Արցախի պետական համալսարան

ashotyanash 1

 Մարտի 23-ին ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանը ԱրՊՀ-ում հանդիպում է ունեցել հանրապետության կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների և մի խումբ ուսանողների հետ:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԿԳ նախարար Ս. Ասրյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր Գ. Գալստյանը, ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, հանրապետության գիտական և կրթական ոլորտի պատասխանատուներ, ուսանողներ: 

ԼՂՀ ԿԳ նախարար Ս. Ասրյանը ողջունելով Ա. Աշոտյանի` պարբերական դարձած հանդիպումները Արցախի մայր բուհում` ներկայացրեց կրթության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցության կարևորությունն ու դրանց արդյունքները: Այս շարքում Ս. Ասրյանն առանձնացրեց անցյալ տարի գործընկերոջ անմիջական ջանքերով «Կրթությունը առանց խտրականության Բոլոնիայի համտեքստում» միջազգային խորհրդաժողովը, որի արդյունքում ընթացքավորվել է Արցախի` այդ գործընթացին մասնակցելու համար ներկայացված   հայտը: Նախարարը առանձնացրեց նաև այնպիսի միջոցառումներ, որոնք ենթադրում էին նյութատեխնիկական և մեթոդական աջակցություն, միջբուհական համագործակցություն, նորագույն տեխնոլոգիաների ներդրում և այլն: 

 Շարունակելով ԼՂՀ` Բոլոնիայի գործընթացին անդամակցելու հայտի մասին թեման` ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը շեշտեց այն հանգամանքը, որ այն աննախադեպ երևույթ էր միջազգայնորեն չճանաչված պետության համար, որի հիմքում ընկած է կազմակերպական և բովանդակային հսկայածավալ աշխատանք: «Ելնելով միջազգային քաղաքական իրավիճակից` այս պահին խոսել անդամության մասին, այնքան էլ իրատեսական չէ: Սակայն երևութային է հենց հայտի փաստը և կրթության ընկալումը` որպես մարդու հիմնարար ազատության իրավունքի դրսևորում` անկախ քաղաքական և իրավական խնդիրներից»,- նշեց Ա. Աշոտյանը: 

 Նախարարը անդրադարձավ նաև այնպիսի խնդիրների, ինչպիսիք են հանրակրթության մասին օրենքը, հանրակրթական ծրագրերի բովանդակության վերանայումը, 12-ամյա պարտադիր կրթությունը,  կրթության որակի ապահովումը, մանկավարժների վերապատրաստումը, սոցիալական մի շարք ծրագրերի իրականացումը, կրթության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները և այլն: 

 Ա. Աշոտյանը պատասխանել է նաև ներկաների` ոլորտում առկա խնդիրների, առաջիկա բարեփոխումների,  բուհական և հետբուհական կրթության, ուսման վարձավճարների ու զեղչային համակարգի, ուսանողների փոխանակման, պարտադիր ժամկետային ծառայություն անցած ուսանողների խրախուսման, բոլոնյան համակարգի որոշ դրույթների, կրթության միջազգային փորձի, գնահատման մեխանիզմի և այլնի վերաբերյալ հարցերին:

 Հանդիպման վերջում ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը շնորհակալություն հայտնեց Ա. Աշոտյանին կրթական համակարգում տեղի ունեցող զարգացումների և բարեփոխումների մասին առաջին ձեռքից տեղեկանալու և հուզող հարցերի բարձրացման հնարավորության համար: Ռեկտորը նշեց, որ մայր բուհում կա գիտակցում և ցանկություն` ետ չմնալ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից, որոնց մասնակիցը դառնալու համար ԱրՊՀ-ն զգում է ՀՀ համապատասխան ոլորտի աջակցության  կարիքը: 

 ash 2