտնիք լինել չի կարող: Պետք է ընդամենը ինքնակազմակերպվել,  ցուցաբերել նախաձեռնողականություն, ունենալ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում` սեփական կարծիք և անպայման բարձրաձայնել այն»: